loading...

Անահիտի և Արտակի սիրո պատմությունը

13:51 08.08.2013

.esyes.am  Հեռուստադիտողներին «Բանակում» սերիալից առավել հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին հյուրընկալեցինք մեր խմբագրությունում: Չնայած այս դերասանուհին առաջին անգամ էր մեր խմբագրությունում, սակայն շատ դրական մթնոլորտ ստեղծեց իր անմիջական վերաբերմունքով, զվարճալի պատմություններով:

 

 

Անահիտի և Արտակի սիրո պատմությունը 

Երիտասարդ դերասանուհին իր ամուսնուն` Արտակին հանդիպել է գործի բերումով: Իրավաբանի խորհրդատվության կարիք ունեցող Անահիտին ծանոթները խորհուրդ էին տվել դիմել հենց Արտակին, ով այդ ժամանակ հանրային հեռուստատեսության և ռադիոյի իրավաբանության բաժնի պետն էր (այսօր արդեն Արտակ Սարգսյանն աշխատում է նախագահականում` որպես էթիկայի հանձնաժողովի անդամ): Գործնական հանդիպմամբ ամեն բան չի ավարտվում և,  ինչպես պարզվում է հետագայում, ճակատագիրը ևս մեկ հանդիպում էր պատրաստել այս զույգի համար: Արդեն ոչ գործնական հանդիպումը տեղի է ունենում միանգամայն պատահական` երևանյան սրճարաններից մեկում: Այնպես է պատահում, որ Անահիտը գործնական նպատակով մի օր կրկին զանգահարում է Արտակին, սակայն գիշերը 10-ից սկսված խոսակցությունը տևում է մինչև առավոտյան ժամը 8-ը: «Ինքն իր մասին պատմեց, ես` իմ: Շատ հետքրքիր էր զրուցել ինձանից 16 տարով մեծ մարդու հետ, որովհետև իմ հասակակիցների մեջ այնպիսի տղա չի եղել, ում հետ մեծ հաճույքով կզրուցեի մեկ ժամից ավելի: Ինձ համար Արտակը այլ աշխարհ  էր. մենք զրուցում էինք արվեստից ու հասել անձնական կյանքին,- ասաց դերասանուհին ու հավելեց,¬- մի քանի ժամում նա ինձ շատ հարազատ դարձավ, ու ես ասացի, որ կցանկանայի այդ պահին տեսնել նրան: Կարելի է ասել` առաջին քայլն ինքս արեցի, և նա միանգամից հարցրեց, թե որտեղ եմ ապրում: Ինձ մոտ գալու ընթացքում մենք շարունակում էինք զրուցել հեռախոսով»,- պատմեց դերասանուհին: Անահիտը հիշում է նաև, որ այդ օրը միայն կիթառն է վերցրել, ու միասին գնացել են քաղաքից դուրս: «Պատկերացրեք, որ իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ: Մինչ այդ, եթե ինձ ասեին, որ հնարավոր է մի քանի ժամում տարվել ու սիրահարվել մեկին, ես կասեի` անհեթեթություն է: Հավատացեք, մեր շփման տասը ժամն այլ մարդկանց ամիսների, տարիների կյանքն էր… Գնացինք քաղաքից դուրս, նստեցինք, զրուցեցինք, ես նվագեցի, և այդ օրն ավարտվեց աշխատանքի գնալով»,- հիշեց դերասանուհին ու փոխանցեց, որ հենց այդ օրն է հասկացել, որ սիրում է նրան: Զույգի շփումը, որը սկզբնական շրջանում գաղտնի էր պահվում, տևել է ընդամենը վեց ամիս: Այդ ընթացքում Արտակը նաև թատրոն է գնացել` Անահիտի մասնակցությամբ «Անուշ» ներկայացումը դիտելու: «Ինձ շատ երկար վարդեր էր բերել: Բնականաբար, դրանք տուն տանելով պետք է բացատրեի, թե ումից եմ ստացել: Մտնելով տուն` ոչ ոք չհարցրեց, փոխարենը ես ասացի` չե±ք հարցնում ինչ վարդեր են: Այդպես պատմեցի, որ մարդ կա իմ կյանքում, ով ուրիշ է ինձ համար. ուզում ենք շփվել ու միասին որևէ ուղի կառուցել»,- շարունակեց զրուցակիցս: Նա էլ շատ երիտասարդների նման մտավախություն է ունեցել, որ տանը` ծնողների հետ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, երբ իմանան իր ու ընտրյալի տարիքային տարբերության մասին: «Ծնողներս վախենում էին տարիքային տարբերության համար և ասում էին, որ դժվար կլինի, քանի որ սերունդների տարբերություն կա: Բայց ծնողներս ինձ այնպես են դաստիարակել, որ ինքնուորույն լինեմ ու ու դեռևս 17 տարեկանից իմ որոշումներն ինքնուրույն եմ կայացրել. ինքս եմ ընտրել դերասանի մասնագիտությունը: Նույնը եղավ այս հարցում. ամեն մարդ ինքն է ընտրում իր արքայազնին»,- նշեց Անահիտը:

 

 

Ըստ նրա` այսօր շատ դժվար է գտնել տղամարդու, ում դու չես ասում` ինչ անի: «Կանայք ավելի շուտ են հասունանում: Իսկ երբ տղամարդն այնքան ճիշտ է լինում, որ կարողանում է քեզ համոզել, դու պարզապես լռում ես ու համաձայնում նրա հետ: Այ հենց այդ տարբերակն Արտակն է իմ կյանքում: Ինքն ինձ համար աշխարհի ամենահասկացող, հոգատար ու սիրող մարդն է. իմ կյանքի արքայազնը, որին փնտրել ու գտել եմ: Ամենակարևորը` նա ընդունում է իմ մասնագիտությունը և հպարտանում է ինձնով»,- ընդգծեց դերասանուհին:

