loading...

Ռուս-թուրքական գամբիտ.Ստյոպա Սաֆարյան

16:13 02.11.2020


Երեկ և այսօր երկու կարևոր իրադարձությունների վերաբերյալ իմ կարծիքն ու առաջարկությունները։

Երեկ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցած նամակագրությունը բացարձակ այլ բանի մասին էր, թեպետ ամեն մեկը դրանում փորձեց տեսնել այն, ինչ ցանկանում էր։

Իսկ իմ կարծիքով․

-Ռուսաստանի կողմից հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղադրելու Պուտինի առաջարկությունը հոկտեմբերի 30-ին չեզոքացվեց Վաշինգթոնից, երբ ԱՄՆ նախագահիի անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայընը առաջ քաշեց սկանդինավ խաղաղապահների թեման։ Մինչ Մոսկվա-Վաշինգթոն փոխհրաձգությունը ռուսական կողմը ստուգել էր Հայաստանի ռեակցիան իր առաջարկության կապակցությամբ, ՀՀ վարչապետը ասել էր, որ դա կարող է փոխզիջումային տարբերակ լինել Հայաստանի համար, սակայն պրոբլեմը Երևանում չէ, այլ Բաքվում, ով գտնում է, որ խաղապահ կոնտինգետնտը պետք է թուրքական լինի, ինչպես նաև՝ Փաշինյանը ակնարկել էր այլ երկրների։ Դրանց մեջ մտնում է Իրանը, ով ընդհանրապես դեմ է իր սահմաններին մոտ որևէ խաղաղապահ կոնտինգետից՝ կլինի թուրքական, ռուսական, թե սկանդինավյան։ Ռուսական առաջարկին դեմ մյուս երկրները, ինչպես նշեցի՝ Մինսկի խմբի տրոյկայում են, և նրանցից ԱՄՆ-ը արդեն հիշեցրեց, որ Մոսկվայի, Փարիզի ու Վաշինթոնի միջև վաղեմի պայմանավորվածություն կան, որ իրենցից ոչ մեկ ռազմական կոնտինգենտ չի կարող ունենալ խաղաղապահների կազմում։

Հայաստանում քիչ ուշադրություն են դարձրել նաև ԵԱՀԿ ՄԽ տրոյկայի առանձին ու միասին արված հայտարարությունների այն կետին, որը վերաբերում է պատերազմում երրրոդ երկրների մասնակցությանը։ Այն, արդարաբար, առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որի ահաբեկիչ ղեկավարն այսօր բավական ուշագրավ ինքնախոստովանություն է արել, ու դա մեր կողմից պետք է հրաշալի օգտագործվի։ Բայց դրա մասին քիչ հետո։ Երրորդ ուժի ակնարկը հստակ վերաբերում է նաև Իրանին, և վերջին հերթին Ռուսաստանին, որոնք կարող են որոշակի իրողությունների դեպքում ներխուժել տարածաշրջան։

Հայտարարությունների "առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների" պահանջը գումարվում է սրան ու վերաբերում է Ադրբեջանի պահանջին՝ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի տրոյկայում։ Հավանաբար հիշում եք Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք նույնքան իրավունքներ ունեն այնտեղ լինելու, որքան Ռուսաստանը։

Ի՞նչ ունենք արդյունքում․ ստեղծվել է մի իրավիճակ, որ Թուրքիան իր կամ Ադրբեջանի բերանով հայտարարում է, որ իրավունք ունի լինել Բաքվի կողքին՝ մարտադաշտում, լինել Մինսկի խմբում (բնականաբար կրկին նրա կողքին), ու նաև հակամարտության գոտում՝ որպես խաղապահ։ Նրանք դա գիտակցված հակադրում են Ռուսաստանին, ում մեղադրում են, թե վերջինս որքան էլ պատերազմի մեջ բացահայտ ու ուղղակիորեն չկա, բայց սպառազինություն է տալիս Հայաստանին /Ալիևն արդեն քանի անգամ ասում է՝ Հայաստանին փող որտեղից․․․ ու սպառնում է այդ հարցերի պատասխանը ստանալ համապատասխան մայրաքաղքներում/, Հայաստանի դաշնակիցն է ու ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում, հետևաբար, իրենք էլ նույն իրավունքներով կարող են ամեն տեղ լինել։

