loading...

Գուրգենն ու իր կնինը պարբերաբար ծեծել են մորն ու 82-ամյա տատին

13:28 27.06.2013

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների գործի դատավարությունը:

30-ամյա Գուրգենն ու 27-ամյա Սյուզաննան մեղադրվում են Գուրգենի մորը՝ Թագուհուն և 82-ամյա տատիկին՝ Նազիկին, 2012 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում տան հետ կապված և կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ընթացքում պարբերաբար ծեծի, մարմնական և հոգեկան տառապանքների՝ խոշտանգումների ենթարկելու, դիտավորությամբ ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Այսօր ցուցմունքներ տվեցին ամբաստանյալ ամուսինները՝ կալանքի տակ գտնվող Գուրգենն ու ազատության մեջ գտնվող Սյուզաննան:

Գուրգենը չէր էլ փորձում թաքցնել կամ մեղմել տուժողի տեղում նստած մոր նկատմամբ իր ոչ որդիական վերաբերմունքը: Փոքրամարմին մայրը Գուրգենի ցուցմունքում մարմնավորվեց որպես կռվարար, «կծոտող», ինքն իրեն ու շրջապատին, անգամ մեկ տարեկան երեխային վնասվածքներ պատճառող, թող ներվի ասել՝ «հոգեկան հիվանդ» արարած:

Հիվանդության բնորոշումը որդին տալիս էր առանց ներողության ու խղճմտանքի: Ավելին, կուրծքը վիրահատած մոր հոգեկան վիճակը ստուգելու միջնորդություն էր ներկայացրել դեռ նախաքննական փուլում: Նշանակվել էր դատահոգեբուժական հանձնաժողովային ամբուլատոր փորձաքննություն, որի եզրակացությամբ տուժող Թագուհին հոգեկան հիվանդությամբ չէր տառապել ու չէր տառապում: Սակայն այդ եզրակացությունը ամբաստանյալներն ու իրենց շահերի պաշտպանները հարցականի տակ դրեցին: Ամբաստանյալների ցուցմունքների ավարտից հետո Գուրգենի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց տուժող մորը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ: Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին:

Այսօրվա ամբողջ նիստի ընթացքում Գուրգեն Գրիգորյանը մի ջերմ հայացք չգցեց մոր կողմը: Մոր հետ խոսում էր անհաշտ, անբարեհաճ: Փորձում էր մորն ու տատին հասցրած վնասվածքների, իրենց անվերջ վիճաբանությունների պատճառները մոր աղանդավոր լինելով մեկնաբանել: Բայց դա, ամենայն հավանականությամբ, պաշտպանական մարտավարություն էր:

Գուրգենը մորը ներկայացնում էր բացառապես վատ բնութագրով, իրեն՝ միայն դրական տեսանկյունից: Կեցվածքն այնպիսին էր, ասես հպարտ է իրենով: Մեկ էլ՝ կնոջով: Մորը ոչ միայն մոր, մարդու տեղ էլ չէր դնում. այդպիսին էր որդու պահվածքը:

Տուժող տատիկն այսօր դատարան չէր ներկայացել: Իր ցուցմունքում տատիկն ասել էր, որ Գուրգենն է իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառել՝ բռունցքով հարվածելով գլխին, բայց ինքը ներում է նրան:

Տատիկի մեծահոգի խոսքերը Գուրգենը յուրովի էր ընկալել: Այսօր հայտարարեց, թե տատիկն ասել է՝ Գուրգենը ձեռքով չի խփել, ինձ չի վնասել: Գուրգենը պնդեց, թե հիվանդ տատիկին հարվածել է... բարձով, հետո ճշտեց, թե բարձը պարզապես նետել է տատիկի ուղղությամբ, դրանից հաստատ տատիկը գանգուղեղային վնասվածք չէր ստանա: Այդ վնասվածքը, Գուրգենի հայտարարությամբ, տատիկին պատճառած կլինի մայրը՝ տատիկի դուստրը, այն էլ՝ տաքսու մեջ, երբ տատիկին հիվանդանոց էր տանում:

Գուրգենի դատաքննական ցուցմունքը լսելու պահին տարակուսանք էր առաջանում. ինչպե՞ս են մարդիկ՝ մայր ու որդի, մի հարկի տակ ապրել պարբերական վեճ ու կռվի, ոստիկանության միջամտության, դատաբժշկական փորձաքննությունների, ատելության վերածված անսերության պայմաններում:

Բանն այնտեղ հասավ, որ նախագահողը հարցրեց Գուրգենին. «Տուժողը ձեր հարազատ մա՞յրն է»: «Երևի»,- եղավ մորը պարբերաբար ծեծելու, խոշտանգելու, վնասվածքներ պատճառելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված որդու քմծիծաղային պատասխանը:

Ինչպե՞ս են հարազատ մարդիկ մի հարկի տակ ապրել նման մթնոլորտում: Ի՞նչ զգացմունքներ էին ունենում, երբ դատարանում, հակառակ դիրքերում գտնվելով, նայում էին միմյանց աչքերին: Մերժողական ու անհանդուրժող խոսքեր նետում միմյանց:

Գուրգենն ու Սյուզաննան ամուսնացել են 2009 թվականի հոկտեմբերին: Ըստ ամուսինների՝ Գուրգենի մոր հետ կարողացել էին ապրել ընդամենը 3 օր: Գուրգենն ասաց. «Կնոջս մեր տուն բերելու հենց հաջորդ օրը մայրս նրա հետ կռիվ սարքեց. չպիտի էթաս մորդ, մորաքույրներիդ տուն, մատ թափ տվեց կնոջս վրա: Երրորդ օրը ես ու կինս առանձնացանք, սկզբում ապրեցինք քեռուս տանը, հետո՝ վարձով: Այդ ժամանակ էլ մայրս անհանգստացնում էր մեզ, քարով ջարդում մեր լուսամուտները, կնոջս նեղացնում: Անիմաստ զանգում էր: Ես իրեն միշտ էլ օգնել եմ: Հետո գնացել եմ Ղարաբաղ աշխատելու:

2011 թվականի դեկտեմբերի 24-ին մայրս ինձ հանդիպել է Երևանում, առաջարկել, որ կնոջս ու երեխայիս վերցնեմ, գնամ տուն, միասին ապրենք, երեխաս իր աչքի առաջ մեծանա: Խոստացավ, որ էլ չի կռվի կնոջս հետ: Հավատացի ու ընտանիքիս հետ տուն վերադարձա: Բայց մայրս նորից սկսեց կռվել, ինձ ասում էր՝ ԴՆԹ-ի անալիզ տուր, ստուգիր՝ երեխան քո՞նն է:

Ես տան սեփականության համար չեմ կռվել, դա ինձ բոլորովին չէր հետաքրքրում: Ես ուզում էի իմ կնոջ ու երեխայի հետ նորմալ ապրել:

2012 թվականի հունվարի 4-ին մայրս եռման ջուր լցրեց մեկ տարեկան երեխայիս թևին: Երեխային տարա հիվանդանոց, բայց չդժգոհեցի, չբողոքեցի:

Փետրվարին մայրս դուռը փակել էր կնոջս ու երեխայիս վրա, ինքը պատուհանով երկրորդ հարկից իջել էր ու փախել: Ոստիկաններն են մեր դուռը բացել:

Ինչ վերաբերում է մորս ու տատիս ծեծելուն, ապա ես երկու տեղ աշխատում էի, գիշերներն էլ էի աշխատում, ես տանը չեմ եղել, չգիտեմ, թե ինչպես են նրանք վնասվածքներ ստացել:

...Թե ինչպես է մայրս ձայնագրել՝ իբր ես անկողնում իրեն ծեծում եմ, չեմ պատկերացնում: Էդ ինչպե՞ս ձայնագրիչը միացրեց, որ ես չնկատեցի...

