loading...

28-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի մեջ. վարորդին և 2 մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

18:23 26.11.2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Mercerdes մակնիշի 05 ZZ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցի թիվ 6/3 հասցեի դիմաց մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Ավան 6-րդ փողոցի բնակիչ Լևոն Ավետիսյանին պատկանող «Մազ» մակնիշի 34 FZ 551 համարանիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ վարորդը, ով, ըստ նախնական տեղեկությունների, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հարությունյանն է, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների հերթապահ բրիգադը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի ու թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Հրշեջ-փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ դիերը ավտոմեքենայի միջից դուրս բերելու համար։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Ոստիկանության ավանի բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հայկ Թումանյանը և ՃՏՊ քննչական բաժնի պետ Ա. Վանյանն ու Ս. Սամվելյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 696 անգամ

online-tv.am

Լրահոս