loading...

19-ամյա ծննդկանին վատ վիճակում ուղարկել են տուն, որ տանը մեռնի. հարազատները բողոքում են

17:33 07.02.2018

Լուսանկարում՝ Լիլիթը
«Հայկական ժամանակ» օրաթերթ     Հունվարի 28-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ. Խ.-ի հարազատները անպատասխան շատ հարցեր ունեն:

Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը:

Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել: Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես:

Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս...»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել:

Նրան շարունակեց Լիլիթի հորաքույրը: «Լիլիթն ասել է, որ ներսից ցավեր ունի, կախվածություն ունի, տաքություն ունի, իսկ բժիշկն իրեն բացատրել է, որ կարերն այտուցված են, կախված է, դրանից է տաքությունը: Ես չեմ հասկանում, եթե կարերը այտուցված են, բժիշկն ի՞նչ պիտի անի: Այտուցվածություն՝ նշանակում է կա բորբոքային պրոցես»,- կարծիք հայտնեց Արմիեն Ա.-ն: Հաջորդ օրը Լիլիթին այցելել է սկեսուրը եւ հարսին հայտնաբերել էլ ավելի վատ ինքնազգացողությամբ: Ծննդաբերության երրորդ օրը, սակայն ծննդկանին դուրս են գրել, ինչը չի նշանակում, որ նա սկսել էր իրեն լավ զգալ:

«Երրորդ օրը, երբ որ դուրս են գրել, երկու հոգի թեւերը մտած վերելակից դուրս են բերել, հասցրել ամուսնուն: Ամուսինը ծաղիկներով է դիմավորել, երեխան (Լիլիթը-խմբ.) ասել է՝ ես չեմ կարող բռնել ծաղիկը, մի տուր, ես լավ չեմ, ես մեռնում եմ: Ամուսինը նայում, տեսնում է քրտինքի մեջ կորած, տաքության մեջ վառվում է: Հենց վերելակի մոտից զանգում է բժշկին, ասում է՝ բժիշկ, կինս լավ չէ, ոնց իրեն ես տուն տանեմ, ախր մենք գյուղ տեղ ենք ապրում, հեռու ենք: Բժիշկը պատասխանում է՝ խնդիր չկա, տաքություն է, կասեմ ինչ դեղեր անեք, արյան տոկոսն է ցածր, սնիկերս տվեք, թող ուտի, անալգին-դիմեդրոլ արեք, թող քնի, իրեն մի խանգարեք»,- փոխանցեց տիկին Արմինեն եւ զայրացած ավելացրեց. «Այսինքն՝ թող քնի, մեռնի, իրեն մի խանգարեք, կարեւորը՝ հիվանդանոցում չմեռնի»:

Նա հայտարարեց, որ եթե անգամ Լիլիթը բաժանմունքից դուրս գալիս շատ լավ ինքնազգացողություն ունենար, բժշիկն իր պարտքը պետք է համարեր նրան հետ կանչել, երբ լսել է, որ վատ է զգում:

«Թող հետ՝ բաժանմունք տաներ, ժամեր չկորցներ: Ցերեկվա ժամը երեքից, երբ Լիլիթին դուրս են գրել, մինչեւ գիշերը ժամը տասնմեկը, երբ նրան հետ են բերել հիվանդանոց, բժիշկը կարող էր այդքան ժամ երեխային ստուգել, տեսներ ինչից է, եթե նախորդ երկու օրը չի ստուգել: Այդ ժամանակ թող հետ դարձներ, թող պայքարեր կյանքի համար, ասեր՝ ինչ խնդիր է մոտը առաջացել, ինչի դեմ են իրենք պայքարում: Ինքը չի արել ոչինչ»,- պատմեց հորաքույրը:

Լիլիթը Արարատի մարզի Արարատ քաղաքից հարս է գնացել Ուրցաձոր համայնք: Հիվանդանոցից տեղ հասնելուց հետո, հորաքրոջ փոխանցմամբ, ամուսինը ստիպված է եղել արդեն թուլացած կնոջը տուն տանել գրկած: Ծնողները տարակուսել են՝ ինչու են այս վիճակում դուրս գրել, նա էլ, ոչ պակաս տարակուսած պատասխանել է, որ բժիշկը պնդում է, թե լուրջ խնդիր չկա:

Բայց ժամեր անց, տեսնելով, որ հարսը մեռնում է, մարմինը սկսում է այտուցվել, ընտանիքում որոշում է ընդունվել նրան դարձյալ տեղափոխել «Էրեբունի»:  

«Վերադառնալուց հետո երեխային տարել են վերակենդանացման բաժանմունք, այդ վիճակով թողել են մինչեւ առավոտվա վեցը, առավոտյան եկել է 15-18 հոգանոց ինչ-որ բրիգադ: ...Ժամը վեցին երեխային պատգարակով հանել են անգիտակից վիճակում, կարելի է ասել՝ արդեն մեռած: Չթողեցին դիպչենք, տարան իբր թե վիրահատարան»,- շարունակելով նշեց Արմինե Ա.-ն:  

Հետո բժիշկներից մեկը Լիլիթի հորն ասել է, թե նրան մահից փրկեցին, քանի որ արգանդի մեջ գոյացություն է եղել: Ավելի ուշ հայտնել են մահվան բոթը: Բայց այդպես էլ, ըստ տիկին Արմինեի, չեն պարզաբանել պատճառը: Տարբեր բժիշկներ, ըստ նրա, տարբեր խնդիրներ են մատնացույց արել. «Մի բժիշկն այդպես է ասել, մյուսն ասել է՝ տրոմբ, չգիտեմ ինչ անոթ է պայթել, մյուսն ասել է՝ արյան վարակ է անցել»:

Նա ընդգծեց, որ երբ ստացել են Լիլիթի մահվան թուղթը, այնտեղ նույնպես մահվան որեւէ պատճառ նշված չի եղել:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ http://www.armtimes.com

Դիտվել է 7340 անգամ

online-tv.am

Լրահոս