Ես հերքում եմ բոլոր դրվագներով առաջադրված մեղադրանքները: Առնվազն սրբապիղծ պիտի լինեմ, որ էդպիսի բաներ անեմ: Եթե մորս վիրահատված կրծքին քացով խփած լինեի, նա հիմա էստեղ նստած չէր լինի:

Նախաքննության ժամանակ չեմ հիշում, թե ինչ եմ ասել, ինչ եմ գրել:

Վերջին շրջանում մորս ու տատիս հետ համատեղ բնակվել ենք վեց ամիս: Տատին ո՞վ պիտի խնամեր, կի՛նս: Մայրս չգիտեմ, թե ամբողջ օրը որտեղ էր ման գալիս, ուր էր գնում:

Ես աշխատել եմ «Գոռ և ընկերներ» ընկերությունում՝ որպես հյուսն: Ինձ մեղավոր եմ ճանաչում, որ համաձայնեցի ու եկա մորս հետ համատեղ ապրելու: Մեղադրանքի ոչ մի դրվագով ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Մի դրվագով միայն, երբ մայրս երեխայիս շպրտեց, երեխաս վնասվածք ստացավ, ես մորս ապտակելանման հրել եմ: Էդ պահին դեմս ով էլ կանգներ, Աստված էլ կանգներ, կհրեի:

Քանի որ մայրս անընդհատ կռիվ էր անում, ես դիմում գրեցի առողջապահության նախարարին, որ հոգեբուժարանից գան ու մորս հոգեկան վիճակը ստուգեն: Փորձաքննությունը տվել է, թե մայրս հոգեկան հիվանդություն չունի, իսկ ես փսիխոպաթիկ գծեր ունեմ, դրան ես չեմ վստահում:

Մայրս համ էլ աղանդավոր է՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի է գնում: Ամեն կիրակի ընդեղ է, քույրս էլ էդ գծով գնաց Ամերիկա:

Մայրս ուզում էր ինձ ամուսնացնել իր աղանդի աղջիկներից մեկի հետ: Դրա համար էլ ամուսնության առաջին օրից կնոջս վրա մատ էր թափ տալիս:

Կինս մորս գրքերը բարձրաձայն կարդում էր, նրան տանում էր եկեղեցի ու բերում էր, բայց ես թույլ չեմ տվել, որ նրա աղանդի մեջ մտնի, ոչ էլ ես եմ մտել, դրա համար մեզ հետ կռվում էր:

Որտեղի՞ց մորս մարմնական վնասվածքները, որոնց վերաբերյալ բժշկական տեղեկանքներ կան. ես նրան չեմ հարվածել: Կարող ա ինքն ա իրեն վնասվածք պատճառել, ես էլ կարող եմ գլուխս խփել պատին ու ասել, թե Պողոսն է խփել:

Ինձ ասում էր՝ կամ իմ աղանդին պիտի հետևեք, կամ ձեզ կնստեցնեմ:

Ոստիկանությունում, այո, պարտավորագիր եմ գրել, որ մորս ու տատիս չեմ անհանգստացնի: Ոստիկանների խնդրանքով եմ գրել: Ասին՝ գրի, որ մորիցդ պրծնենք, դռնից հանում ենք, լուսամուտով է ներս մտնում:

Տունը, որտեղ մայրս ու տատս են ապրում, հերս ա ստացել, երբ մորիցս բաժանվել է, տունը թողել է իր երեխաներին, այսինքն՝ ինձ ու քրոջս: Բայց ինձ չի հետաքրքրում, թե ով է տան սեփականատերը:

Քրեական գործում տեղեկանքներ կան, որ վնասվածքներ են ստացել նաև երեխաս ու կինս: Այդ բոլորը մայրս է արել: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ խոշտանգել, կտտանքի ենթարկել: Բայց իմ կինը հո գեստապո չի՞, որ մորս խոշտանգեր: Իմ կինը մորս դեմ չի բողոքել, բայց մայրս մեր դեմ բողոքել է: Ծեծն ու բռնությունը միակողմանի չեն եղել: Ո՞ւմ վրա հարձակվես, որ մի հատ չկմճտի: Ամեն մարդ էլ պաշտպանության իրավունք ունի:

Տատս իմ դեմ ցուցմունք է տվել, որովհետև մերս նրան վախեցրել է, ասել է՝ քեզ ծերանոց կգցեմ: Երեսուն տարվա մերս ա, ես չգիտե՞մ: Նա հոգեկան հիվանդություն ունի, փորձագետները տասը րոպեում չեն հասկացել, պետք ա ստացիոնար փորձաքննություն կատարվեր...»:

