loading...

Աբասին զորամասում 7-8 հոգով ծեծել են, գլխին կապտուկներ կան. ինչ են պատմում Հացիկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:58 16.08.2017

Armtimes.com-ն երեկ`օգոստոսի 15-ին, տեղեկացրել էր այն մասին, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում կախված են գտել նույն գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 19-ամյա Աբաս Սլոյանին: Վերջինս զինծառայող էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հարազատների խոսքով` նա դեռ մեկ ամիս էլ չկար, որ մեկնել էր ծառայության, մի քանի օր առաջ նրա երդման արարողություն է եղել, բոլոր հարազատները, ընկերները գնացել են: Պատմում էին, որ նա մեծ սիրով էր մեկնել ծառայության, նույնիսկ Արցախ մեկնելու ցանկություն է ունեցել:

Հացիկում նրա ինքնասպանության հետ կապված հետեւյալ վարկածն է շրջանառվում, որ նա զորամասում զրույցի ընթացքում ասել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ, ովքեր Արցախից են տեղափոխվել Արմավիրի զորամաս, նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: Ըստ Հացիկի բնակիչների` փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի  ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով` 7-8 հոգով Աբասին ծեծել են, նա էլ զորամասից փախել, եկել է գյուղ եւ ասել, որ հրաժարվում է զորամաս գնալուց, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը: Այս վարկածը armtimes.com-ին պատմեց Գյումրի-Հացիկ ավտոբուսի ուղեւորներից մեկը, թեեւ Հացիկում եղան բնակիչներ, ովքեր կրկին նշեցին, որ լսել են այս պատմությունը:

«Այդ օրն` ամբողջ ցերեկ տանը չի եղել, քույրը պատահական անցել է հացատան կողքով եւ տեսել է նրա թեւը, ուշագնաց է եղել, այդպես իմացել են, որ նա կախվել է: Կախվելու պրոցեսն էլ այնքան պրիմիտիվ է եղել, որ ուզեր կարող էր իր կյանքը փրկել: Հացատան գերանին ընդամենը մեկ տուկի թել է քցել ու վերջ: Այսինքն՝ վիզն ամբողջովին թելով չի փաթաթել, թելի մի մասը վզի կողմից է եղել, մեկն էլ գերանից»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմեց համագյուղացիներից մեկը:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ`ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Աբասի նախկին փեսան:

«Նա, որ եկել է տուն գլխի եւ ճակատի մասում արյունոտ վերքի թարմ տեղեր են եղել, բայց նա այդ մասին ոչ մի բան չի ասել հարազատներին»,-պատմեցին Հացիկում:

Այս վարկածներն Աբասի հայրը եւ մյուս հարազատները կտրականապես հերքեցին: Նրանք որեւէ պատճառ չեն կարողանում ասել, թե ինչը կարող էր տղային ստիպել նման քայլի գնալ:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://armtimes.com/hy/article/118397

 

Դիտվել է 1976 անգամ

online-tv.am

Լրահոս