Իրենց սիրո պատմությունն անելիս Անահիտը հիշեց նաև, որ 19 տարեկանում ընկերուհին առաջարկել է միասին գուշակի մոտ գնալ: «Թեև ես չէի ցանկանում, որ գուշակն ինձ էլ ինչ-որ բաներ ասի, սակայն նա պնդեց ու կանխատեսեց, որ ամուսնանալու եմ ինձանից 16 տարի մեծ տղամարդու հետ: Միայն Արտակին հանդիպելուց հետո քույս ինձ հիշեցրեց այդ մասին»,- խոստովանեց դերասանուհին:

 

 

Հարսանեկան արարողություն 

Անահիտի և Արտակի պսակադրությունը տեղի է ունեցել 2012-ի փետրվարի 6-ին Սուրբ Սարգիս եկեղեցում: Հայկական ոչ ավանդական հարսանեկան ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) արարողությունն անցել է երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ դերասանուհին առիթը բաց չի թողել սիրելիի համար անակնկալ երգ կատարելու համար: «Գեղեցկության սրահում մտածեցի, որ կարող եմ երգ նվիրել նրան, սակայն երկար եղունգներով դժվար թե կարողանայի նվագել կիթառով. այդպես հարդարված մազերով մտա ինտերնետ ակումբ և Ուիթնի Հյուսթոնի «I will always love you» երգի մինուս տարբերակը վերցրեցի: Արդեն ռեստորանում, մինչ երգելը, վերցրեցի բարձրախոսն ու սկսեցի արտասանել «Ես աչք ու դու լույս հոգի» հայրենը, իսկ Արտակը շարունակեց: Բոլորին թվաց, թե պատրաստվել ենք, այնինչ տեղում այդպես ստացվեց»,- ասաց Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին: Նույն երեկոյան էլ զույգը ամուսնական ճամփորդության է մեկնել Դուբայ:

 

 

Ընտանիքի համալրում` բալիկի ծնունդ 

Չնայած որ 23-ամյա դերասանուհին ինն ամիս անց լույս աշխարհ բերեց իր ու Արտակի առաջնեկին, սակայն միանգամից դարձավ բազմազավակ մայր: Փոքրիկ Հայկն ընտանիքի կրտսեր զավակն է. ավագ քույրերի համար եղբայրը ևս մեծ ուրախություն է: «Ունեմ երեք երեխա. երկու աղջիկ, մեկ տղա` 11-ամյա Լաուրան, 9-ամյա Աննան և 6 ամսական Հայկը: Շատ եմ սիրում նրանց և փորձում եմ հասցնել ամեն բան: Ասեմ, որ ամուսնուս առաջին կինը երիտասարդ տարիքում մահացել է: Այժմ մենք բոլորս միասին ենք ապրում, և նրանք իմ երեխաներն են, որովհետև առաջին իսկ օրվանից խնդրել են ինձ իրենց մայրը լինել ու սկսել են ինձ մայրիկ ասել: Նրանք ինձ պատմում են ամեն ինչ. որքան կարողանում եմ, նրանց հետ ընկերուհի եմ լինում»,- անկեղծ ասաց դերասանուհին:

 

 

Անահիտի խոսքերով` ամեն բան հասցնում է, քանի որ օրվա ընթացքում մի քանի ժամ է աշխատում. այդ ժամերին փոքրիկին խնամում է իր մայրը: Աղջիկների դասերից հետո էլ արդեն տանն է լինում և ժամանակը նրանց հետ է անցկացնում, իսկ ազատ օրերին միասին մայրիկի  ներկայացումներին են գնում:

Ըստ Անահիտի` հուզական անձնավորություն է ու, ի տարբերություն աղջիկների, ովքեր առաջին քայլը չեն անում կամ սպասում են, որ իրենց անակնկալ մատուցեն, Անահիտն ինքն է անում: Նրա համար կրկնակի հաճույք է տեսնել դիմացինի հրճվանքը: «Եթե անգամ վեճեր են լինում, չեմ նեղվում առաջին քայլն անելիս: Ի դեպ, Արտակը դա էլ է շատ գնահատում իմ մեջ, որովհետև շատ քիչ մարդիկ կան, ովքեր կկարողանան հաղթահարել կանացի համառությունը: Հավատացեք, որ երբ ինքդ ես անում առաջին քայլը, նա ավելի է իրեն վատ զգում և ցանկանում է կրկնակին ու եռակին անել»,- հայտնեց դերասանուհին:

 

 

Աշխատանք, կարիերա 

Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով թատրոնում խաղում է «Անուշ», «Սասունցի Դավիթ», «Մոխրոտիկը», «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումներում, նշում է, որ սերը շատ է իր մեջ, ինչի շնորհիվ էլ կարողանում է աշխատել ու համատեղել կարիերան ու ընտանիքը: Բացի թատրոնում խաղալուց և սերիալում նկարահանվելուց, Անահիտը նաև որպես հաղորդավարուհի է հանդես գալիս` վարելով առավոտյան ծրագրերից մեկը:

Հղիության ողջ ընթացքում Անահիտը շարունակել է աշխատել ու մասնակցել նկարահանումներին. «Ծննդաբերությունից հետո` հինգ օր անց, վերադարձել եմ աշխատանքի ու եթերում եղել»:

 

 

Նյութի աղբյուր` http://www.esyes.am/index.php/news/article/view/5/7347/

 

Դիտվել է 11902 անգամ

online-tv.am

Լրահոս