loading...

Երբ արտագաղթում են մտավորականները, կամ կրկնակի ողբերգություն

10:38 31.05.2013

Как страшно чувствовать, что течение времени уносит все, чем ты обладал.

Блез ПАСКАЛЬ

Երբ թաղային հեղինակությունները կամ «թաղի խուժանը» (ինչպես հիմա ընդունված է նրանց անվանել) բացականչում է՝ «Վայ հորս արև, էս ինչքա՞ն մարդ է գնում Հայաստանից», դա նշանակում է՝ ժամանակն է եկել հնչեցնելու SOS ազդանշանը, բայց երբ նույն թաղի խուժանը շարունակելով ասում է՝ «Բա նայեք՝ ինչ կլասի մարդիկ են գնում, ինչքան գիտնական կար մեր թաղում, սաղ գնացին», սա արդեն վկայում է այն մասին, որ մենք կանգնած ենք անդունդի եզրին:

«Արտագաղթ» երևույթը ինձ կամաց-կամաց հիշեցնում է այնպիսի մի վիրուս, որից փրկվելու շանս չկա: Արտագաղթի մասին խոսում են բոլորը` իշխանություններից սկսած, վերջացրած թաղի խուժանով: Հիմա շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու եմ ես այս հոդվածում հենց սկզբից շեշտադրումը դնում «թաղի խուժանի» կարծիքի վրա: Փորձեմ բացատրել, թե ինչու` վերոհիշյալ կատեգորիան միշտ աչքի է ընկել իր անտարբերությամբ նմանատիպ երևույթների հանդեպ, քանզի նրանց համար ավելի արդիական է «դե ուրեմն պետք էր, որ գնացին» սկզբունքը: Եվ երբ նրանք, անտեսելով այս սկզբունքը, ժողովրդական լեզվով ասած «խառնվում են իրար…», ուրեմն արտագաղթի չափերը իրոք աղաղակող են: 

Տարեկան Հայաստանից արտագաղթում է նվազագույնը մի քանի տասնյակ հազար քաղաքացի, որոշ գնահատականներով վերջին տարիներին՝ ավելի քան 100 հազար մարդ: Բոլոր քննարկումներում խոսվում է արտագաղթի «քանակական» կողմի մասին, այսինքն տվյալ՝ ժամանակահատվածում որքա՞ն մարդ է լքել երկիրը, բայց այդ լքողների ո՞ր մասն է կազմում մտավորականությունը, դա որպես կանոն եզակի դեպքերում է լուսաբանվում:

Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի մենք ուշի-ուշով հետևենք արտագաղթածների ցուցակներին և բարձրաձայնենք, երբ այնտեղ տեսնենք տաղանդավոր գիտնականների, մանկավարժների, գրողների և, մի խոսքով, մտավորական «սպեկտորի» ազգանուններ: Չէ՞ որ առանց իրենց մենք` մնացողներս, ուղղակի դատապարտված ենք երբեք «ոտքի չկանգնելու»:

Նյութի աղբյուր`http://hartak.am

Դիտվել է 1448 անգամ

online-tv.am

Լրահոս