Հայաստանի զարգացման ճանապարհին կանգնած ամենամեծ խոչընդոտը. Մարինե Պետրոսյան
01:04 09.08.2012

- Ես գրում եմ գրական լեզվով, որի մեջ խոսակցական լեզվի բավական նկատելի տարրեր եմ մտցնում` «գնում ա», «իրա», «էտ», եւ այլն: Ինչո՞ւ եմ մտցնում: Որովհետեւ ժամանակակից գրական լեզուն շատ ա հեռացել խոսակցական լեզվից` դառնալով շատ առումներով անբնական ու կեղծ լեզու, իսկ անբնական լեզվով հնարավոր չի լավ գրականություն ստեղծել: Շատերն իմ արածը համարում են ոտնձգություն հայերենի մաքրության դեմ: Բայց խոսակցական հայերենն իմ համար «կեղտոտ» հայերեն չի, այլ հայերենի զարգացման աղբյուրներից մեկը, թերեւս, ամենակարեւորը: Եթե ես գրեի ավելի հին ու «բարձր» ոճով, գուցե նորմատիվ գրական լեզուն ինձ բավարարեր ու ես լեզվական նորամուծություններ անելու կարիք չզգայի: Բայց իմ բանաստեղծությունների գեղագիտությունը հասարակի, անզարդի գեղագիտություն ա, որը պահանջում ա նոր լեզու: Նշածս գեղագիտության համաձայն` գեղեցիկը երկինքներում չի, գեղեցիկը զարդախեղդն ու նախշազարդը չի: Ովքեր գեղեցիկը մենակ երկնքում են պատկերացնում կամ պատվանդանի վրա, հենց նրանք էլ հիմնականում չեն սիրում իմ բանաստեղծությունները, դրանք համարելով ոչ գեղեցիկ:
online-tv.am -Ձեր «Կառուցենք մեր հաղթանակի կամարը» հոդվածում խոսելով հաղթանակի և ազատության կապի մասին` դժգոհում եք, որ հասարակությունը չի սովորում սեփական ձեռքբերումները գնահատել: Գրողը, որպես հասարակական գործիչ, ի՞նչ դեր կարող է կամ պետք է ստանձնի:
- Ես հաստատ համոզված եմ, որ Հայաստանը կարող ա լինել մեր տարածաշրջանի ամենաազատ ու զարգացած երկիրը: Մենք էս տարածաշրջանի հաղթած երկիրն ենք ու եթե մեր ռազմական հաղթանակը կարողանանք շարունակել մեր պետության ներսում, մեր հարեւաններից ոչ մեկը չի կարողանա մեր հետ մրցել: Բայց մենք մինչեւ հիմա դա չենք կարողացել անել` չենք կարողացել հասնել նրան, որ պատերազմում հաղթած հայաստանցին սեփական երկրում ապրի արժանապատիվ կյանքով: Ինչո՞ւ չենք կարողացել: Պատճառը մեկը չի իհարկե, բայց իմ համոզմամբ, հիմնական պատճառը էն ա, որ մեզանում հայրենասիրությունը հակադրվում ա ազատությանը: Վաղուց ժամանակն ա հասկանալու, որ Հայաստանի ամենամեծ կապիտալը ազատ հայաստանցին ա, ազատ` բոլոր առումներով, իսկ նրանք, ովքեր հայրենասիրությունը նույնացնում են խավարամտության ու նախնադարյան ինչ-որ պատկերացումների հետ, Հայաստանի զարգացման ճանապարհին կանգնած ամենամեծ խոչընդոտն են: Ի դեպ, էս հարցերը սերտորեն կապված են հին ու նոր գեղագիտության հետ, որի մասին վերեւում խոսում էի: Հին գեղագիտությունը հիերարխիկ գեղագիտություն ա, որը գեղեցիկը պատկերացնում ա պատվանդանի վրա, վերեւում, ու հենց էտ պատճառով` հին գեղագիտության կրողները հաճախ ոչ միայն չեն արժեւորում ազատությունը, այլև բացահայտ հանդես են գալիս դրա դեմ: Ոչ մի քաղաքական գործիչ չի կարող բերել նոր գեղագիտություն, դա կարող են անել գրողներն ու արվեստագետները, ու հենց դա էլ` հին, հնացած գեղագիտության հաղթահարումը, կլինի ամենամեծ գործը, որ հայ գրողն ու արվեստագետը կարող են անել: Չկա, չի լինի նոր մտածողություն` առանց նոր գեղագիտության: Իսկ առանց նոր մտածողության` չի լինի մեր ուզած նոր Հայաստանը:
online-tv.am-Ի՞նչ վերաբերմունք ունեք ծրագրային գրականության նկատմամբ: Որքանո՞վ է արդարացված դրանց ֆունկցիան` որպես հասարակության կրթադաստիարակչական միջոց:
- Վաղուց չէի լսել էտ արտահայտությունը` «ծրագրային գրականություն»: Սովետական ժամանակներում էր շատ օգտագործվում ու եթե ճիշտ եմ հիշում, էն գրականությունն ա, որը ստեղծվում ա կոնկրետ գաղափարներ տարածելու համար: Հայաստանում էսօր էլ կան մեկ-երկու հոգի, մասնավորապես, ՀԱԿ-ի ակտիվ համակիրներից, որոնց ստեղծածը երեւի կարելի ա ծրագրային գրականություն համարել, բայց խոշոր հաշվով եթե նայենք, նախ կինոյի ու հեռուստատեսության, էսօր նաեւ Youtube-ի հաեւանությամբ գրականությունը որպես քարոզչական միջոց ակնհայտորեն զիջում ա առաջիններին, ու ծրագրային գրականություն ստեղծելու իմաստը կորում ա: Ու դրանից գրականույթունը չի տուժում, իհարկե, շահում ա, որովհետեւ քարոզչական նպատակ դնելու դեպքում դժվար թե ստեղծվի լավ գրականույթուն:
online-tv.am-Ո՞րն է Ձեր վերջին տպագրված գործը (գիրքը), ի՞նչ նոր ծրագրեր ունեք ստեղծագործական ոլորտում:
- Վերջին գրքերս «Սալաթ կրակոցներովն» ու «Կարմիր աֆիշն« են: Երկուսը միաժամանակ հրատարակվեցին անցած մայիսին, առաջինը` բանաստեղծությունների, երկրորդը` հոդվածների ժողովածու: «Սալաթ կրակոցներովը» իմ չորրորդ բանաստեղծական ժողովածուն ա (կամ վեցերորդը` եթե Ֆրանսիայում թարգմանաբար հրատարակված երկու ժողովածուներն էլ հաշվեմ): Գիրքը հրատարակելուց հետո բազմաթիվ ընթերցումներ եմ կազմակերպել Երեւանում եւ Գյումրիում, որից շատ գոհ եմ: Էտ գրքից հետո գրածս բանաստեղծությունները դրված են ֆեյսբուքում` որպես Գրառումներ: Երբ որ բավականաչափ լավ բանաստեղծություններ հավաքվեն` նոր գիրք կհրատարակեմ, երեւի մյուս տարի: Ֆեյսբուքը իմ համար շատ կարեւոր տարածք ա էսօր, ես իմ նոր ընթերցողին հիմնականում ֆեյսբուքով եմ գտնում: Ու քանի որ իմ նոր ընթերցողները իմ նախորդ գրքերին հիմնականում ծանոթ չեն, որոշել եմ մի գիրք հրատարակեմ` հատընտիրի նման մի բան, որտեղ կլինեն իմ բոլոր չորս գրքերի լավագույն գործերը: Դա կլինի իմ անցած բանաստեղծական ճանապարհի պատկերը, ու վստահ եմ` շատերին կհետաքրքրի, քանի որ իմ ձեռագիրը բավական փոփոխություններ ա կրել անցած 25 տարիների ընթացքում` 1987-ից (երբ տպագրվեց իմ առաջին շարքը «Գարուն» ամսագրում) մինչեւ հիմա:
Հ.Գ. Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը տիրապետում է մի քանի լեզուների` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Իր առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987 թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ», 1993թ։ Այս գիրքը շվեյցարացի բանաստեղծ Վահե Գոդելի կողմից թարգմանվեց ֆրանսերեն եւ երեւանյան հրատարակությունից ընդամենը 2 տարի անց լույս տեսավ Ֆրանսիայում`J'apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp'Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), 2003թ. հրատարակեց Մ.Պետրոսյանի երկրորդ ֆրանսերեն ժողովածուն` Erevan: 2005-ին դարձել է UNESCO-Aschberg մշակութային հիմնադրամի մրցույթի հաղթող` «Ջերասի ծրագրի» ռեզիդենտ-արտիստ, ու հենց այստեղ էլ` Սան Ֆրանցիսկոյին մերձակա անտառներում տեղավորված արտիստական տանը, գրել իր երրորդ գիրքը` «Հայաստանի ծովափին» տարօրինակ վերնագրով։ Գրում է նաեւ էսսեներ` անդրադառնալով քաղաքական եւ մշակութային կյանքի ակտուալ խնդիրներին։



Դիտվել է 2214 անգամ
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
Լրահոս
-
Սարսափելի էսթետիկ փոփոխություններ.ՖՈՏՈՇԱՐՔ
-
Ձեռբակալվել է Սուրենավանի գյուղապետը
-
Արեւապաշտպան քսուքի բաղադրության մեջ կմտնի ելակի էքստրակտ
-
Կիսամերկ ուղեւորուհիներով բայքերներին պատժել են
-
Սուտը բացասաբար է անդրադառնում առողջության վրա
-
Դերասան Քրիսթին Ստյուարտն ու Ռոբերտ Փաթինսոնը նախաճաշել են կանաչ մարգագետնում
-
Չելսիի հերթական տրանսֆերը
-
Բալն ընդեմ անքնության
-
Հին հռոմեական նավի մնացորդներ են հայտնաբերվել
-
Ի՞նչ է անհրաժեշտ առողջ ու երկար ապրելու համար
-
Հանուն փողի ինչի՞ է պատրաստ բազմազավակ մայրիկը
-
Պանրի ու յոգուրտի օգտակար հատկություները
-
Զարմանալի բնական երևույթ Դանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հիմա ավելի շատ տղանե՞ր են ծնվում, թե` աղջիկներ
-
Շոգ եղանակին պաղպաղակը, սառը ցնցուղ ընդունելը և օդորակիչները վտանգավոր են առողջությանը
-
Ջրացատկորդի խայտառակ ցատկը ծիծաղ է առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Շոգի պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարվել Իտալիայում
-
Ինչու՞ է մուսուլման կինը կծել են ոստիկաններին
-
Տոտին հիվանդանոցում բուժզննում է անցել
-
Ինչպե՞ս ճիշտ վիճաբանել, որպեսզի պահպանեք ընտանեկան անդորրը