Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը | online-tv.am

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

19:19 21.09.2013

Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։
Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։
1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։
1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
Այսպիսով, ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը։

 

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/khoren.asatryan/posts/513758795368718

Դիտվել է 611 անգամ

online-tv.am



Нравится 0
Լրահոս