loading...

Հայաստանը կմնա Լարսի հույսին. կարևոր նպատակի մասին չեն էլ մտածում

12:37 12.04.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: «Ձեռնարկված քայլերը․ նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ: Արդյունքում վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,- գրել է վարչապետը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի ներկայացմամբ՝ կիրառվելու են տարբերակված զեղչեր, և բեռների որոշ տեսակների համար փոխադրման սակագները կարող են նվազել 80%-ով: Եթե մինչ այդ լաստանավով ցանկացած տեսակի բեռի մեկ վագոնի փոխադրման սակագինը կազմում էր 5000 դոլար, այսուհետ յուրաքանչյուր տեսակի բեռի համար անհատական մոտեցում է դրսևորվելու: Մասնավորապես, պեռլիտի մեկ վագոնի լաստանավային փոխադրման գինը կկազմի 1000 դոլար, հյութերի, հանքային ջրերի համար՝ 1.3 հազար դոլար: «Նվազելու են հացահատիկի, անասնակերերի, սպիրտի, կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները»: Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերելու է դեպի Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Զեղչերը կիրառվելու են ոչ միայն ՌԴ-ից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով ՌԴ-ից Իրան, ԱՊՀ երկրներից ՌԴ տարածքով ՀՀ եկող բեռների համար: Արդեն կան հաշվարկներ, համաձայն որոնց՝ այս փոփոխությունների արդյունքում դեպի Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կնվազի միջինում 2000 դոլարով:

Վերոնշյալ գործընթացը վերաբերելու է ընդամենը երկաթուղալաստանավային փոխադրումներին: Դա մեծ ծավալ է, քանի որ ՀՀ-ից արտահանումների 60-65%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, որն արտահանվում է երկաթուղով (), շուրջ 30%-ը՝ թեթև ու սննդարդյունաբերությանը և ոչ մեծ հատված էլ տեխնոլոգիական ոլորտներին:

Կնշանակի, որ հանքագործության ոլորտի ընկերությունների համար տեղի ունեցածը դրական առաջընթաց է, քանի որ վագոնի մեջ 2 հազար դոլարի խնայողությունը լուրջ թիվ է, որից հետևում է, որ, այնուամենայնիվ, առաջիկայում մեզանում այդ ոլորտի ապրանքների գների որոշակի անկում պետք է նկատվի: Հասկանալի է, որ այդ զարգացումներում «մեղքի իր մեծ բաժինն ունի» ՀԿԵ-ն, որը փորձում է մեծացնել իր դերակատարությունը բեռնափոխադրումների շուկայում, և այս պարագայում ՀՀ-ի ու վերջինիս շահերը համընկել են:

Ցավոք, գլոբալ առումով վերոնշյալ փոփոխությունները այնքան էլ չեն առնչվում հանրապետության բնակչությանն առավել շատ անհանգստացնող հարցերի շրջանակին: Դրանով արտահանման հանգուցային հարցերը չեն լուծվում: Արտահանումների առումով ավելի խոցելի վիճակում են հատկապես գյուղատնտեսական մթերք, թեթև և սննդի արտադրանք արտահանողները, քանի որ բացարձակ մեծամասնությամբ դրանց արտահանումն իրականացվում է բեռնատար մեքենաներով: Ավտոմեքենաներով տեղափոխվում են գյուղատնտեսական մթերքը, այլ՝ առավելապես արագ փչացող բեռներ, ինչպես նաև փոքրածավալ բեռներ, որոնք հիմնականում տեղափոխում են մանր և միջին բիզնեսմենները:

Կա մի կարևոր գործոն ևս. փոքրածավալ բեռների զգալի մասը գտնվում է հիմնականում վարկային գումարներով, և դրանց արագ տեղափոխելը անհրաժեշտություն է գումարի խնայման տեսանկյունից: Մյուս կողմից՝ ապրանքը մեքենայով Վերին Լարսով տեղափոխելու դեպքում արժենում է միջինում 2000-2500 դոլար, լաստանավով տեղափոխելու դեպքում՝ 3000-3500 դոլար: Այդ ամենից զատ՝ եթե բեռնատարը Հայաստանից Ռուսաստան է հասնում 2-3 օրում, ապա լաստանավի պարագայում, ամենաարագ ընթացքի դեպքում, անգամ՝ 10-12 օրում: Հասկանալի է, որ այդ ընթացքում մրգի, կաթնամթերքի, մսամթերքի տեղափոխումն առանց համապատասխան սառնարանային սարքավորումների գործնականում անիմաստ է: Հետևաբար այն կարևոր իրադարձությունը, որի մասին նշում է պրն վարչապետը, ողջունելի է, բայց դա դրական առումով շոշափում է առավելապես մեծ, հզոր ընկերությունների, մեծ փողատերերի շահերը: Փոքր ու միջին բիզնեսին, գյուղացիության, գյուղատնտեսության շահերին առնչությունը անասելի փոքր է:

