Միջանկյալ քննություններն առանց սթրեսների | online-tv.am
loading...

Միջանկյալ քննություններն առանց սթրեսների

Միջանկյալ քննություններն առանց սթրեսների

21:16 02.05.2013

Անքնություն, սթրես, մտավախություն, անվստահություն… ու այս ամենը քննությունների պատճառով: Իրականում փոքրիկ սթրեսը նույնիսկ օգտակար է. այն մեզ ստիպում է աչալուրջ լինել և չմոռանալ քննության մասին: Սակայն սթրեսը պետք է վերահսկել, որպեսզի այն չվերածվի դեպրեսիայի և խանգարի մեզ կենտրոնանալ:

Չգիտեմ` որքանով եմ լավ խորհրդատու, բայց ինձ ու քեզ համար որոշ քայլեր եմ առանձնացրել, որպեսզի հաղթահարենք քննաշրջանն ուղեկցող սթրեսն ու լավ հանձնենք միջանկյալները:

Նախ` հերիք է դժգոհենք, ինչ-ինչ, բայց կրեդիտային համակարգն իր առավելությունն  ունի. թեկուզ երկու օրը մեկ քննություն ենք տալիս, բայց կիսամյակի ավարտին կուտակված դասախոսություններ չենք ունենում: Այնպես որ քննությունների ընթացքում պետք է առավելագույնս դրական տրամադրված լինենք :)

 

 

Քայլ 1

Ամենադժվարը ոչ թե քննությանը պատրաստվելն է, այլ դրա մասին ժամանակին հիշելը :) Ուսանողական սովորություն է ամեն ինչ վերջին վայրկյանին թողնելը: Սակայն ժամանակը արդյունավետ օգտագործելու դեպքում քննությունից մեկ օր առաջ մեզնից գերբնական ուժ չի պահանջվի ամբողջ ամսվա (կիսամյակի) ծրագիրը հիշելու համար:

Իմ հաշվարկով` օրվա ընթացքում 2-3 ժամ միայն երթուղայիններով երթևեկելու համար եմ ծախսում: Իսկ դո՞ւ: Որոշել եմ այդ ժամանակը միայն երաժշտություն լսելով չանցկացնել. դո՛ւ էլ փորձիր :)

Քայլ 2

Չքնելը հարցի լուծում չէ. գերհոգնածությունը մեզ խանգարում է յուրացնել դասերը, և կարդացածը տեղում մոռանում ենք: Հատկապես քննաշրջանի ընթացքում անհրաժեշտ է ճիշտ ծրագրել օրը և ժամանակ հատկացնել նաև քնելուն: Քնաթաթախ դաս սովորելը մեզանից կրկնակի ժամանակ է խլում, փոխարենն արդյունքը երկու մասի է բաժանում: Եթե ութ ժամ տրամադրենք քնելուն, մյուս գործերի համար տասնվեց ժամ կունենանք:

Իհարկե, ես էլ դեմ չէի լինի, որ օրը 48 ժամ ունենար, բայց գործերը ստիպված ենք համակարգել 16 ժամվա մեջ և քնելու հաշվին ոչինչ չանել:

Քայլ 3

Սկսում ենք ճիշտ սնվել: Իրականում այս կանոնը պետք է ամեն օր պահպանենք, բայց եթե սովորական օրերին կարող ենք մեզ թույլ տալ վատ սնվել, քննությունից առաջ դա հակացուցված է: Բացի նրանից, որ սնունդը մեզ էներգիա է տալիս, այն նաև նվազեցնում է սթրեսի մեջ ընկնելու հավանականությունը:

Քայլ 4

Չենք չարաշահում սուրճն ու թեյը: Թեև տարածված է այն կարծիքը, որ դրանք օգնում են «արթնանալ», բայց սուրճն ու թեյը «բթացնում» են ուղեղն ու դժվարացնում ընկալման գործընթացը: Իսկ շոկոլադն իրոք օգնում է արթնանալ:

Քայլ 5

Զե՛րծ մնա հանգստացնող հաբերից: Դրանք ոչ միայն չեն օգնի քեզ «լիցքաթափվել», այլև լրացուցիչ խնդիրներ կառաջացնեն:

Քայլ 6

Սիրելի էակ, ընկերներ, ընտանիք… զանգեր, որ անընդհատ շեղում են ուշադրությունդ: Նույնիսկ հրավերները մերժելու դեպքում ուշք ու միտքդ տեղափոխվում է այնտեղ, ուր կցանկանայիր գնալ, բայց… պետք է պարապես: Այս ամենից խուսափելու համար մի քանի ժամով անջատում ենք հեռախոսները :)

 

 

Քայլ 7

Նախորդ քայլը չի նշանակում, որ քննություններին պատրաստվելիս պետք է մոռանանք, որ կյանքը շարունակվում է: Դա միայն ավելացնում է սթրեսի մեջ ընկնելու հավանականությունը: Եթե զգում ես, որ հոգնել ես, դադա՛ր առ: Ընդմիջումները կօգնեն ավելի շուտ և լավ յուրացնել ծրագիրը: Իհարկե, այս դեպքում էլ պետք է ժամանակը ճիշտ տնօրինել: Ընդմիջում չի նշանակում, թե պետք է ամբողջ օրը դրսում անցկացնել: Քննաշրջանի ընթացքում զրկանքներից չես խուսափի:

Քայլ 8

Եթե մի բան չես հասկանում, սթրեսի մեջ ընկնելու փոխարեն փորձիր հասկանալ սկզբնաղբյուրը: Հնարավոր է` մի օր չես հասցրել ընկալել որևէ դաս, և այդտեղ է թաքնված նյութը հասկանալու գաղտնիքը: Միշտ հիշի՛ր, որ կրկնությունը գիտության մայրն է :)

Քայլ 9

Ֆիզիկական վարժությունները հաճախ մեզ օգնում են հաղթահարել հոգեբանական սթրեսները: Երբ զգում ես, որ ուղեղդ հոգնել է, կարող ես մի քիչ մարզվել կամ զբոսանքի դուրս գալ:

Քայլ 10

Քննության նախորդ օրը չքնելը միայն խանգարելու է: Երեկոյան զբոսանքն ու հանգիստ քունը կօգնեն առավոտյան ավելի զգոն ու թարմ լինել: Ուրեմն պարապմունքներդ ծրագրի՛ր այնպես, որ նախորդ երեկո արդեն փակած լինես բոլոր տետրերն ու գրքերը:

Քայլ 11

Եթե քննությունից առաջ գլխումդ «դատարկություն» է, մի՛ վախեցիր: Դա լարվածությունից է: Եթե իսկապես յուրացրել ես թեման, ամբողջը կհիշես, հենց ծանոթանաս հարցատոմսին: Ի դեպ, փակ աչքերով մի քանի անգամ խոր շունչ քաշելը կօգնի քննությունից առաջ լարվածությունը թոթափել:

Քայլ 12

Ինքնավստա՛հ եղիր քննության ժամանակ: Դա հաջողության առաջին գրավականն է: Երբ կարկամած ես խոսում, իսկ գրավոր քննության դեպքում անընդհատ անվստահ և անհանգիստ շարժումներ ես անում, տպավորություն է ստեղծվում, թե լավ չես պատրաստվել: Վստահ, ճիշտ և ներգործուն խոսքով կարող ես նույնիսկ չիմացածդ իմացածի տեղ անցկացնել, առավել ևս, եթե հետևել ես նախորդ բոլոր քայլերին և պարապել, քեզ միայն վստահությունն է պակասում` դասախոսին համոզելու, որ ասում ես հենց այն, ինչ ինքն է ուզում լսել:

 

 

 

Աննա Գրիգորյան

Մանեքենուհի, հեռուստահաղորդավարուհի Աննա Գրիգորյանը սովորում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Այս տարի 4-րդ կուրսեցի է: Չնայած ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին` փորձում է բաց չթողնել նաև դասերը: Հեռուստահաղորդավարուհու կարծիքով` ընթացիկ քննությունները միայն հեշտացնում են ամեն ինչ. «Մենք կիսամյակի ընթացքում 3 մոդուլ ենք ունենում, բայց կրթական ծրագիրն այնպիսին է, որ ամեն օր պետք է պատրաստ լինենք դասերին և պատասխանենք: Այդպիսով` մոդուլների ժամանակ շատ ավելի հեշտ է լինում, և կուտակված դասեր չեն մնում»:

Աննան խոստովանում է, որ դասերին պատրաստվել հասցնում է միայն քնի հաշվին և ուսանողներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել այս ժամանակահատվածը: «Պետք է, չէ՞, դասախոսից պահանջել, որ քեզ ինչ-որ բան սովորեցնի: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ պետք է ինքնակրթությամբ զբաղվել: Համենայն դեպս, Հայաստանում բուհերն այն մակարդակին չեն, որ վճարին համապատասխան կրթություն տան, դասախոսներն էլ հիմնականում պահանջողի դերում են»,- ասաց հայտնի ուսանողուհին ու հավելեց, որ խիստ դասախոսների կամ գնահատականների պատճառով չարժե սթրեսի մեջ ընկնել. ի վերջո, գնահատականով ո՛չ կյանքն է ավարտվում, ո՛չ էլ մարդու IQ-ն որոշվում: Իսկ սթրեսներից խուսափելու համար Աննան խորհուրդ է տալիս շատ շոկոլադ ուտել. այն համեղ է և օգտակար :)

 

 

Մարի

Պարզվում է` երգչուհի Մարիի մոտ քննությունները միշտ սթրեսով են ուղեկցվում: Նա այն ուսանողներից է, ով խուճապի է մատնվում հատկապես բանավոր քննությունների ժամանակ: «Մինչև քննությունը վերջանում է, ընտանիքիս անդամներն էլ ինձ հետ սթրեսի մեջ են ընկնում»,- պատմեց երգչուհին, ով սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսում: «Գրավոր քննությունների ժամանակ ավելի հանգիստ եմ լինում, թեև պետք է խոստովանեմ, որ բանավոր քննություններից ավելի բարձր գնահատականներ եմ ստանում: Խուճապի եմ մատնվում, քանի որ ինձ համար կարևորը ոչ թե մի 3, այլ առավելագույն գնահատական ստանալն է»,- նշեց երգչուհին: 

Քննությանը պատրաստվելիս Մարիի համար շատ կարևոր է ինչ-որ մեկի աջակցությունը: «Ամեն անգամ տատիկիս նստեցնում եմ ու պատմում նյութը: Մեր նյութերը հիմնականում անգլերենով են, և տատիկս չի հասկանում` ինչ եմ ասում, բայց ես ասում եմ` ոչինչ, ձևացրո՛ւ` հասկանում ես և ուշադիր լսի՛ր :)»,- քննության պատրաստվելու իր մեթոդի մասին պատմեց Մարին:

Երգչուհին ասաց նաև, որ քննության նախորդ գիշերը չի կարողանում քնել. որոշել է այլևս չպայքարել սթրեսի դեմ, քանի որ այն իր համար անհաղթահարելի է: Հուսանք` վերը նշված քայլերը կօգնեն Մարիին հաղթահարել անհաղթահարելի թվացող սթրեսը :)

Հ.Գ. Իհարկե, ուսանողներիս մեջ շատ կան մարդիկ, ովքեր ոչ մի քննության չեն պատրաստվում և միջանկյալները գրելիս օգտվում են տարբեր տեխնիկական հնարքներից: Բայց եթե դու չես սիրում մասնագիտությունդ, մեկ անգամ էլ մտածի՛ր` արժե՞ ժամանակդ զուր վատնել: Դիպլոմը ոչինչ չի որոշում: Հազարավոր մարդիկ կան, ովքեր զարգացած են, բայց բուհ չեն ավարտել, և հակառակը: Եթե պետք է ծածկագրերով քննություններդ հանձնես, մեկ անգամ էլ մտածի՛ր` ուզո՞ւմ ես իսկապես շարունակել կրթություն ստանալ:

Դիտվել է 3162 անգամ

online-tv.am



0
Լրահոս