loading...

Փաստեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը

17:41 12.09.2013

operativ.am  Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ' շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը: Ըստ տարածված մոլորության' ամուսնությունը հանդարտեցնում է «ամենատաքգլուխ» երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին…

 

Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ' իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը: Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ: Ինչքան ավելի փոքր տարիք ունեն մարդիկ ամուսնանալու պահին, անքան ավելի քիչ կայուն է նրանց կապը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան մարդկանց ամուսնությունների մոտ 75%-ը ավարտվում են ապահարզանով: Ապագա ապահարզանի հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ նորապսակներն իրար հետ ծանոթ են ոչ երկար ժամանակ: Չափազանց անխելամիտ է ամուսնական դաշինք կնքել մի մարդու հետ, ում ճանաչում ես մեկ տարուց քիչ: Առանց շարունակական /առնվազն մեկ տարվա/ շփումների դուք չեք կարող պատկերացնել' ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները ամուսնությունից հետո, երբ անցած կլինի ռոմանտիկ սիրահարությունը: Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ' որքանով եք համապատասխանում իրար: Եթե դուք տարակուսանքի մեջ եք այն առիթով, թե արժե ամուսնանալ տվյալ անձնավորության հետ, փորձեք պատասխաններ գտնել հարցերի այն երկար շարանին, որոնք հիմա կներկայացնենք: Գուցե դրանք փոքր-ինչ երկար են, բայց հավատացնում ենք' իրենց նշանակությամբ չափազանց կարևոր են, և լավ է, որ այս ամենը ինքներդ ձեզ համար պարզեք նախքան նրա հետ ընտանիք կազմելը:

 

Եվ այսպես' փորձեք պարզել. Հաճա՞խ է արդյոք ձեր երկրպագուն անտարբերություն ցուցաբերում ձեր հետաքրքրությունների, գաղափարների, զգացմունքների ու խնդիրների նկատմամբ: Ընդունա՞կ է հանուն ձեզ որոշակի փոխզիջումների գնալ, օրինակ, որևէ տեղ գնալու կամ ժամանցն անցկացնելու առիթով: Եսասե՞ր է նա արդյոք: Երբևէ եղե՞լ է, որ նրա հետ շփվելիս հիասթափություններ, խոր վիրավորանքներ կամ լուրջ տխրություններ ապրեք: Չի՞ թվում, որ ձեզ օգտագործում են: Կարողանու՞մ է նա ընդունել իր սխալներն ու ներողություն խնդրել դրանց համար: Ինչպե՞ս է նա պահում իրեն ձեզ հետ, երբ զայրացած է կամ գործերն այդքան էլ լավ չեն: Ի՞նչ առիթով են ավելի շատ ձեր միջև խնդիրներ ծագում: Ո՞ր պահերին եք դուք տխուր ու ճնշված զգում: Կարողանում է ձեր ապագա կողակիցը զսպել իր պոռթկումը: Ընդունա՞կ է նա զայրույթի ժամանակ ջարդել որևէ բան, որևէ բան շրխկացնել գետնին կամ հարվածել կենդանու: Լինու՞մ են նրա մոտ հաճախակի զայրույթի պոռթկումներ առանց պատճառի: Ինչպե՞ս է նա վարվում այլ մարդկանց հետ, երբ զայրացած է: Եղե՞լ է երբևէ, որ նա սպառնա, վախեցնի կամ ծեծի որևէ մեկին: Հաղորդակցությունը յուրաքանաչյուր հարաբերությունների անբաժանելի մասն է: Միշտ կարո՞ղ եք ասել նրան այն, ինչ իսկապես զգում եք, թե՞ խոսակցությունները որոշակի թեմաներով միշտ վերջում հանգեցնում են վեճի: Զգայու՞ն է նա ձեր ապրումների վերաբերյալ, թե՞ ժամանակ առ ժամանակ չի ցանկանում լսել ձեզ ու խոսել որևէ բան: Կարողանու՞մ եք դուք խնդիրներ լուծել ու քննարկել զանազան նուրբ պահեր: Անհրաժեշտության դեպքում դուք գնու՞մ եք փոխադարձ զիջումների, թե մշտապես միայն մի կողմն է ստիպված լինում զիջել: Հավատու՞մ եք դուք նրան, կարող եք կասկածել նրա ազնվությանը: Ընդունա՞կ եք խաբելու իրար կամ թաքցնելու ճշմարտությունը: Հե՞շտ է արդյոք ձեր ընկերը հմայվում կամ զոհ գնում կողմնակի ազդեցությունների: Դուք նրա ներկայությամբ զգու՞մ եք ձեզ հարմար, բնական, ձեզ դու՞ր է գալիս նրա հետ լինելը: Հետաքրքի՞ր է նրա հետ: Գնահատու՞մ եք միմյանց կենսական սկզբունքներն ու արժեքները: Նա օժտվա՞ծ է իր արարքների հետևանքները սթափ գնահատելու հատկությամբ: Չունի՞ հակում դեպի ալկոհոլը կամ թմրադեղերը: Օգնու՞մ են ձեր հարաբերությունները բացահայտել այն ամենալավը, որ կա ձեր մեջ, թե՞ հակառակը մակերես են հանում բոլոր թերությունները: Չե՞ն ավելացնում դրանք ձեր խնդիրները' կապված, օրինակ, դեպրեսիաների հակման կամ ալկոհոլի հանդեպ սիրո հետ:

