loading...

Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը. 1in.am/

19:28 16.10.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Ռազմիկ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/3 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց Ռազմիկ Հովհաննիսյանը «գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ» վիճել է իր ծանոթ, 26-ամյա բանգլադեշցի Գոռ Գ.-ի հետ:

Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ժամանակ Գոռը հայհոյել է Ռազմիկի ծնողների հասցեին, ինչի պատճառով Ռազմիկ Հովհաննիսյանը Գոռին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկսայրանի շեղբ ունեցող ծակող-կտրող առարկայով երեք անգամ հարվածել է Գոռի գլխին, կրծքավանդակի ու որովայնի ձախ մասերին:

Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ գլխի ձախ կեսի կտրած վերք, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերք և որովայնի ձախ կեսի թափանցող ծանր վերք, որն իր ընթացքով վնասել է որովայնի ուղիղ մկանի փակեղները, ուղիղ մկանը, որովայնամիզը, մեծ ճարպոնը, բարակ աղու գալարները, որովայնային աորտան և ուղեկցվել է ներքին առատ արյունահոսությամբ:

Գոռ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելով՝ Ռազմիկ Հովհաննիսյանը դիմել է փախուստի:

Գոռ Գ.-ի արնաշաղախ մարմինը հայտնաբերվել է «Չարբախի փոս» կոչվող վայրում:

Բուն դանակահարության պահը ֆիքսվել է դանակահարության վայրում գտնվող տեսախցիկի կողմից:

Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնաբերվել է, նա իրավապահներին ներկայացել է որպես դերասան, ասել է, թե նկարահանվել է մի քանի սերիալներում:

Ռազմիկ Հովհաննիսյանը նախկինում դատվածություններ ունի՝ 2014 թվականին նա դատապարտվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, նա ազատվել է պատժի կրումից, իսկ դեպքից մոտ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մայիսին, Ռազմիկ Հովհաննիսյանը երկու բաճկոն է գողացել «Դալմա Գարդեն Մոլից», բաճկոններն իրար վրայից հագել ու դուրս է եկել առևտրի կենտրոնից: Կատարված գողությունը հայտնաբերվել է տվյալ սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն ուսումնասիրելու արդյունքում: Գողության հաջորդ օրը Ռազմիկը նորից գտնվել է «Դալմայում», անվտանգության ծառայության աշխատողները ճանաչել են նրան, պարզաբանումներ են պահանջել, Ռազմիկը խոստովանել է կատարածը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://www.1in.am/

Դիտվել է 1540 անգամ

online-tv.am

Լրահոս