loading...

Երևանում 64-ամյա տղամարդը «Գազելով» առևանգել է իր նախկին կնոջն ու մեղրով լի բանկան ջարդել գլխին. 1in.am

14:34 04.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնում գտնվող նստավայրում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը:

64-ամյա Գագիկ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Պողոսյանը նախկին կնոջը հանդիպելու և բանկայով մեղր փոխանցելու նպատակով ընկերոջ վարած «Գազել»-ով գնացել է կնոջ ու դստեր վարձակալած բնակարանի մոտ: Բնակարանից դուրս եկած կնոջը Գագիկն առաջարկել է «քաղաքավարի լինել»՝  բարձրանալ մեքենա  ու «մարդավարի» բարևել ընկերներին:

Երբ կինը ստիպված հայտնվել է «Գազելի» սրահում, Գագիկ Պողոսյանը փակել է մեքենայի դուռը, կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել ու պահանջել է, որ ընկերը մեքենան վարի դեպի իր տուն՝ այդպես Գագիկ Պողոսյանն առևանգել է նախկին կնոջը:

Երբ հասել են Կրկեսի շենքի մոտ, Գագիկը վիճել է մեքենայից իջնելու պահանջներ դնող կնոջ հետ, մեղրի մեկ կիլոգրամանոց բանկայով  հարվածել է կնոջ գլխին, ինչից մեղրով լի բանկան ջարվել է, կնոջ գլուխը վնասվել , ու արյուն է հոսել: Գագիկը նաև ձեռքերով է հարվածներ հասցրել կնոջ մարմնին՝ պատճառելով արյունազեղումներ:

Գագիկ Պողոսյանի պահանջով ընկերը «Գազելով» նրանց տարել է Գագիկի եղբոր տուն՝ Ջրվեժ թաղամաս, որտեղից վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

Գագիկ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն մեղրի բանկայով նախկին կնոջ գլխին հարվածելու, կնոջը վնասվածք պատճառելու  համար, իսկ առևանգման մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, թե կինը կամովին է նստել «Գազել» ու ցանկություն է հայտնել վերադառնալ իր մոտ՝ այն բնակարան, որտեղ նախկինում համատեղ բնակվում էին:

Գագիկը դատարանում հայտնել է, թե նախկին կնոջ հետ համատեղ ապրել է 28 տարի: Ունեն մեկ դուստր: Ինքն աշխատել է որպես շինարար, դստերն ուսումի է տվել, բայց դուստրը չի ցանկացել համալսարանում սովորել, այլ «ֆուրշետ է սովորել»:

Ինքն ու կինը վերջերս են բաժանվել: Դեպքի օրն ինքն ընկերների հետ Վարդավառ է նշել, հետո զանգել է նախկին կնոջն ու հարցրել է՝ ինչի՞ կարիք ունի: Կինն ասել է, թե իրենց աղջկա գլուխը երբեմն ցավում է, ինքն էլ դստեր համար մի բանկա մեղր է առել ու ցանկացել է փոխանցել  կնոջը:

Երբ կինը տանից դուրս է եկել, որ մեղրը վերցնի, ինքը կնոջն առաջարկել է մոտենալ «Գազելին» ու նորմալ բարևել մեքենայի սրահում գտնվողներին: Ինքը կնոջ ձեռքից բռնել, հանգիստ ու քաղաքավարի նրան բարձրացրել է մեքենա: Նստել են, սկսել են զրուցել: Երբ մեքենան շարժվել է, կինն անհանգստացել է, որ իրենց դուստրը բանալի չունի, կմնա դրսում: Ինքը զայրացել է՝ մտածելով, որ կինը խաբում է, ու մեղրով լի բանկայով հարվածել է կնոջ գլխին: Կնոջ գլուխը վնասվել է, մեղրի բանկան էլ ջարդվել,  ու մեղրը թափվել է: Ինքն ընկերոջը խնդրել է, որ մեքենան վարի Ջրվեժ՝ իր եղբոր տուն, քանի որ իր մոտ գումար չկար՝ կնոջը հիվանդանոց տանելու համար:

Եղբոր տանը կինը արյունոտ շորերը փոխել է, բայց ինքն այնտեղ մի անգամ ապտակել է կնոջը, որովհետև նա իր հետ բարձր էր խոսում:

Ամբաստանյալը կնոջ նկատմամբ բռնության գործադրումը պատճառաբանել է իր՝ զայրացած լինելով: Կատարածի համար նա զղջացել է:

Տուժող կինը պնդել է, որ Գագիկը ստիպողաբար է իրեն մեքենա նստեցրել ու առևանգել է՝ իր կամքին հակառակ: Երբ ինքը ցանկացել է հեռախոսով զանգել, Գագիկը վերցրել է իր բջջայինը, մի կողմ է նետել ու վնասել է հեռախոսը: Ինքը զայրացել ու ասել է, թե բողոքելու է, դիմելու է ոստիկանություն: Գագիկը դա լսելով՝  մեղրով լի տարայով հարվածել է իր գլխին: Նա չի թողել, որ ինքը նստած տեղից շարժվի: Ինքը չի զգացել, որ գլուխը վնասվել է, քանի որ մեքենայի սրահում մութ էր, բայց  երբ հագուստը թրջվել է, նոր ինքը հասկացել է, որ գլխի շրջանում արյունահոսող վերք է առաջացել բանկայի հարվածից:

Գագիկի պահանջով իրեն տարել են նրա եղբոր տուն՝ Ջրվեժ, այնտեղ Գագիկը նորից ձեռքով հարվածել է իրեն: Գագիկի եղբոր կինն օգնել է՝ ինքը փոխել է շորը, մշակել են վերքը, հետո իրեն տարել են հիվանդանոց, որտեղ վերքը կարել են, ու ինքը տուն է վերադարձել…

Տուժողի ու ամբաստանյալի դուստրն ասել է, թե ինքը աշխատավայրից զանգել է մորն ու լսել է մոր գոռոցը. «Հերդ գլուխս բացել ա…»:

Դատարանը հաստատված է գնահատել Գագիկ Պողոսյանին մեղսագրված արարքները, նրան մեղավոր է ճանաչել նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Գագիկ Պողոսյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը կհաշվվի Պողոսյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2364527.html

 

Դիտվել է 2201 անգամ

online-tv.am

Լրահոս