Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը | online-tv.am
loading...

Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը

Երևանի պետական համալսարանը փոխում է վարձավճարների չափը

20:02 04.05.2013

Երևանի պետական համալասարանում վարձավճարների բարձրացումը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը այսպես է մեկնաբանել հաջորդ ուսումնական տարվա առաջին կուրսի ուսման վարձավճարների սպասվող բարձրացումը։ ԵՊՀ նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ, նախկին 300 հազար դրամի փոխարեն: 300 հազարից ավելի վարձավճար ունեցող մասնագիոտթյունների համար ավելացումները կկատարվեն 20-100 հազար դրամի սահմաններում:

Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսման միջին վարձը ցածր է Երևանում գործող մի շարք այլ բուհերի ուսման վարձից։ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պրոֆեսորադասախոսական կազմ է աշխատում Երևանի պետական համալսարանում, և ինչքան աշխատավարձ են ստանում, ապա ավելորդ կլինի վարձավճարների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Համալսարանում աշխատող գիտնականը, պրոֆեսորը, դասախոսը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այլևս չխոսվի կոռուպցիոն ռիսկերի մասին»,-համոզված է Գրիգորյանը։ Համալսարանի բակալավրիատի 59 մասնագիտությունից 32-ում սահմանված է նվազագույն վարձավճարի չափ։ «Հայագիտական բոլոր, ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով սահմանված վարձավճարը մինիմալ է։ Սակայն այդ մասնագիտություններից շատերը ամենածախսատարն են համալսարանում»,- ասել է Գրիգորյանը։

Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում զեղչերի հանրագումարը յուրաքանչյուր տարի կազմում է 250-270 մլն դրամ։ «Դա հսկայական թիվ է, եթե համեմատենք վարձավճարների չափի և պետության կողմից համալսարանին տրամադրվող ֆինանսավորման հետ»,- ավելացրեց նա։

ԵՊՀ Գիտական խորհուրդը, հաշվի առնելով պետության կողմից մեկ ուսանողի հաշվով տրամադրվող ֆինանսավորման չափը և մի շարք այլ հանգամանքներ, հաստատել է 2013-2014 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա համակարգի առաջին կուրսի ուսման վարձավճարների նոր չափերը: Փոփոխություն է կրել նաև հեռակա համակարգի ուսման վճարների չափը, որոնք կազմում են առկա համակարգի համապատասխան մասնագիտության վարձավճարի 80%-ը: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների վարձավճարները չեն փոխվի։ Գալիք ուսումնական տարում նվազագույն վարձավճարը կկազմի 400 հազար դրամ` հիմնականում բնագիտական մասնագիտությունների գծով, իսկ առավելագույնը` 800 հազար դրամ, ինչպես օրինակ իրավաբանական ֆակուլտետում։

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 5074 անգամ

online-tv.am



0
Լրահոս