Սա անբարենպաստ իրավիճակ է ստեղծում Ռուսաստանի համար առնվազն երկու առումներով․ 1․ կասկածի տակ է դրվում իր անաչառությունը որպես միջնորդ, 2․ Ռուսաստան-Թուրքիա դաշտում անալոգիաների պատրանք ստեղծելով չեզոքացնում ու թուլացնում են ռուսական առաջարկը, որին, առանց այն էլ հակադրվել է ամերիկյան առաջարկը շվեդների տեսքով, ու նաև հիշեցվել է վաղեմի պայմանավորվածությունը։

Սրան էլ գումարած այն, որ Արցախի հարավից դեպի հյուսիս ադրբեջանական հարձակման վեկտորը դեպի Բերձոր կանգ է առել ոչ միայն հյուծվածության, տեղանքի բարդության, հրադադարի պատճառով, այլ որ դրանից ձախ՝ Հայաստանի սահմանի վրա ռուսական դրոշներ են, իսկ Բերձորն ու Քաշաթաղը կարմիր գծեր են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ռուսաստանի համար։ Երևանն ու Ստեփանակերտը կատարյալ գոյամարտ կմղեն դրա համար, ի դեպ ունենալով թե ԱՄՆ, թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի աջակցությունը, ամեն մեկինը՝ յուրովի․ բոլոր նախկին առաջարկներում դա եղել է կարգավորման առաջարկի "միջանցքային գոտի", որի համար տարբեր տարբերակներում տարբեր ռեժիմներ են սահմանվել՝ հայկական սուվերենությունից (Քիվեսթ) մինչև խաղաղապահներով վերահսկցող միջանցք։ Ի վերջո՝ եթե դա Հայաստանի համար լիքը այլ նշանակություններ ունեցող միջանցք է, ապա աշխարհի համար այն նաև հումանիտար միջանցք է, որը փակել թույլ տալու դեպքում ուղղակի կմտնի անպատկերացնելի մեծ ողբերգության ու մեղքի պատասխանատվության տակ։ Քաղաքական ու աշխարհաքաղքական շահերի մասին չասեմ․․․

Ու ակնայտ է, որ վերջին շաբաթների զարգացումներում Բերձորի միջանցքի զարգացումները ոչ միայն հայկական կողմին են հետաքրքրում, երբ բոլորը տեսնում են, որ հարավից ճեղքման մտադրություն կա։ Ադրբեջանին ու Թուրքիային դա հետաքրքրում է այնքանով, թե որքանո՞վ Ռուսաստանը կներգրավվի, արդյոք դա նրա համար իրոք կարմիր գիծ է։ ԱՄՆ-ը դեսպանությունը իր քաղաքացիներին հորդորում է Հայաստանից հյուսիսից մինչև հարավ չճամփորդել, որովհետև կարող է "բան տեղի ունենալ", իսկ այդ բանը կարող է ռազմական գործողությունների շատ լայն թատերաբեմը լինել, եթե Գորիսի ու Ստեփանակերտի կողմերից գոյամարտը տեղի ունենա, ավելին՝ դրան խառնվի կամ լրջորեն օգնի Ռուսաստանը, եթե պարզվի, որ ինքն էլ այնտեղ կարմիր գծեր ունի․․․ Իսկ դրոշներն ու բազաները մի փոքր ձախ են․․․

