Ինչո՞ւ չի պատժվում ծնողին ծեծի ենթարկած Չեխովի անվան դպրոցի տնօրենը | online-tv.am
loading...

Ինչո՞ւ չի պատժվում ծնողին ծեծի ենթարկած Չեխովի անվան դպրոցի տնօրենը

Ինչո՞ւ չի պատժվում ծնողին ծեծի ենթարկած Չեխովի անվան դպրոցի տնօրենը

16:59 08.05.2013

Ամենաթողության հերթական դրսևորումը կրթության ոլորտում. ինչո՞ւ չի պատժվում ծնողին ծեծի ենթարկած Չեխովի անվան դպրոցի տնօրենը:
Մոտ 1 շաբաթ առաջ մամուլում լուր տարածվեց այն մասին, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը դպրոցի 2 աշխատակցի հետ բռնություն է գործադրել, իսկ ավելի կոնկրետ` ծեծի է ենթարկել աշակերտուհիներից մեկի ծնողին:
Նախքան դեպքը, դպրոցի մուտքից տնօրենը տուն էր ուղարկել աշակերտուհուն՝ պատճառաբանելով, թե նրա հագուստը հարիր չէ դպրոցին: Քիչ անց երեխան դպրոց է եկել մոր հետ: Ծնողը բացատրություն է պահանջել դպրոցի տնօրենից, ով ի պատասխան ասել է. «Ձեռք չի տալիս, ռադդ քաշիր»: Երբ ծնողն ասել է, որ զրույցը ձայնագրվել է, տնօրեն Սարուխանյանը օգնության է կանչել դպրոցի ուսմասվար ոմն Էլզային ու պահակ Գարիկին և ծեծի են ենթարկել աշակերտուհու մորը: 
Իհարկե, տնօրենն իրավունք ունի ոչ հարիր հագուստով դպրոց ներկայացած աշակերտուհուն տուն ուղարկել, բայց միայն մի դեպքում, երբ այդ նույն տնօրենը ունենա տնօրինեին հարիր բառապաշար ու պահելաձև: Ի՞նչ է նշանում «Ձեռք չի տալիս, ռադդ քաշիր»: Նման բառապաշարը բնորոշ է թեթև վարքի տեր կնոջը, ով իր ծառայությունների դիմաց սահմանված գինը սակարկող հաճախորդին միայն կարող է ասել՝ «Ձեռք չի տալիս, ռադդ քաշիր»… Բացի այդ, եթե տնօրենը հանդգնություն ունի վիրավորել ու ձեռք բարձրացնել ծնողի վրա, դժվար չէ պատկերացնել, թե նա ինչպես է վերաբերվում աշակերտներին:
Դեպքից անցել է շուրջ 1 շաբաթ, ու պատասխանատու մարմինները ՈՐԵՎԷ կերպ չեն արձագանքել կատարվածին: Իսկ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ուշադիր, ասել է հետևյալը. «Ես գտնում եմ, որ դպրոցի տնօրենը կարգուկանոն է պահանջում, և դպրոցի ցանկացած աշխատող և աշակերտ պարտավոր է ենթարկվել դպրոցի ներքին կարգուկանոնին»: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տրամաբանությամբ, ծեծն ու բռնությունը կարգուկանոն պահանջելու միջոց են… ու կարգուկանոնին ենթարկելու համար կարելի ա անգամ ծնողին ծեծել… ԸՆՏՐՈՂԱԿԱՆ վերաբերմունքը շատ տարածված մեխանիզմ է մեր երկրում: Օրինակ` դպրոցում նախընտրական քարոզչություն անող տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվում, իսկ ծնողին ծեծող տնօրենին՝ ոչ: Լրագրողին հրած պաշտոնյանին ազատում են աշխատանքից, իսկ ծնողին ծեծի ենթարկելու փաստը բնութագրում՝ որպես «կարգուկանոնի պահանջ»: Այս միջավայրում երեխաներն են դաստիարակվում՝ որպես օրինակ աչքերի առաջ ունենալով «Ձեռք չի տալիս, ռադդ քաշիր» ասող տնօրենի: Իսկ այդ ընթացքում այդ նույն տնօրենը շարունակում է առաջվա պես պաշտոնավարել՝ կարծես ոչինչ էլ չի եղել: Կրթության ոլորտում ամենաթողության մթնոլորտ է տիրում, դրա մասին խոսվել է բազմից, գիտեն բոլորը:

Դիտվել է 4361 անգամ

online-tv.am



0
Լրահոս