Կշարունակի՞ արդյոք «Արմավիան» պարազիտանալ մեր երկրի վրա | online-tv.am
loading...

Կշարունակի՞ արդյոք «Արմավիան» պարազիտանալ մեր երկրի վրա

Կշարունակի՞ արդյոք «Արմավիան» պարազիտանալ մեր երկրի վրա

19:30 04.05.2013

«Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնումը ավելի է վատթարացնելու Հայաստանի ավիափոխադրումների ոլորտը` տնտեսության համար բազմաթիվ բացասական հետևանքներով հանդերձ:

«Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանմամբ փաթեթը, որ «Արմավիան» ներկայացրել է հանրային խորհրդին և կառավարությանը, հսկայական արտոնություններ է ենթադրում ընկերության համար: Օրինակ` «Արմավիան» ուզում է, որ 30% զեղչ սահմանվի իր կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվելու և վարձակալվող տարածքների համար:

Մի կողմ թողնենք այն, թե ինչպես պետք է կառավարությունը ստիպի «Զվարթնոց» օդանավակայանին միայն «Արմավիայի» համար զեղչով աշխատել: Մի կողմ թողնենք նաև այն, որ նման արտոնյալ պայմանները արդարացիորեն կառաջացնեն այլ ավիաընկերությունների դժգոհությունը: Ավելի կարևոր է այն, որ երկար տարիներ գործելով մոնոպոլ, արտոնյալ պայմաններում` «Արմավիան» աննախադեպ ապաշնորհ մենեջմենթ ուներ ու մատուցում էր ծայրաստիճան անորակ ծառայություններ: Օրինակ` ընկերությունը շատ հանգիստ կարող էր հետաձգել թռիչքը` պատճառաբանելով, թե ինքնաթիռը կիսադատարկ է:

Տարեկան առնվազն 1,5 մլն մարդ ուղևորափոխադրումներով շուկայում մոնոպոլ դիրք ունեցողը կարող էր շահույթով չաշխատել միայն ապաշնորհ մենեջմենթի ու չարաշահումների դեպքում: Աշխարհում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը տարեկան 3,5 մլրդ մարդ է, այսինքն` 7 մլրդ բնակչության մոտ կեսի չափ: Հայաստանը ցամաքային երկիր է, բացի այդ` սահմանափակ են երկաթուղային տրանսպորտի հնարավորությունները, այդ պատճառով էլ մեր օդային ուղևորափոխադրումների պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ավելին` հայերի մեծ մասը Հայաստանից դուրս է բնակվում, ուստի արդյունավետ քաղաքականության դեպքում կարելի էր հասնել նրան, որ մեր հայրենակիցների զգալի մասը տարին առնվազն մեկ անգամ այցելեին Հայաստան: Այդ դեպքում օդային ուղևորափոխադրումների ծավալը կարող էր ավելանալ տարեկան ևս մի քանի միլիոն մարդով: Նման պոտենցիալը չօգտագործել կարող էր միայն «Արմավիայի» նման ապաշնորհ ընկերությունը, որն իր մոնոպոլ դիրքի շնորհիվ չափազանց թանկ էր վաճառում ավիատոմսերը:

Այժմ, ստանալով է՛լ ավելի լայն արտոնություններ, կասկած չկա, որ այս ընկերությունը է՛լ ավելի անորակ ու թանկ ծառայություններ կմատուցի, իսկ մեր հայրենակիցների` տարին առնվազն մեկ անգամ Հայաստան այցելելու հնարավորությունը այդպես էլ կմնա չիրացված:

«Արմավիայի» վնասարարությունը այնքան ակնհայտ է, որ անգամ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի առիթով չկարողացավ զսպել իրեն և բավականին կոշտ հայտարարություն արեց: Երևանում կազմակերպված աշխատաժողովներից մեկի ժամանակ նա ասաց, թե մեր երկրում տուրիզմ զարգացնելու համար նախևառաջ պետք է, որ մարդիկ կարողանան հասնել Հայաստան: «Եթե Հայաստան հասնելը հնարավոր չէ, շատ թանկ է, կամ դուք ստիպված եք ինքնաթիռ նստել առավոտյան 4-ին, ժամերով սպասել, ասենք, Վիեննայի օդանավակայանում ու երկու գիշեր անցկացնել ճանապարհին, չեք գա Հայաստան, որքան էլ այստեղ ամեն ինչ գեղեցիկ լինի: Այսօր Հայաստանը օդային հաղորդակցության համակարգը բացելու հրաշալի հնարավորություն ունի, որպեսզի տոմսերի գները նվազեն ու ծառայությունները բարելավվեն»,- մոտ 2 շաբաթ առաջ հայտարարել էր դեսպանը` շեշտելով, որ ավիափոխադրումների ոլորտում մենաշնորհի բացառումն ու մրցակցությունը Հայաստանին հնարավորություն կտան ոչ միայն նշանակալի առաջընթաց արձանագրել զբոսաշրջության ոլորտում, այլև դառնալ տարանցիկ երկիր օդային փոխադրումներում` Մոսկվայի, Մերձավոր Արևելքի ու Արևմտյան Եվրոպայի միջև:

Դատելով նրանից, որ «Արմավիան» հանկարծակի փոխեց միտքն ու սնանկացման փոխարեն իր գործունեությունը շարունակելու «փաթեթ» ներկայացրեց, որին էլ հավանություն տվեց «Հանրային խորհուրդ» կոչված կառույցը, կարելի է ենթադրել, որ իշխանությունները որոշել են է՛լ ավելի մեծ արտոնություններով նոր պայմանագիր կնքել «Արմավիայի» հետ:

Հ. Գ. Չի բացառվում, որ «Զվարթնոց» օդանավակայանի «հաշվին» «Արմավիան» պահել փորձելով` գործող իշխանությունները ցանկանում են վնասել Ռոբերտ Քոչարյանին: «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը համարվում է առավելապես Քոչարյանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձ, մինչդեռ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը իր Հայաստան գալու ու այստեղ ունեցվածք դիզելու համար պարտական է Սերժ Սարգսյանին:

Նյութի աղբըուր` 1in.am

Դիտվել է 2868 անգամ

online-tv.am



0
Լրահոս