Եվ ահա, առաջ է գալիս 2 խնդիր ու հարց անխտիր բոլորի համար․

1․ Արդյո՞ք չենք հասել Թուրքիայից հետո մյուս երրորդ երկրի՝ Ռուսաստանի ներգրավման շեմին․ Երևանին դա հետաքրքիր է հասկանալի առումներով՝ գոյամարտին նախապատրաստվելու, իր ուժերն ու հնարավորությունները ճշգրտելու համար։ Թուրքիային ու Ադրբեջանին էլ հետաքրքիր են, թե առջևի պատն ինչ հաստության կլինի։ Մանավանդ, որ այս հարցում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունն էլ իրենց դեմ է, որովհետև իրենք կարգավորման փաթեթի 6 խնդիրներից 1-ի՝ 5 շրջանից հետո հասել են փաթեթի մյուս՝ միջանցքի խնդրի ռազմական լուծմանը, այն էլ սեփական մոտեցումներով ու ռազմական եղանակներով։ Մոսկվային էլ պետք է բոլորին հասկացնել, որ ռազմական գործողությունների՝ Հայաստանի տարածք տեղափոխվելու դեպքում ինքը իր պարտականությունները կկատարի, ասել է թե՝ խաղի մեջ է։ Եվ դա ասեց։ Մնում է պատկերացնել, որ եթե Բերձորի համար ճակատամարտը գոյամարտ է նաև Հայաստանի համար, նշանակում է՝ Հայաստանը դրա մեջ է, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանն էլ կլինի։ Ինչպես ու ինչ տեսքով, սա այլ հարց է։ Սա՝ զուտ տրամաբանորեն։ Իսկ գործնականում, բնականաբար այդ չափը, ձևը կճշգրտվի մեզ համար ոչ բաց փակ խորհրդակացությունների արդյունքում, որոնք սկսված են 2-րդ հոդվածով․․․

Ու Ալիևն ահա հենց սրա համար է իր ահից գոչում, թե ինքը Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ անելու մտադրուրթյուն չունի, ու Անկարայի հետ ինտենսիվ խորհրդակացություններ անցկացնում, թե ինչ են նշանակում Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդակցություններ 2-րդ հոդվածով, և արդյո՞ք կկարողանան դրա տակից դուրս գալ, եթե սկսեն։ Իսկ չսկսել էլ չեն կարող, որովհետև խցանվել են հարավում, առաջ գալ չեն կարողանում վերը նշված ու չնշված լիքը պատճառներով, մինչդեռ որոշ տեղերից դուրս են մղվում ու ետ շպրտվում։

Եվ երկրորդ կարևոր հարցը․

2․ Ինչպե՞ս չթողնել, որ վերը նշված թուրքական կոնտրառաջարկներն ավելի թուլացնեն ռուսական պլանները, մանավանդ որ այդ առաջարկությունը խոցելի են նաև Փարիզի ու Վաշինթոնի հետ վաղեմի պայմանավորվածությունների տեսանկյունից, հատկապես, որ տեղից էլ ունեն ամերիկյան մրցակից առաջարկ։ Ու որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս առաջին կետի խնդիրը լուծելիս պահպանել նաև չեզոքությունը՝ որպես Մինսկի խմբի երկիր, ում կողքի աթոռին նսստելու ամբիցիա ունի նաև Էրդողանը։ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքը պահելու խնդիրը կարևոր է նաև խաղաղապահների հարցով, որպեսզի վերջում այն իսկապես մնա որպես փոխզիջումային լուծում, երբ որևէ բան չկորցնելը Ադրբեջանին էլ կստիպի գալ դրան համաձայնելու․․․ Իսկ Բաքվի վիճակը, իսկապես, աննախանձելի է․ ոչ միայն պատերազմի ճակատում առաջ գնալ չի կարողանում, այլ նաև քաղաքական պրոցեսում։ Գնա դեպի Մոսկվան՝ կպատժի Անկարան։ Մնա Անկարայի կողքը՝ կպատժի Պուտինը, միգուցե ընդհուպ թույլ տալով շատ ավելի մեծ ռեվերս, քան կարելի է պատկերացնել․․․ Որպեսզի Ալիևը հանկարծ չմտածի, որ ինքը Էրդողանով կարող է Կովկասում խնդիր լուծել․․․․ Որովհետև Կովկասում խնդիր լուծողը Էրդողանը չէ․․․․ Իսկ Էրդողանն այսօր հայտարել է, թե ինքն է խնդիր լուծողը՝ Լիբիայում էլ, Միջերկրականում էլ, Կովկասում էլ, որտեղ Ադրբեջանի կողքն է ու դա գաղտնիք չէ։ Ասել է թե՝ հայտարարել է, որ այսօրվա դրությամբ ինչ Ալիևն ունի, պարտական է իրեն, ոչ է Պուտինին։