Փարթամ Սյուզաննան նույնպես նշեց, որ ամուսնության հենց առաջին օրը փոքրամարմին սկեսուրը իր վրա «մատ է թափ տվել»: Չնայած նույն սկեսուրը եկել, Կիրովականից իրեն ուզել է ու բերել: Մինչև ամուսնանությունն էլ երևանյան խանութում աշխատող Սյուզաննայի համար ուտելիք է տարել ու լավ նայել: Հետո է միանգամից փոխել վերաբերմունքը: «Իմ պատվի հետ է խաղացել: Ես իմաստ չէի տեսնում նրա հետ շփվելու, ես նման մակարդակ չունեմ: Ինքը անմակարդակ է, խուլիգանական բառեր էր օգտագործում: Իմ պապը ոստիկան է եղել, ես պապ ու տատ եմ պահել, բարոյապես էլ մաքուր եմ եղել: Թագուհին հարևաններին բերել, մեր սպիտակեղենը ցույց է տվել, կասկածներ հայտնել: Ես էն մարդը չեմ, որ ինձ կասկածեն...

2012 թվականի մայիսի 26-ին մոր ու տղու միջև խոսքուզրից եղել ա, բայց ծեծ չեմ տեսել: Թագուհին սովորություն ուներ՝ ինչ ձեռքի տակ լիներ՝ շպրտում էր՝ դանակ, բաժակ, ապակու կտոր: Դրանցով ինձ վնասվածքներ է պատճառել, կծոտել է: Ես ներգրավվել էի սուռոգատ մայր ծրագրին: Հետս կռիվ էր անում, ձեռքերս կծոտում էր, ասում էր՝ իմ հավատը արգելում է նման բաները, թող տեսնեն, որ վնասվածքներ ունես, քեզ էդ ծրագրից հանեն:

Երեխաս տասնհինգ օր հիվանդանոցում բուժվել է Թագուհու լցրած եռացրած ջրից այրվածք ստանալու պատճառով:

Նա դուռը փակել էր մեր վրա, ինքը ուզում էր երկրորդ հարկի պատուհանից փախչի, ես ձեռքերը բռնել էի, որ չընկնի, գնացել, բողոքել է, թե իրեն ծեծել ենք...

Դուք նրա մարմնի չափերին մի նայեք, ահավոր ուժ ունի: Ո՞ր նորմալ մարդը կթողնի, որ իրեն կծոտեն: Ամուսնուս խաթեր նրան միշտ ներել եմ:

Ամբողջ օրը քննիչը մեր տանն էր, ի՞նչ էր խոսում Թագուհու հետ, ի՞նչ իմանամ: Թագուհին իր հարազատ ծնողին ծեծում էր, ստիպում, որ դռան առաջ սեմըչկա ծախի...

Ինչո՞ւ չենք գնացել նրա տնից, եթե անընդհատ կռվում էր. ես վախենում էի, թե տատին կսպանի ու մեր վրա կգցի, կասի Սյուզին ու Գուգոն են սպանել...»:

Մայրը որդուն փորձեց հարցնել. դու որ Ղարաբաղում ծառայում էիր, մարդ էիր խփել, ես վիրահատված կրծքով եկա հասա, որ քեզ ազատեմ... Տղան էլ պատասխանեց. քեզ հայհոյողին խփել էի, որ դու ինձ էս օ՞րը գցես...

Մոր և որդու հարցուպատասխանը արդեն իսկ կռիվ էր, դատարանի դահլիճում էլ միմյանց հետ խոսել չէին կարողանում, իրար չէին հանդուրժում: Ու մայրը հայտարարեց, թե այդպիսի ժառանգ ունենալ չի ցանկանում...

Երբ դատական տհաճ նիստը ավարտվեց, իր պահվածքից միանգամայն գոհ Գուրգենը հարմարեցրեց, կարոտով համբուրեց կնոջն ու, հավանաբար, կնոջ մայրիկին:

Դիտվել է 4737 անգամ

online-tv.am

Լրահոս