 

Բացի այդ, ՀՀ իշխանությունները ոգևորությամբ նշում են բանակցությունների, գների իջեցման մասին, մինչդեռ ավելի քան 25 տարի լինելով ճանապարհային շրջափակման մեջ՝ այդպես էլ Հայաստանը չկարողացավ կամ չցանկացավ ունենալ սեփական լաստանավ, ինչը էապես կփոխեր իրավիճակը: Դրանից զատ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության մեջ ենթակառուցվածքների մասով ամենամեծ թերությունը նավահանգստային ենթակառուցվածքի որակն է. սրանով Հայաստանն ունի աշխարհում ամենավատ ցուցանիշը՝ 144-րդ տեղում ենք:

Փաստորեն հանրապետության վարչապետը շտապում է ավետել արված գործի մասին, որը, ցավոք, ընդամենը մի բաղադրիչի՝ գների նվազեցման լուծում է (իսկ վերոնշյալ կարևոր գործոնների մասին ընդհանրապես չեն խոսում): Մինչդեռ բոլորովին չի բացառվում, որ որոշ ժամանակ անց՝ պայմանավորված վառելիքի գներով կամ այլ գործոնով, բեռնափոխադրումների գները դարձյալ բարձրանան: Ի վերջո, դրա ականատեսը եղել ենք և ոչ մեկ անգամ:

Փորձագետների հաշվարկներով՝ տրանսպորտային շրջափակման վերացմամբ Հայաստանի տրանսպորտային ծախսերը կկրճատվեն 30-¬35%-ով: Ուստի Հայաստանի համար առավել կարևոր և անհետաձգելի խնդիրներ են ենթակառուցվածքների կատարելագործումն ու տրանսպորտային համակարգի դիվերսիֆիկացումը: Այս համատեքստում բացառիկ նշանակություն է ստանում մի կողմից՝ Վրաստանի տարածքով ցամաքային երկրորդ ճանապարհի բացումը, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Հետազոտությունները փաստում են, որ ՀՀ տրանսպորտային ծախսերը երկու անգամ գերազանցում են համաշխարհային միջին մակարդակը և տարածաշրջանում ամենաբարձրն են: ՀՀ-ից Աբխազիայի տարածքով ՌԴ բեռնափոխադրումների դեպքում ծախսերը կկրճատվեն ավելի քան 30%-ով: Գնահատականներ կան՝ կապված շրջափակման և ընդհանրապես տրանսպորտային բաղադրիչի հետ: Փոթի-Լարս ծովային երթուղում մեկ կոնտեյների արժեքը կազմում է մոտավորապես 600 դոլար: Մինչդեռ Թուրքիայի տարածքով տարանցիկ փոխադրումների դեպքում Միջերկրական ծովի նավահանգիստներից կարելի է օգտվել անհամեմատ ավելի էժան գներով: Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստներից մինչև ֆրանսիական Մարսել քաղաք 100 դոլար է: Շուրջ 750 կմ Երևան-Փոթին է, մոտավորապես այդքան էլ Տրապիզոնը: Եթե նույնիսկ դեպի Միջերկրական ծով տարածքը մի քիչ երկարի, այնուամենայնիվ՝ դա զգալիորեն կնվազեցնի դեպի Եվրամիություն կամ ԱՄՆ մեկ կոնտեյների փոխադրման արժեքը:

Հասկանալի է, որ դա գերբարդ գործընթաց է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ տնտեսությունը չի զարգանում, և դրանում իր մեծ դերակատարությունն ունի տրանսպորտային բլոկադան: Մինչդեռ վերջին տարիներին մեր իշխանությունները զբաղված են հաշվարկելով, թե քանի օրից Լարսը կբացվի կամ էլ որպես այլընտրանք՝ լաստանավի գինը որքանով կիջեցվի: Մինչդեռ մեր հիմնական նպատակը պետք է լինի շրջափակումը ճեղքելը, որի մասին կարծես դադարել են մտածել:

Դիտվել է 735 անգամ

online-tv.am

Լրահոս