loading...

Հոկտեմբերյանում սկեսուրը 10 հազար ռուբլով պատվիրել է հարսի սպանությունը, հետո հայտարարել է, թե հարսը տանից դուրս է եկել ու չի վերադարձել

14:06 28.01.2019

/mitk.am/_ը  գրում  է  972 թվականի փետրվարին Հոկտեմբերյանի ՆԳ բաժնում մի տղամարդ հայտարարություն ներկայացրեց, թե կինը՝ Վարդիթերը, տանից դուրս է եկել ու չի վերադարձել:

Մի քանի օր անց Հոկտեմբերյանի կապի բաժանմունքը կորած կնոջից երկու հեռագիր ստացավ Ռոստովից: Հեռագրերից մեկը հասցեագրված էր Հոկտեմբերյանի բնակիչ Արտաշին:

Ըստ կորած կնոջ սկեսուրի՝ հարսը կապված էր հիշյալ տղամարդու հետ: Հեռագրում կինը Արտաշին հայտնում էր, թե փախել է տանից, Ռոստովում աշխատանք է գտել, թող նա էլ ամեն բան թողնի ու գա իր մոտ՝ Ռոստով, ինքը հասցեն լրացուցիչ կհայտնի:

Երկրորդ հեռագիրն ուղղված էր կույրերի միավորմանը՝ Վարդիթերի մի աչքը արհեստական էր: Նա խնդրում էր իր փաստաթղթերը հանձնել Հոկտեմբերյանի բնակիչ Արտաշին:

Կորածի նկատմամբ համամիութենական հետախուզում հայտարարվեց: Ռոստովից շուտով պատասխան ստացվեց, որ փնտրվող կինը այնտեղ չէ… Իսկ Արտաշը բացատրություն տվեց, թե կորած կնոջ հետ ինքը ոչ մի կապ չի ունեցել, պարզապես ծանոթ են եղել, այդ կինը չէր կարող իրեն նման հեռագիր ուղարկել…

Այդ ընթացքում կատարված օպերատիվ աշխատանքով պարզվեց, որ ընտանիքում խիստ լարված են եղել հարս-սկեսուր հարաբերությունները: Վարդիթերի սկեսուրը՝ Անուշը, ըստ տեղեկությունների, կռվարար կին էր, նա անընդհատ վիճաբանություններ էր սարքում հարսի հետ, նրա մասին բամբասանքներ էր տարածում, ասում էր, թե Վարդիթերը ման եկող է ու հարմար չէ իր տղային:

Վարդիթերի ամուսինը կույր էր, մորը չէր հակաճառում, երեք երեխաները անզոր էին պաշտպանել մորը: Նրանց տանը որպես կենվոր ապրում էին Թբիլիսիից ժամանած Շալվան ու Գյուլվարդը: Վերջիններս, ըստ իրենց բացատրությունների, երբեմն միջամտում էին տանտերերի վիճաբանություններին, փորձում էին հանդարտեցնել 65-ամյա Անուշին ու նրա անեծքները չհանդուրժող Վարդիթերին…

Վարդիթերի անհետանալուց մի քանի շաբաթ անց Վրաստանի Գարդաբանի շրջանում ