Ալիևը հոխորտում է գրավել Երևանը, Սևանը և Զանգեզուրը | online-tv.am
loading...

Ալիևը հոխորտում է գրավել Երևանը, Սևանը և Զանգեզուրը

Ալիևը հոխորտում է գրավել Երևանը, Սևանը և Զանգեզուրը

18:38 20.03.2015

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ խոստանալով ոչ միայն հետ վերցնել «օկուպացված տարածքները», այլև հասնել մինչև «հնագույն ադրբեջանական հողեր»՝ Երևան, Սևան և Զանգեզուր:

«Ես միանգամայն համոզված եմ, որ մենք կհասնենք ցանկալիին, կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը: Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով: Դրանից հետո մենք՝ ադրբեջանցիներս, իհարկե, կվերադառնանք մեր հնագույն հողերը՝ և՛ Իրավան (Երևան-խմբ), և Գեյչա (Սևան-խմբ.) և Զանգեզուրի շրջան»,- ասել է Ալիևը Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ իր ելույթում:

Ալիևը համոզված է, որ դրանք բոլորը ադրբեջանական հողեր են և նոր սերունդը պետք է իմանա դրա մասին: «Դրանք բոլորը մեր հողերն են: Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը ոչ միայն այսօրվա անկախ Ադրբեջանի հողերն են:  Մենք պե՛տք է վերադառնանք և կվերադառնանք այդ հողերը: Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի այդ օրը մոտենա»,- ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը:

Շարունակելով իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ Ալիևն իր ժողովրդին հավաստիացրել է, որ «այսօր ադրբեջանական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում»: «Մենք պետք է ավելի ուժեղանանք: Պետք է ավելի ուժեղ բանակ ունենանք: Բանակի շինարարությունն այսօր մեր հիմնական խնդիրն է: Ուստի այդ նպատակի համար հատկացվում է այնքան միջոց, որքան անհրաժեշտ է: Այսօր ադրբեջանական բանակը պատրաստականության, տեխնիկական հագեցվածության, սպառազինության տեսանկյունից աշխարհի ամենաառաջատար բանակներից է»,- պարծեցել է Ալիևը:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ Ադրբեջանի նախագահը շփման գծում լարվածության պատասխանատվությունը բարդել է Հայաստանի վրա, քանի որ «իրենք միշտ զսպվածություն են ցուցաբերում և հավատարիմ են միջազգային իրավունքին»:

«Ինչպես գիտեք, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին պետությունների ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահ-երկրների բարձրաստիճան անձինք ջանքեր գործադրեցին, անցկացվեց երեք հանդիպում: Վերջին հանդիպումը՝ Փարիզում, ըստ երկու կողմերի էլ, հաջող էր անցել: Սակայն այդ հանդիպումից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ Հայաստանը հերթական սադրանքին դիմեց: Աղդամում, օկուպացված հողերում սկսվեցին լայնածավալ ռազմական զորավարժություններ, որպեսզի մեզ նորից ներգրավեն սադրանքում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ իրենք «չէինք ցանկանում սադրանքի դիմել, քանի որ հավատարիմ են միջազգային պարտավորություններին»:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում իրենք իրենց «շատ զուսպ պահեցինք», բայց «թշնամին այլ կերպ մեկնաբանեց մեր վարքը և գրոհեց մեր դիրքերը»: Նման դեպքում, նրա խոսքով, «բնական է, ադրբեջանցի զինվորը, սխրանք ցուցաբերեց և ոչնչացրեց թշնամական ուղղաթիռը»:

Իր ամբողջ խոսքը կառուցելով «վրեժ լուծելու» գաղափարի վրա՝ Ալիևը հայկական կողմին մեղադրում է այն բանում, որ ուղղաթիռի կործանումից հետո հայ բարձրաստիճան պաշտոնյաները «ֆաշիստական» հայտարարություններ են արել՝ խոստանալով վրեժ լուծել: «Ես ասել եմ և ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել. Եթե չեք ցանկանում մեռնել, մի՛ գնացեք Աղդամ (նկատի ունի Ակնը-խմբ.), Ֆիզուլի (նկատի ունի Վարանդան-խմբ.), նստե՛ք ձեր տանը: Ինչ վերաբերում է վրեժին, ապա վրեժ պետք է լուծենք մենք, և մենք վրեժ ենք լուծում: Մենք վրեժ ենք լուծում և դեռ կշարունակենք վրեժ լուծել Խոջալուի զոհերի համար»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի «քննադատությունից» զերծ չի մնացել նաև միջազգային հանրությունը: Նրա խոսքով՝ այսօր աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, «միջազգային պայմանագրերը միայն թղթի կտորներ են և որևէ արժեք չունեն»: Արդյունքում, Ադրբեջանի նախագահը եկել է այն եզրակացության, որ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է, իսկ դա նշանակում է, որ պետք է ուժեղ լինել»:

նյութի  ա ղբյուր՝
http://www.1in.am/1577272.html

Դիտվել է 3538 անգամ

online-tv.am



0
Լրահոս