Եթե պատասխանները այս հարցերից մի քանիսին ձեր օգտին չեն, ուրեմն ձեր սիրավեպի մեջ ճեղք կա: Ամուսնության որոշում կայացնելիս' այս իրավիճակում ավելի լավ է խզել կապերը ներկայիս երկրպագուի հետ և փորձել կյանքի մի այլ ուղեկից գտնել: Այն, թե ինչպես է մարդը պահում իրեն կոնֆլիկտային իրավիճակներում այլ մարդկանց հետ, շատ ավելի է բացում նրա բնավորությունը հնարավոր ապագայում ձեզ հետ շփվելիս, քան պահվածքը բախումների ժամանակ հիմա' սիրահետման ընթացքում:

Հարցերն այն մասին, թե ինչպիսին է ձեր ընկերը զայրույթի ժամանակ, չի ջարդում արդյոք իրեր, հարվածում կենդանիների, չի սպառնում, վիրավորում, վախեցնում կամ հարվածում ձեզ, հնարավորություն է տալիս տեսնելու այն վտանգի նշանները, որը ժամանակի հետ կհանգեցնի բռնության ձեր հանդեպ: Եթե ձեզ թեկուզ մեկ անգամ հարվածել են, ստիպել ֆիզիկապես տանջվել կամ ստիպել են զգալ մշտական քննադատության, նվաստացման ու սպառնալիքի առարկա, ապա անմիջապես խզեք կապերը նրա հետ:

Երբեք մի՛ ամուսնացեք այն հույսով, թե ժամանակի հետ նա կփոխվի: Իսկապես, որոշ դեպքերում ամուսնությունից հետո մարդիկ փոխվում են դեպի լավը, բայց ավելի հաճախ կատարվում է հակառակը. թերություններն ու խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում այն բանից հետո, երբ թուլանում են սկզբնական կրքոտ զգացմունքները: Եթե չեք ուզում ինչ-որ տհաճ հետևանքների համակերպվել ամբողջ կյանքում, սպասեք կայուն փոփոխությունների մինչև ամուսնությունը կամ, այնուամենայնիվ, ընտրեք կյանքի այլ ուղեկցի:

 

Նյութի աղբյուր` http://operativ.am/?p=38075/%D5%80%D5%A1%D6%80

Դիտվել է 4023 անգամ

online-tv.am

Լրահոս