loading...

Հայերը 300 տարով ետ են մնացել, իսկ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի սան չէ. ադրբեջանցի պաշտոնյան՝ «Յունայթեդ»-«Այաքս» խաղի մասին. 1in.am

15:38 30.05.2017

1in.am-ը  գրում է  Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը «Այաքսի» նկատմամբ հիասթափության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Հիշեցնենք, որ կարևորագույն այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փայլուն ելույթով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խփելով իր թիմի երկրորդ գնդակը՝ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ի դեպ, «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն այն աստիճան կարևոր նշանակություն է ունեցել ադրբեջանցիների համար, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին մանրակրկիտ անդրադարձել է այս երկրի ֆուտբոլի ասոցիացիայի գործկոմի անդամ, ֆուտբոլի ոլորտում հեղինակավոր մասնագետ Կազբեկ Տուաևը: Վերջինս փորձել է հանգստացնել Մխիթարյանի փայլուն ելույթի հետևանքով ընկճախտ ապրող իր հայրենակիցներին:

«Մեր ֆուտբոլը բոլոր առումներով ուժեղ է հայկական ֆուտբոլից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայերը 300 տարով ետ են մնացել մեզնից: Հայաստանում ֆուտբոլ չկա, իսկ մենք ամենաբարձր աստիճանի վրա ենք գտնվում: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն հայկական ֆուտբոլի սան չէ»,- հայտարարել է Տուաևը:

Վերջինիս կարծիքով՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» խիստ կասկածելի հաղթանակ է տարել: Թե ինչու է անգլիական թիմի հաղթանակը կասկածելի՝ Տուաևը չի մեկնաբանել: ««Մանչեսթեր Յունայթեդն» իրական դեմքը ցույց տվեց՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնելով միայն 6-րդ հորիզոնականը: Նման մեծ ակումբի համար Եվրոպա լիգայում հաղթող դառնալը կասկածի տեղիք է տալիս: Նշեմ նաև, որ որ «Յունայթեդի» գայլերը եզրափակչում հաղթեցին դժբախտ և անտեր երեխաների: Դրա համար ջանքեր գործադրել պետք չէր»,- ավելացրել է Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի գործկոմի անդամը:

Նշենք, որ 76-ամյա Տուաևը նախկին ֆուտբոլիստ է, իսկ 1970 թվականից զբաղվում է մարզչական գործունեությամբ: Եթե նման հայտարարություն հնչեր, ասենք, ադրբեջանցի 14-ամյա մի երկրպագուի կողմից, այն կարելի կլիներ որակել նորմալ և ծիծաղի առարկա չէր դառնա: Ֆուտբոլի մասին ֆուտբոլի մասնագետի՝ պաշտոնյայի նման ձևով խոսելը ստիպում է ենթադրել, որ հարևան երկրում այս մարզաձևը վերջին տարիներին ուղղակի դեգրադացիայի է ենթարկվել:

Ադրբեջանի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում խաղում են 8 թիմեր: Թիմերի մոտ 80 տոկոսը համալրված է լեգեոներներով: Ի տարբերություն հայկական թիմերի՝ ադրբեջանական ակումբները բավական հարուստ են և դրսից հրավիրում են անհամեմատ ավելի բարձրակարգ խաղացողների: Հենց դրսից հրավիրված ֆուտբոլիստների շնորհիվ էլ ադրբեջանական ակումբները հաջող են հանդես գալիս եվրագավաթների խաղարկություններում: Սակայն դրսից ֆուտբոլիստներ հրավիրելով և ակումբային ասպարեզում մի քանի խաղ հաղթելով՝ պնդել, որ երկրում ֆուտբոլն առաջընթաց է ապրում՝ ուղղակի հիմարություն է:

Նշենք նաև, որ այսօր Ադրբեջանի ազգային հավաքականի մոտ կեսը ադրբեջանցիներ չեն: Խաղալով Ադրբեջանի առաջնությունում՝ նրանք ձեռք են բերել այս երկրի քաղաքացիություն և հայտնվել են ազգային թիմում: Հսկայական գումարներ ներդնելով հանդերձ՝ ադրբեջանական ֆուտբոլն այսօր զգալիորեն հետ է հայկական ֆուտբոլից: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ադրբեջանցիները միշտ զիջել են Հայաստանին:

Վերջին 20 տարիների կտրվածքով համեմատելի չեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների ելույթներն աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում: Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ադրբեջանի հավաքականը Հայաստանի հավաքականին զիջում է 20 հորիզոնականով: Մասնավորապես, մեր երկիրը 67-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 87-րդը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.1in.am/2150272.html

Դիտվել է 596 անգամ

online-tv.am

Լրահոս