Սա թերևս բավական մեծ նվեր է թե Մոսկվային, ում կողքի աթոռին նույն իրավունքով ուզում էր նստել Էրդողանը, թե՛ Հայաստանին, ով հրաշալի հնարավորություն ունի անգամ դնել Մինսկի խմբից Թուրքիայի հեռացման պահանջը, քանի որ Անկարան իր բերանով է խոստովանել, որ ինքը հակամարտության կողմ է, ըստ այդմ՝ չի կարող հակամարտության գոտում խաղաղապահ ունենալ․․․ Այսինքն՝ հող է ստեղծված Ռուսաստանի համար մրցակից առաջարկություններից մեկը շարքից հանելու համար։ Էլ չասած՝ Մինսկի խմբի տրոյկա Անկարայի ներխուժումը նույն և այլ հիմքերով բացառելու մասին, ինչին բոլորն են դեմ՝ ԱՄՆ, Ֆրանսիա ու Ռուսաստան։

Ու Էրդողանի ինքնահավանությունը մեծ պրոբլեմ կարող է դառնալ իր համար․ մի կողմիից ստիպված է հայտարարել, թե ով է Կովկասում հարց լուծողն ու Ալիևին հիշեցնել, թե ում է պարտական, մյուս կողմից գերեզման փորել մեկնարկող մեծ ռազմաքաղաքական պրոցեսում սեփական ամբիցիաները թաղելու համար։ Մինչդեռ եթե նախկինում պնդում էր, թե Ռուսաստանն ու ինքը այս հակամարտության մեջ նույն ստատուսն ու իրավունքն ունեն, ապա Ռուսաստանը երեկ ասաց ոչ՝ ես միջնորդ եմ, ընդամենը Հայաստանի դաշնակիցն ու նրա հանդեպ պարտավորութուններ ունի։

Եվ ահա, երկու խնդիր էլ լուծված է կամ դրա հիմքերը ստեղծված են։ Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իր պարտականությունները Հայաստանի հանդեպ կկատարի, իսկ Հայաստանի վարչապետն էլ միանգամայն "հասկանալի է համարել Ռուսաստանի" դիրքորոշումը, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այլ բան չէր էլ կարող անել։

Պաշտոնական Երևանը չնեղվեց այդ պատասխանից /բացառությամբ առաջին նախագահի, ով ենթադրեց թե մեզ Մոսկվայում մենակ են թողել Արցախը պաշտպանելու հարցում, և ապա ներկա իշխանության ընդդիմախոսների, ովքեր էլ շարունակում են կուրորեն հավատալ իրենց հորինած ստին, թե Պուտինը Փաշինյանին չի սիրում, դրա համար է մենակ թողել/։

Իսկ իրականում, Փաշինյանն ու Պուտինը հեռավորության վրա միմյանց բավականին լավ են հասկանում։ Տեքստերը դա են ասում։ Այդ թվում, Փաշինյանը, կարծում եմ, լավ է հասկանում, թե ինչո՞ւ Պուտինին գրված նամակին Ռուսաստանի ԱԳՆ-ն է պատասխանել, այլ ոչ թե ՌԴ նախագահն անձամբ։ Որովհետև՝ այս պահին Ռուսաստանը միջնորդ է, ով պետք է հակամարտության մեջ կողմ չլինի, որպեսզի նրա առաջարկությունը թուրքականով չհակակշվի, ու պետք է, որ Ռուսաստանի կարմիր գծերի մասին հայտնվի պաշտոնապես, բայց այլ մակարդակով։

Ասել է թե՝ գոնե դրա մրցակիցը մնա ամերիկա-շվեդականը, որտեղ այլ ճակատամարտեր են սպասվում, ու ցանկալի է, որ կողքից ոտքի տակ ընկնող Էրդողան չլինի․․․

Բա որ ասում եմ՝ բարդ է․․․․

Թե բա՝ Ռուսաստանը խաղաղապահով չի գալիս, որովհետև Փաշինյանին չի սիրում․․․ Իսկ Ռուսաստանն իր շահերը հաստատ սիրում է; Վստահեցնում եմ։
Ստյոպա Սաֆարյան 

Դիտվել է 152 անգամ

online-tv.am