Հաստատվել է գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները | online-tv.am
loading...

Հաստատվել է գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները

Հաստատվել է գազի  և էլեկտրաէներգիայի նոր սակագները

14:57 07.06.2013

Գազն ու էլեկտրաէներգիան  պաշտոնապես թանկացանՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում հիմնավորված համարեց «Հայռուսգազարդի» դիմումը գազի սակագնի վերանայման վերաբերյալ:

Հանձնաժողովը որոշեց, որ 10 հազար խորանարդ մետրից պակաս գազի սպառում ունեցող բաժանորդների համար գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի սակագինը պետք է լինի 156 հազար դրամ, իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառում ունեցողների համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինը` 276.97 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 

Ոլորտի խնդիրներով շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հանձնաժողովում բարձրացրեցին իրենց հարցերն ու հնչեցրեցին մտահոգությունները: Ըստ նրանց` չխոսվեց, թե սակագնի որ մակարդակից սկսած կարող են լուրջ խնդիրներ առաջանալ բնակչության, բիզնեսի եւ հասարակության այլ շերտերի համար:

Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ հասարակության շրջանում տարածված այն տեսակետին, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի կրկնակի թանկացման առիթ կդառնա, եւ նշեց, որ, ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների, գազի սակագնի բարձրացումը գազալիցքավորման կայաններում վաճառվող գազի վրա կունենա ընդամենը 5 տոկոսի չափով ազդեցություն, այսինքն` խոսակցությունը, թե տրանսպորտի ուղեվարձերը կրկնակի կթանկանան, գազի թանկացման հետ կապ չունեն:

Իր դիտարկումները ներկայացրեց նաեւ «Հայռուսգազարդի» ներկայացուցիչը եւ նշեց, որ իրենց ընկերության կողմից ներկայացված եւ հանձնաժողովում հնչեցված սակագների միջեւ տարբերություն կա, բայց իրենք այդ ամենին ըմբռնումով են մոտենում: «Երեք տարի սակագին չի փոխվել, ուստի միանգամից կտրուկ փոփոխությունը ընկալելի չէր հասարակության եւ շահագրգիռ կողմերի համար: Հետագայում մենք կքննարկենք մեր հետագա անելիքները`  «Հայռուսգազարդի» զարգացման եւ ներդրումները շարունակելու համար»,- նշեց նա:

Խոսեց նաեւ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` պարտադիր չէ, որ հարցի լրջությունը հատվածային դիտարկվի` մարդկանց կյանքը վատթարանում է` թե’ գազի գնի բարձրացումից, թե’ էլեկտրաէներգիայի եւ այլն: «Հայտը ներկայացվել է մարտի 14-ին. օրենքը քննարկման համար սահմանում է մինչեւ 90 օր: Ո՞ւր ենք շտապում, թող լինի կարծիքների բախում, քննարկումներ եւ այլն»,- առաջարկեց Պողոսյանը:

Այնուհետեւ ՀԾԿՊՀ-ն անցավ օրակարգային հաջորդ հարցին` Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը: Հանձնաժողովից զեկուցող կողմը հայտնեց, որ սույն թվականի մայիսի 14-ին, սեփական նախաձեռնությամբ, հանձնաժողովը սկսել էր էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Նշվեց, որ, համաձայն հաշվարկների, էլեկտրաէներգետիկական համակարգերում առաջանում է ճեղքվածք` առաջին հերթին՝ գազի թանկացմամբ պայմանավորված, երկրորդ` ոլորտում աշխատողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությամբ եւ ներդրումների համար ներգրավված վարկերի արտոնյալ ժամկետների ավարտի:

Ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների` առաջացած ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 8 դրամով` 1ԿՎտ/ժամի համար` ներառված ԱԱՀ-ն:

Այսպիսով` բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները սահմանվեցին` 1 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար` 38 դրամ` ցերեկային եւ 28 դրամ` գիշերային ժամերին` ներառված ավելացված արժեքի հարկերը:

Որոշումը ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 7-ից:

Դիտվել է 4582 անգամ

online-tv.am



0
Լրահոս