loading...

Հայկ Պետրոսյանը միջազգային մրցույթում ստացել է գլխավոր մրցանակը./life.tert.am

20:04 26.04.2017

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը մարտի 21–27–ը մասնակցել է  «M.@rt.контакт-2017» XII միջազգային երիտասարդական թատերական ֆորումին, որն անցկացվել է Բելառուսում։ «M.@rt.контакт-2017»–ին մասնակցել է 10 երկիր` Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Վրաստանը, ԱՄՆ–ը, Լիտվան և Ավստրիան։ Մրցութային ծրագրում եղել է 22 ներկայացում։ Բոլորը պայքարել են մեկ մրցանակի` «Հանդիսատեսի համակրանքի» համար, որին արժանացել է Հայկ Պետրոսյանը` «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման համար։

Tert.am Life–ը կապ հաստատեց Հայկ Պետրոսյանի հետ, վերջինս պատմեց, թե ինչպես է ստացել առաջարկն ու ինչ սպասելիքներ ուներ նախքան մրցանակ ստանալը։

«Անցած տարի մասնակցել եմ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնին, որից հետո Բելառուսից մի պրոդյուսեր ինձ հարցրեց` կարող եմ ներկայացումը ռուսերեն խաղալ և հրավիրեց մասնակցելու «M.@rt.контакт-2017»–ին։ Ես հանդուգն ձևով պատասխանեցի կարող եմ, բայց ինքս էլ չգիտեի, թե ինչպես է ստացվելու։ Փառատոնում ներկայացված էին ինչպես հին, այնպես էլ նոր շատ հետաքրքիր ներկայացումներ։ Դահլիճը լեփ–լեցուն էր, բոլոր տոմսերը վաճառվել էր, ինչի համար մենք շատ ուրախ էինք։ Ներկայացումը շատ լավ անցավ, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց»,– պատմեց Հայկը։

Վերջինիս խոսքով`ներկայացումը թարգմանելիս շատ փոփոխություններ չեն արել` պահելով հիմնական իմաստային գիծը։ «Երգացանկն է ամբողջությամբ փոխվել, քանի որ հայկական երգեր էին, հանդիսատեսը չէր հասկանա դրանք։ Ընտրեցինք սովետական երգեր, որոնք հանդիսատեսը լսած կլինի և նրանց համար հոգեհարազատ կլինի»,– նշեց դերասանը։

Ի դեպ, այս տարի փառատոնում միայն մի մրցանակ է սահմանվել` «Հանդիսատեսի համակրանք»։ «Առաջին անգամ փառատոնի կազմակերպիչները որոշել էին որպես այդպիսին մրցանակներ չլինեն, և հանդիսատեսը որոշի, թե որ ներկայացումն է ավելի լավը։ Փառատոնում այսպես էին քվեարկում`ներկայացումը հավանելու դեպքում հանդիսատեսը վերջում տոմսը գցում էր արկղի մեջ։ Ինքս կասկածում էի, որ մենք կստանանք մրցանակը, բայց շատերից եմ լսել, որ ով դուրս էր գալիս դահլիճից, տոմսը գցում էր արկղի մեջ»,–ավելացրեց Հայկը։

Դերասանը նշեց, որ 2017–ին մասնակցելու է «ATSPINDIS» թատերական XII փառատոնին, որտեղ ներկայացումը կխաղա արդեն անգլերեն տարբերակով։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Հայկը նշեց, որ աշնանը նոր ներկայացմամբ է հանդես գալու։ «Մոնոներկայացումը լինելու է հումորային, բայց շատ պարտավորեցնող թեմայով` Արցախի մաիսն։ Արդեն սկսել եմ նախապատրաստական աշխատանքները։ Այն ինձ համար և՛ բարդ է, և՛ շատ պատասխանատու։ Ընկերներիս խնդրել եմ գտնել պատմաբանների, քաղաքագետների, մարդկանց, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, որպեսզի նրանց հետ հանդիպեմ, խոսեմ, նյութեր հավաքեմ։ Սա սթենդ ափ չէ, որ դուրս գամ ու խոսեմ իմ ընտրած թեմայով։ Սա համահայկական թեմա է։ Այն, ինչ տեղի է ունեցել` Արցախյան դեպքերը, արտաքին քաղաքականությունը, պետք է իր դրսևորումը գտնեն նաև թատրոնում»,– ասաց դերասանը։

Հայկը նշեց, որ իր նպատակն է նոր սերնդին ներկայացնել Արցախը։ «Մեզ թվում է, որ Արցախի մասին շատ ավելին գիտենք, բայց դա այդպես չէ։ Ուզում եմ պատմական խորքերից սկսած ներկայացել Արցախը։ Ներկայացումը հիմնականում հարցադրումներով է լինելու։ Այսինքն` շատ հարցեր կան, որոնք պետք է բարձրաձայնենք, այլ թե պարզապես հանդիսատեսին պարտադրենք սուբյեկտիվ պատասխաններ։ Թող հանդիսատեսը փորձի գտնել այդ հարցերի պատասխանները։ Քանի որ շատ ծանր թեմա է, ուզում եմ, հնարավորինս, թեթև ներկայացնել այս ամենը։ Թեթևությունն էլ ապահովելու է հումորը։ Եթե չոր փաստերով ժամուկես խոսենք, դա կլինի վավերագրություն»,– ընդգծեց Հայկը։

Հարցին` իր կարծիքով հանդիսատեսն ինչպե՞ս կընդունի, որ Արցախյան թեման ներկայացվելու է հումորային ժանրում, դերասանը պատասխանեց. «Հիմա ինձ մոտ մտորումների և ուսումնասիրությունների փուլն է։ Այսինքն` սցենարի կմախքը պատկերացնում եմ մտքիս մեջ, բայց դա դեռ թղթին ոչինչ չեմ հանձնել։ Այսինքն այդ հումորները ես դեռ չեմ գրել և չեմ կարող ասել` հանդիսատեսն ինչպես կընդունի։ Կարծում եմ, եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա կընդունվի»։
Ամբողջական հոդվածը կարդացեք  այստեղ՝ http://life.tert.am
 

Դիտվել է 1030 անգամ

online-tv.am

Լրահոս