Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման իմաստով որևէ փաստացի արդյունք չգրանցեց: Քաղաքական հաջողության, ընդ որում Րաֆֆու և Ժառանգության համար անսպասելի հաջողության արդյունքները՝ կես միլլիոնանոց էլեկտորատի տեսքով, այդպես էլ չկապիտալացվեցին:
ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը այս ողջ ընթացքում չէին դադարում շեշտել այն մասին, որ Րաֆֆին հենց իրենց էլեկտորատների վրա է հաջողություն գրանցել: Րաֆֆին անընդհատ քարոզվող այս թեզին կարծես հավատաց: Հայաստանում կոնկրետ կուսակցական պատկանելության մեծ էլեկտորատ գոյություն չունի: Կայուն էլեկտորատ Հայաստանում միայն իշխանության էլեկտորատն է՝ պետական ծառայողներ, պաշտոնյաներ, մերձիշխանական բիզնես շրջանակներ և այլն: Ընդդիմադիր դաշտում էլեկտորատի կողմոնորոշումը տեղի է ունենում ըստ իրավիճակի: Այսինքն, այն քաղաքական ուժը, որն այդ պահին գրավում է ընդդիմության առաջատար դիրքերը, ներկայացնում է «բունտը», նա էլ համախմբում է դժգոհ էլեկտորատին:
Խնդիրն այն է, որ Հայաստանում այդ դժգոհ էլեկտորատը հետընտրական գործընթացներից հետո չի կապիտալացվում ու շարունակում է մնալ օդից կախված: Այս իմաստով, նման քայլ կարող է լինել նոր ՀԱԿ ստեղծումը, որտեղ ներգրավված են նոր ուժեր շարժման անկուսակցական մասնակիցներից: Սա էլ որոշակի վերապահումներով, որովհետև կապիտալացումն այս դեպքում տեղի է ունենում բացառապես այլ, ոչ այնքան քաղաքական մակարդակում՝ հավատարմություն և այլն:
Ինչևէ, վերադառնալով Րաֆֆուն: Փաստացի, շրջանառվող այդ թեզին Րաֆֆին չդիմացավ: Ձեռք բերված՝ Ժառանգության համար աննախադեպ կապիտալը այդպես էլ չֆիքսվեց:
Փողոցը որպես քաղաքական գործիք բնականաբար կարևոր գործոն է: Բայց այն կայուն գործիք չէ: Այն կարող է դառնալ ասենք կրիտիկական իրավիճակներում քաղաքական դրսևորման տարածք: Փողոցային ընդդիմության ու պայքարի նման հաճախականությունը Հայաստանում պայմանավորված է հենց նրանով, որ դասական քաղաքական երկխոսության մեխանիզմները փաստացի չեն կայացել: Այսինքն, չկա օրինակ ընդդիմություն, որ բացի ընտրական, նախընտրական ու հետընտրական գործընթացների ժամանակահատվածից, արտահայտի հասարակության, վերջինիս դժգոհ մասի քաղաքական պատվերը:
Ստացվում է, որ ընդդիմադիր դրսևորումները տևում են ընդամենը ընտրությունից առաջ ու հատկապես դրանից հետո, այնուհետ դրանք վերածվում են ինչ որ շարժման ու կորչում: Փողոցը որպես քաղաքական գործիք, հատկապես այն իրավիճակներում, երբ դասական մեխանիզմները չեն գործում, շատ կարևոր է: Բացի այդ, փողոցային պայքարը ժամանակի հետ վեր է ածվում արդեն եղածի ու ասվածի կրկնության, մի ծեսի, որը միգուցե հաճելի գործընթաց է, բայց ոչ քաղաքական:
Քաղաքական գործընթացների գրեթե ամենակարևոր մասնիկներից մեկը ընտրական գործընթացի ֆիքսումն է: Սա իսկապես շարունակում է խնդիր մնալ: Ընդդիմադիր հատվածը ընտրական գործընթացներին ըստ էության պատրաստ չէ, քանի որ չի ստեղծում բավարար չափով գործիքակազմ ու չունի բավարար քանակով կադրեր վերահսկելու համար: Այդ կադրերը չեն հավաքագրվում, դրանք չեն հավաքագրվել նաև այս անգամ:
Բարև շարժումը բազմաթիվ գնահատականների է արժանացել: Այն թե լավ, թե վատ բազմաթիվ կողմեր ուներ ու ունի: Բայց մի բան հստակ է՝ ձեռք բերված արդյունքներն ըստ արժանվույն չեն գնահատվել, այդ արդյունքները չեն կապիտալացվել, ու զարմանալի չի լինի, եթե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում բարևականների սպասումները չարդարանան:
ՀՀԿ-ն իշխանական ռեսուրսներով փորձելու է աշխատել նույն տրամաբանության շրջանակում: Դրան դիմագրավելու է ԲՀԿ-ն, որը պակաս «իշխանական» ռեսուրսներ չունի՝ ֆինանսական ու նաև սոցիալական: Արդյունքում ստացվելու է, որ ընդդիմադիր մեծ ռեսուրսը կրկին սպառվել է, կամ թողնվել է օդից կախված: Սրա պատճառը նաև այն է, որ Բարև շարժման սահմանած նպատակները ու դրանց իրագործման հնարավորությունները մեղմ ասած չհամապատասխանեցին, իշխանության հետ հնարավոր երկխոսության բոլոր շանսերն ուղղակի սպառվեցին: Իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդամենը ժամանակավոր գործընկերներ դուրս եկան:
Երևանի ավագանու ընտրությունները փաստացի վերջին փորձությունն են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա կողմնակիցների համար: Եթե բարևականները չկարողանան ընտրական գործընթացում սեփական քաղաքական ներկայացվածությունը պաշտպանել ու նախագահական ընտրություններին համահունչ ձայներ հավաքել, փաստացի կարձանագրեն սեփական քաղաքական պայքարի ավարտը: Մինչ այդ ռեսուրսների կապիտալացում իրականացնելը շատ բարդ է, ժամանակն էլ գնալով սպառվում է, իսկ փողոցը, անկախ իր բոլոր դրական ու հաճելի կողմերից, տեղամասերում ձայն պահելու գործիք չէ: Եւ եթե Բարևը ձախողի ավագանու ընտրություները, նախագահական ընտրությունների հաջողությունների մասին այլևս խոսք գնալ չի կարող:
Այս իմաստով, բարևականների հիմնական մրցակիցը հենց ԲՀԿ-ն է, իր ամբողջ ֆինանսատնտեսական ռեսուրսներով: ԲՀԿ-ն, անկախ հանրության շրջանում եղած մտայնություններից, միակ իշխանությունից դուրս գտնվող ուժն է, որ կարողանում է սեփական ձայներին տեր կանգնել՝ իհարկե իշխանության գործելաոճին շատ նման գործիքներով՝ ընտրակաշառք, թաղային հեղինակություններ և այլն: Սրանք ինչքան էլ անընդունելի ու ոչ լեգալ ռեսուրսներ են, բայց ռեսուրսներ են, ռեսուրսներ են տեղերում, որի շնորհիվ էլ ԲՀԿ-ն հաջողում է: