Նունե Եսայան.“Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց…” | online-tv.am
loading...

Նունե Եսայան.“Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց…”

Նունե Եսայան.“Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց…”

23:59 11.05.2015

Հունիսի կզբին կմեկնարկի Նունե Եսայանի համերգային շրջագայությունը, որը նա կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ ու նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգչուհին, ամռան ու աշնան ընթացքում ելույթ կունենա այն երկրներում, որտեղ կա հայկական համայնք: Ցանկում արդեն ընդգրկված են Կիպրոսը, Հունաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Նիդերլանդները, Լիբանանը, Միացյալ Նահանգները, Կանադան եւ այլն:
“Հունիսից մինչեւ հուլիսի վերջ, այնուհետեւ սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին Հայաստանում չեմ լինի: Համերգների մեծ մասը կլինեն անվճար ու բացօթյա, իսկ այն համայնքները, որոնք համերգի տոմսեր կվաճառեն, այդ գումարն էլ կուղղվի հատուկ ֆոնդի: Ցավոք, երաժիշտների մեծ խումբ ինձ հետ չի մեկնի, միայն պարի զգեստները կվերցնենք: Բեմում ինձ հետ կլինեն տեղի հայկական պարի համույթները եւ գուցե նաեւ տեղի հայ երգիչները համերգի բացումն անեն”,-նշել է նա:
Նունեի խոսքով` շրջագայությունը ծրագրավորել էր դեռ երկու տարի առաջ.“Այս հայրենասիրական տուրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգի շարունակությունն է: Ես այս տարի Երեւանում գրեթե ոչ մի նախագծի չեմ մասնակցել, փոխարենը զբաղված էի սփյուռքի համար նախատեսված ելույթների կազմակերպմամբ: Մենք գրեթե բոլոր հայկական գաղթօջախներին ուղարկել ենք նամակներ` առաջարկելով հյուրընկալվել նաեւ իրենց երկրում: Ովքեր արձագանքել ու ցանկություն են հայտնել, այդ երկրներում էլ ելույթ կունենամ”:

 

Նա հայտնել է, որ բավական հագեցած ու զբաղված օրակարգ է ունենալու, այդ պատճառով մեկնելու է առանց ընտանիքի.“Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց այս տարի կարելի է մի քիչ ավելի շատ աշխատանքին նվիրվել: Օգոստոսի ընթացքում մի փոքր կհանգստանամ, ընտանիքիս հետ կլինեմ, հետո կրկին ելույթներս կշարունակեմ”:


Նախքան շրջագայության մեկնելը երգչուհին երկու նոր զուգերգ կներկայացնի: Առաջինը վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ է, նրանք “Сильнее чем прежде” երգն առաջին անգամ կատարել են մայիսի 2-ին` երգչի համերգի ժամանակ, տեսահոլովակի պրեմիերան էլ չի ուշանա:

 

Երգչուհին նաեւ զուգերգ է կատարելու Ռուբեն Մաթեւոսյանի հետ.“Երբ մաեստրոյին առաջարկեցի միասին երգել, նա խորհուրդ տվեց ընտրել ազգային ոգեշնչող ու դեռեւս չլսված մի երգ՝ “Ելեք, տղերք”-ը: Մեր նպատակն էր, որ այս տարի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայրենասիրական երգ ներկայացնենք, որը կլինի ոգեւորող, լավատեսական եւ մնայուն”:
նյութի   աղբյուր՝
http://www.bravo.am/news/%D5%86%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5-%D4%B5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6.%D4%B5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%BD-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%AF%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%BF%D5%A5%D5%B4-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81%E2%80%A6

Դիտվել է 6305 անգամ

online-tv.am



0
Լրահոս