Հայկական հոլոքոստը, Լեռնային Ղարաբաղը և ԱՄՆ-ի առաջարկած «մարդասիրական ժեստը». FrontPage Magazine | online-tv.am
loading...

Հայկական հոլոքոստը, Լեռնային Ղարաբաղը և ԱՄՆ-ի առաջարկած «մարդասիրական ժեստը». FrontPage Magazine

Հայկական հոլոքոստը, Լեռնային Ղարաբաղը և ԱՄՆ-ի առաջարկած «մարդասիրական ժեստը». FrontPage Magazine

18:49 20.03.2015

Հաջորդ ամիս ամբողջ աշխարհի հայերը կնշեն Հայկական հոլոքոստի 100-րդ տարելիցը, երբ 1.5 մլն մարդ բարբարոսաբար սպանվեց օսմանյան թուրքերի կողմից այն ջիհադում, որն այսօր շարունակում է Իսլամական պետությունը: Անատոլիայում մի քանի հազար տարի ապրող հայերի բնաջնջումը այն իրադարձությունն էր, որը Հիտլերին ստիպեց հավատալ, որ կարող է դուրս պրծնել հրեաների, լեհերի ու գնչուների բնաջնջումից, FrontPage Magazine պարբերականում գրում է Սթիվեն Բրաունը:

«Ով է այսօր հիշում հայերի բնաջնջումը»,- ասել էր նացիստների առաջնորդը:

Հայերի հոգեբանության մեջ 1915թ.-ի հարվածից մնացած խորը սպին նման է նացիստների կողմից աշխարհի հրեաների վրա թողած վերքին: Որպես արդյունք, կարելի էր մտածել, որ Օբամայի վարչակազմը մեծ զգայունություն կցուցաբերի հատկապես մուսուլման թշնամիների կողմից հայերի սպանությունների նկատմամբ, և հատկապես հաշվի առնելով, որ ապրիլին լրանում է Հայկական հոլոքոստի հարյուրերորդ տարելիցը: Բայց դեռ անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Հայաստանի իշխանություններին ստիպեց «մարդասիրական ժեստ» անել և ազատ արձակել ադրբեջանցի երկու ահաբեկիչներին, որոնք Ադրբեջանից հատել էին սահմանը և սպանել երկու մարդ, այդ թվում 17 տարեկան երիտասարդի, իսկ ևս մեկ կին ծանր վիրավորվել էր:

«Նման մարդասիրական ժեստը կարող էր թուլացնել լարվածությունը և նպաստեր կողմերի միջև հաշտությանը: Ահա թե ինչ նկատի ուներ Նուլանդը»,- ավելի ուշ ճեպազրույցում ասել է պետդեպի խոսնակը՝ պարզաբանելով պետքարտուղարի տեղակալի հակասական դիտարկումը:

Նուլանդը «մարդասիրական ժեստի» մասին իր մեկնաբանությունն արեց դեպի Կովկասյան լեռներ իր շրջագայության երկրորդ կետում՝ Ադրբեջանում՝ Վրաստան այցելելուց հետո, շարունակում է հոդվածագիրը: Ադրբեջանում Նուլանդը նաև ասաց, իր այցելության հաջորդ և վերջին կետում՝ Հայաստանում, քայլեր կձեռնարկի երկու ձերբակալված ադրբեջանցիներին ազատ արձակելու ուղղությամբ: Ադրբեջանն ու Հայաստանը երկուսն էլ նախկին խորհրդային հանրապետություններ են Կովկասյան լեռներում, ովքեր գիտեն փակ թշնամական սահմանից առերեսվել միմյանց: Այսօր էլ գրեթե ամեն օր այնտեղ զինված միջադեպեր են տեղի ունենում՝ մահվան ելքերով: Կովկասյան երկու ազգերի միջև զինված դիմադրությունը վերջին շրջանում այնքան է թեժացել, որ կարող է զինված հակամարտության բռնկման պատճառ դառնալ:

Քրիստոնեական Հայաստանի և թուրքախոս, հիմնականում մուսուլմանաբնակ Ադրբեջանի միջև թշնամության պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ 1988-1994թթ. չհայտարարված պատերազմն էր. Լեռնային Ղարաբաղը հայկական անկլավ է եղել Ադրբեջանի ներսում, որը Խորհրդային կայսրության մահվան օրերին փորձում էր անջատվել նրանից և վերամիավորվել Հայաստանի հետ, բացատրում է հեղինակը: Լեռնային Ղարաբաղի հայերը, իրենց ընկալելով որպես Խորհրդային Միության ազգային քաղաքականության զոհ, հավատում էին, որ իրենք վերականգնում են պատմական արդարությունը: 1921թ. առաջին անգամ բոլշևիկներն անկլավը հանձնեցին Հայաստանին, բայց ավելի ուշ չեղարկեցին այդ որոշումը՝ այն տալով Ադրբեջանին, չնայած որ ըստ ավելի վաղ անցկացված մարդահամարի՝ այն 95 տոկոսով հայաբնակ էր: Այս ճակատագրական, աղետալի որոշման համար պատասխանատու էր Ստալինը:

Հոդվածագիրը կարծում է, որ հակամարտության ժամանակ «երկու կողմերում էլ էթնիկ զտումներ կատարվեցին»: Հեղինակներ Քերոլայն Քոքսի և Ջոն Էյբների տվյալներով՝ ադրբեջանցիները 40 հազար հայ են վտարել Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Կորովաբադից՝ ի պատասխան 1988թ. Լեռնային Ղարաբաղի անջատման նկրտումների: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ մեկ այլ պոգրոմ տեղի ունեցավ Սումգայիթում, ինչի հետևանքով սպանվեց 32 մարդ, դրան հաջորդեց մեկ այդ ջարդ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

«Հայերը չկարողացան արագ պատասխանել Սումբայիթի ոճրագործությանը»,- գրում են Քոքսը և Էյնբերը 1993թ. հրատարակված «Էթնիկական զտումները շարունակվում են. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գրքում,- բայց հայերի զսպվածությունը տեղի տվեց Կիրովաբադի պոգրոմներից և Բաքվում հակահայկական ցույցերից հետո»:

«Պատերազմում Լեռնային Ղարաբաղի՝ իրենց թվաքանակով գերազանցող հայերը Հայաստանի աջակցությամբ ոչ միայն նվաճեցին իրենց անկախությունը՝ հաղթելով ադրբեջանական ուժերին, այլև գրավեցին հարակից մի քանի ադրբեջանական տարածքներ, որոնք պահում են մինչ այժմ: Հաղթանակի հետ Լեռնային Ղարաբաղն իրեն վերանվանեց Արցախ (Հայկական թագավորության ժամանակ իր հնագույն անունը) և դարձավ անկախ պետություն, որը միջազգայնորեն ճանաչվել է միայն մի քանի նահանգների կողմից: Այս դիվանագիտական դժվարությունների պատճառով էլ Արցախը չի միացել Հայաստանին՝ չնայած նրանք սերտաճած են միմյանց:

Մինչ այժմ, Արցախը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանան տարածքները, քանի դեռ որևէ երաշխիք չկա, որ դրանք չեն օգտագործվի իր տարածքների վրա հարձակման համար: Այս առումով Լեռնային Ղարաբաղը որդեգրել է Իսրայելի դիրքորոշումը՝ 1967թ. գրավված արաբական տարածքների մասով. դրանք խաղաղության համար առևտրի տարածքներ են» ,- գրում է Սթիվեն Բրաունը:

Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, որն արևմուտքից սահմանակցում է Հայաստանին, այնքան զայրացավ՝ տեսնելով որ Արցախի ուժերը հաղթում են, որ սպառնաց հարձակվել Հայաստանի վրա, թեև պաշտոնապես պատերազմող կողմ չէր, շարունակում է հոդվածագիրը: Ըստ երևույթին, Թուրքիային չի բավարարում 100 տարի առաջ 1.5 մլն հայերի սպանությունը, և նա ցանկանում է իր մահաբեր քաղաքականությունը շարունակել նաև այս դարում: Թուրքիայի ռազմական հարձակումը Հայաստանի վրա նման կլիներ այնպիսի իրավիճակի, եթե, օրինակ, Գերմանիան այսօր հարձակվեր Իսրայելի վրա:

Այնուամենայնիվ, Կրեմլի նախազգուշացումը՝ որ Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա կնշանակի պատերազմ Ռուաստանը հետ, ստիպեց Թուրքիային հետ քաշվել՝ նման կերպ կանխելով տարածաշրջանային հակամարտությունը, կարծում է Բրաունը: Վերջում, դեմքը փրկելու համար, միակ բանը, որ Թուրքիան կարող էր անել, Հայաստանի հետ սահմանի փակումն էր: Դա շարունակվում է մինչ օրս՝ արդեն 22 տարի, ինչը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Եվ անհավանական կերպով Հայաստանը խեղդելու իր բոլոր փորձերից հետո Թուրքիան երկերեսանիորեն դժգոհում է Իսրայելի կողմից Գազայի շրջափակումից:

Ուստի, երբ Նուլանդը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «մարդասիրական ժեստ» անել և ազատ արձակել մարդասպաններին, դա հակասում է այս պատերազմի նախապատմությանը, ցեղասպանությանը, էթնիկ զտումներին և վաղեմի ատելությանը: Ադրբեջանցի երկու ահաբեկիչները մեղավոր են ճանաչվել Արցախի Հանրապերության դատարանի կողմից «բաց և թափանցիկ» դատավարության արդյունքում և դատապարտվել ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Թեև Արցախը ճանաչվել է ԱՄՆ 4 նահանգների կողմից (վերջինը՝ Կալիֆոռնիան էր 2014թ.), դաշնային կառավաությունը շարունակում է մերժել դիվանագիտական ճանաչումը: Որպես արդյունք՝ Նուլանդը չխոսեց Արցախի իշխանությունների հետ, երբ Հայաստանում էր: Փոխարենը, նա հանդիպեց Հայաստանի արտգործնախարարի հետ և այցելեց Երևանում Հայկական հոլոքոստի հուշահամալիր: Սակայն Նուլանդի բանակցությունները երկու ադրբեջանցի ահաբեկիչներին ազատ արձակելու վերաբերյալ որևէ արդյունք չտվեցին, գրում է Բրաունը:

Սրան կարելի էր սպասել: Հայերը լավ են հիշում այն սարսափելի անարդարությունը և Հունգարիայի կառավարության հասցրած ստորացումը, երբ վերջինս ժամանակից շուտ բանտից ազատ արձակեց 2004թ. Բուդապեշտում կացնով հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովն ազատ արձակվեց, երբ կրել էր իր 30 տարվա պատժի միայն 6 տարին:

«Իրենց համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները բացել են դռները նման հանցագործությունների դրսևորման համար,- այդ ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:- Այս որոշմամբ նրանք հստակ ազդակ են ուղարկում դահիճներին: Այսուհետ ոճրագործները քաջատեղյակ են, որ կարող են խուսափել պատժից էթնիկական կամ կրոնական հողի վրա կատարած հանցավործության համար»:

Սաֆարովը Ադրբեջան վերադարձավ «հատուկ չվերթով» և հերոսի ընդունելության արժանացավ: Իր  կեղտոտ ոճրագործության համար կառավարությունը նրան ներում շնորհեց, վճարեց 8 տարվա աշխատավարձ, բնակարանով, երկու աստիճանով բարձրացրեց զինվորական կոչումը, ինչպես Պաղեստինում են պարգևատրում իրենց ահաբեկիչներին՝ իսրայելցիներին սպանելու համար: Բացի այդ, նույն պաղեստինցիների նման, Ադրբեջանի ազգային օրենսդիր մարմնի անդամները Սաֆարովին «ազգային հերոսի» կոչում տվեցին: Ինչը ցույց է տալիս Ադրբեջանի ատելության և քաղաքակրթական զարգացվածության աստիճանը, երբ կացնով մարդասպանը նման կարգավիճակ է ստանում:

Պատճառը, թե ինչու է Օբամայի վարչակազմը հանդես գալիս ադրբեջանցի մարդասպանների ազատ արձակման օգտին, թերևս ամենևին էլ մարդասիրական չէ, ինչպես որ ասվում է: Ինչպես որոշ արաբական երկրներ, Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, մինչդեռ Հայաստանը նավթ չունի: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ ունեն ադրբեջանական խոշոր նավթային արդյունաբերության մեջ: Հավասարապես կարևոր է նաև այն, որ  Ադրբեջանը ծառայում է հանգույց Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգատարների համար: Բացի այդ, և՛ Իսրայելը, և՛ Միացյալ Նահանգները Ադրբեջանը դիտում են որպես տարածաշրջանում Իրանի դեմ դաշնակից: Ուստի, առավել հավանական է, որ Ադրբեջանի հետ այս բիզնեսը պահելու անհրաժեշտությունն ու ռազմավարական շահերն են իրական պատճառը, երբ Նուլանդը պահանջում է ազատ արձակել ահաբեկիչներին:

Այս իրավիճակը հիշեցնում է ավելի վաղ Մեծ Բրիտանիայում լիբիացի Աբդելբասետ ալ-Մեգրահիի ազատ արձակման դեպքը, ով պատասխանատու էր 1988թ. Շոտլանդիայում օդանավի պայթեցման և 259 մարդու սպանության համար: Ավելի ուշ պարզվեց, որ բրիտանական British Petroleum նավթային ընկերությունն էր աջակցել նրա ազատ արձակմանը, ինչի արդյունքում նա ձեռք էր բերել 900 մլն դոլարի նավթի շահագործման պայմանագիր Մուամար Կադաֆիի հետ:

Բայց Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ: Բուդապեշտում լեյտենանտ Մարգարյանի և Արցախում երկու քաղաքացիների սպանությունները խորհրդանշում են այն ատելությունը, որ տածում է թուրք բնակչությունը հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես որ արաբները՝ Իսրայելի նկատմամբ: Ինչպես Իսրայելը, հայերը ևս չեն կարող թույլ տալ, որպեսզի իրենց կյանքն այդքան էժան ծախվի: Նրանք արդեն մեկ հոլոքոստ վերապրել են: Ադրբեջանցի ահաբեկիչներին վաղաժամ ազատում շնորհելը սխալ, շատ վտանգավոր ազդակ կլինի, որը, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենադաժան վայրերում, որտեղ միայն ուժն է հարգվում, կմեկնաբանվի որպես թուլություն:

Բացի այդ, որոշ հայերի համար Նուլանդի ուղերձը հնչում է որպես երկերեսանի: Արդո՞յք ԱՄՆ-ը, օրինակ, «մարդասիրական ժեստ» ցուցաբերելով, Ռուսաստանին կնաձնի Ջոխար Ցարնաևին՝ հանուն Պուտինի հետ լավ հարաբերությունների, հարցնում են նրանք: Կամ արդյո՞ք ազատ կարձակի այլ բանտարկված ահաբեկիչների, ում ձեռքերը թաթախված են ամերիկացիների արյամբ:

Եթե Պետքարտուղարությունն իսկապես ցանկանում է «թուլացնել լարվածությունը և վստահություն կառուցել» տարածաշրջանում, նա պետք է առաջին հերթին Թուրքիայից և Ադրբեջանից պահանջի հանել շրջափակումը և բացել սահմանները Հայաստանի հետ՝ վերջ տալով Հայաստանի տնտեսության քայքայումը: Սա՛ է մարդասիրական ժեստը, որ պետք է արվի, և ոչ թե երկու մարդասպանների ազատումը:

Սահմանների բացումը ոչ միայն լավ սկիզբ կլինի տարածաշրջանի մյուս կարևոր խնդիրների լուծման համար, այլև կնվազեցնի հայկական վախերը առ այն, որ իրենց մուսուլման հարևանները պարզապես ցանկանում են ավարտին հասցնել 1915թ. սկսած բնաջնջման ծրագիրը: Դա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հիմք կդնի շատ համապատասխան բարեկամության  և հաշտության:

Բայց փոխանակ որդեգրելու սկզբունքային դիրքորոշում, որը կօգնի մեղմել այդ ցավը, Օբամայի վարչակազմը կարծես թե գնում է անսկզբունքային պրագմատիզմի ճանապարհով, եզրափակում է Սթիվեն Բրաունը:
նյութի աղբյուր՝
http://www.1in.am/1577629.html

Դիտվել է 1403 անգամ

online-tv.am



0
Լրահոս