loading...

Շողիկ ճամբարում սեռական դաստիարակության դասընթացի ժամանակ երեխաներին պոռնոֆիլմեր են ցուցադրել

13:58 12.07.2013

Հանքավանում գտնվող Շողիկ ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ: Այս մասին ահազանգում է Հայաստանյայց ավետարանչական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Արմեն Միքայելյանը, ում խոսքերով՝ այս ամենը կատարվում է ոչ միայն տվյալ ճամբարում, այլև շատ այլ վայրերում, պարզապես ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնում: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք դիմել են արդարադատության նախարարությանը. «Նախարարության զգուշացումից հետո ցուցադրությունը դադարեցվել է միայն Շողիկ ճամբարում, իսկ մնացած բողոքական ճամբարներում այդ այլանդակությունները շարունակվում են»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ևս իր մտահոգությունը հայտնեց այս կապակցությամբ՝ հավելելով, որ այդ երևույթը հատկապես տարածված է ամռանը, քանի որ երեխաները ճամբար գնում են հենց տարվա այդ եղանակին. «Ես չեմ կարող ծնողներին կոչ անել չուղարկել, շատ դեպքերում ծնողները նույնիսկ տեղյակ էլ չեն, ամեն դեպքում պետք է զգույշ լինել»:

Ամալյանի խոսքով՝ այս ամենի պատասխանատուն ավետարանչական ընկերակցության ղեկավար Հարություն Ներսիսյանն է:

Արմեն Միքայելյանի կարծիքով՝ ավետարանչական եկեղեցին ինքնին մեղք չունի, ուղղակի այնտեղ կան ոմանք, ովքեր նման բաներով են զբաղվում: Իր հերթին Ա. Ամարյանը ավետարանչական եկեղեցին որակեց որպես աղանդ, ինչին կտրականապես դեմ էր Արմեն Միքայելյանը՝ նշելով, որ աղանդն այն է, երբ մարդը չի ընդունում Աստվածաշունչը, հիմնվում է այլ բաների վրա. «Սա աղանդավոր եկեղեցի չէ, մենք չենք հետևում անձի ստեղծած վարդապետությանը, մենք հետևում ենք Աստծո շնչին»:

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_society_198493.html

Դիտվել է 10574 անգամ

online-tv.am

Լրահոս