loading...

100 դրամ վճարելու համար զայրացած երթուղայինի վարորդը 4-ամյա երեխային վրաերթի է ենթարկել

14:35 11.09.2013

1in.am  Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գագիկ Գեղամյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Դատաքննությամբ, ըստ դատական ակտի, պարզվել է, որ Գագիկ Գեղամյանը, չունենալով «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, վարել է «ԻՍԱՎ» ՍՊԸ-ին պատկանող, իրեն չամրակցված, բայց վստահված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան՝ որպես թիվ 22 երթուղային տաքսի:

2012 թվականի հունվարի 27-ին, ժամը 12-ն անց 30 րոպեին Գեղամյանը երթուղայինով ընթացել է Նորքի 13-րդ փողոցով:

Հասնելով 13-րդ և 15-րդ փողոցների խաչմերուկ՝ ուղևորներ իջեցնելու նպատակով նա կանգնեցրել է մեքենան:

Իջել են վկա Մարինե Յ.-ն, ապա՝ խուլուհամր Տաթևիկ Հ.-ն, ով երկու երեխաների հետ էր, ավագ երեխան 4-ամյա Մարկոսն էր:

Երկու երեխաների հետ լինելով՝ Տաթևիկը վճարել է միայն 100 դրամ, այսինքն՝ երկու երեխայի համար չի վճարել, ինչով, ըստ դատական ակտի, հարուցել է երթուղայինի վարորդի զայրույթը:

Տաթևիկն իջել է՝ ձախ ձեռքով գրկելով կրտսեր երեխային, աջ ձեռքով բռնելով ավագի՝ Մարկոսի ձեռքը: Այնուհետև նա բաց է թողել Մարկոսի ձեռքը, որ կարողանա փակել երթուղայինի դուռը:

Չորսամյա Մարկոսը երթուղայինի առջևի աջ անկյունային մասից քայլելով՝ ցանկացել է հատել փողոցը:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալը, չսպասելով, որ ուղևորը փակի մեքենայի դուռը, չհամոզվելով մանևրի անվտանգության մեջ, վերսկսել է երթևեկությունը և, հնարավորություն ունենալով հայտնաբերել իր վարած մեքենայից իջած ու դրա առջևում հայտնված անչափահաս հետիոտն Մարկոսին, մանևրել է դեպի առաջ ու ձախ, որի արդյունքում ավտոմեքենայի առջևի կենտրոնական մասով վրաերթի է ենթարկել երեխային: Ամբաստանյալը, զգալով ավտոմեքենայի ոչ սովորական տատանում, սակայն չմտածելով, որ մեքենան անցել է երեխայի վրայով, արգելակել է, դուրս գալով ու տեսնելով ավտոմեքենայի հետևի մասում՝ գետնին ընկած երեխային, գրկել է նրան ու նրա մոր հետ նույն մեքենայով գնացել հիվանդանոց, սակայն ստացած մարմնական վնասվածքներից երեխան ճանապարհին մահացել է»:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Գագիկ Գեղամյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նա պատճառաբանել է, որ հանցագործություն չի կատարել:

Ամբաստանյալը նշել է, որ երեխաների ու նրանց մոր իջնելուց հետո մեքենայում մնացել է ուղևոր Մարինե Յ.-ն, ով պետք է իջներ փողոցի վերջում: Մեքենայից իջած մայրն ու երեխաները կանգնել են մայթին՝ մեքենայից 1-1,5 մետր հեռավորության վրա: Ինքը կանգառից հետո շարժվել է՝ նայելով աջ ու ձախ հայելիներին ու համոզվելով, որ ոչ մի վտանգ չկա: Մոտ 5-6 մետր անցնելով՝ զգացել է մեքենայի ոչ սովորական տատանում, բայց չի մտածել, թե մեքենան կարող էր անցնել երեխայի վրայով: Երբ ձայներ է լսել, կանգնել է, ձախ հայելիով տեսել, որ երեխան ընկած է մեքենայի հետևի մասում՝ մոտ երկու մետր հեռավորության վրա, ճանապարհի մեջտեղում: Անմիջապես իջել է, երեխային դրել մեքենան ու տարել հիվանդանոց:

Գեղամյանը պնդել է, թե իր և ուղևոր Տաթևի միջև 100 դրամ վճարելու հետ կապված՝ ոչ մի խոսակցություն չի եղել: Երբ շարժվում էր, մեքենայի դուռը փակված է եղել, եթե այն փակված էլ չլիներ, ապա առաջ շարժվելու ընթացքում իներցիայով կփակվեր:

Գեղամյանը նշել է նաև, որ եթե երեխան անցներ մեքենայի առջևով, ինքը կտեսներ նրան, քանի որ նայել է դիմացը ու խոչընդոտ չի տեսել: Իր կարծիքով՝ «նկատի ունենալով, որ երեխան մահացել է իր վարած մեքենայի տակ ընկնելու հետևանքով, միակ տարբերակն այն է, որ նա պպզած լինի մեքենայի առջևի մասում, այդ դեպքում ինքը նրան չէր նկատի»:

Երեխայի մայրը՝ Տաթևիկը ցուցմունք է տվել, որ երթուղայինի վարորդը փոխել է երթուղին, չի անցել 9-րդ փողոցով: Նորքի 13-րդ և 15-րդ փողոցների խաչմերուկի մոտ ինքը ձեռքով թփթփացրել է վարորդի ուսին, հասկացրել, որ ցանկանում է իջնել: Մեքենան կանգնել է: Իրենից առաջ իջել է ուղևոր Մարինե Յ.-ն: Ինքը գրկել է կրտսեր երեխային, բռնել ավագ որդու ձեռքից ու իջեցրել մեքենայից:

Երբ վճարել է 100 դրամ, տեսել է վարորդի ջղայնացած դեմքը:

Մեքենայից իջնելով՝ թողել է Մարկոսիկի ձեռքը, որ փակի մեքենայի դուռը, բայց չի հասցրել, մեքենան արագ շարժվել է տեղից:

Մինչև մեքենայի կտրուկ շարժվելը ինքը փողոցն անցնել ցանկացող որդուն՝ Մարկոսին տեսել է մեքենայի առջևի աջ մասում՝ մեքենայից մոտ երկու մետր հեռավորության վրա, իսկ մեքենայի շարժվելուց հետո նրան տեսել է մեքենայի հետևի մասում՝ գետնին ընկած...

Ցավոք, Տաթևիկը խուլուհամր էր, նա չէր կարող ձայնով սաստել ու փողոցն անցնելուց հետ պահել երեխային: Նրանց իջնելուց հետո մեքենան անմիջապես շարժվել է, այնպես որ նա չէր էլ հասցնի բռնել երեխայի ձեռքից:

Ողբերգական այս դեպքը կարող էր և չլինել, եթե ուղևորների սպասարկումն ավելի բարյացակամ ու մարդկային ձևով իրականացվեր, հաշվի առնվեր գոնե, որ երկու երեխայի հետ կին է իջնում մեքենայից, այն էլ՝ խուլուհամր...

Ընդհանուր իրավասության դատարանը դատական ակտում արձանագրել է, որ հանցակազմի բացակայության հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին և օրենքով արգելված կարգով իրականացված քննչական փորձարարության արդյունքում ստացված տվյալների վրա հիմնված դատաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններն ու քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունները չեն կարող բավարարվել անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել նախաքննական մարմնի կողմից Գագիկ Գեղամյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հունվարի 27-ից:

Գեղամյանը 3 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ հանցակազմի բացակայության հիմքով պետք է դադարեցվի Գեղամյանի քրեական հետապնդումը և կարճվի քրեական գործի վարույթը:

 

Մանրամասները այստեղ`     1in.am

 

Դիտվել է 5232 անգամ

online-tv.am

Լրահոս