loading...

Վայոց Ձորում ավտովթարի հետևանքով մահացել է 1 երեխա , իսկ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:53 28.06.2013

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանի կողմից, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է, երեկ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20:00 -ի սահմաններում, Երևանի բնակիչ 39 ամյա Անի Սարգսյանը վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի 30 ԼՏ 438 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի գերեզմանատան մոտ, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը և ուղևորներ 8 ամյա Էլիզե Քալորինը, 6 ամյա Իլյա Քալորինը, 13 ամյա Մարիա Քալորինը, 61 ամյա Սրբուհի Սարգսյանը, 7 ամյա Ելենա Զաքարյանը, 8 ամյա Քրիստինե Բաղդասարյանը և 5 ամյա Ռազմիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ռ. Բաղդասարյանը մահացել է: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Ավետիսյանի և հրամանատարի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել ձորից:

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-06-28-Vayoc-Dzor-Vtar.html

Դիտվել է 4070 անգամ

online-tv.am

Լրահոս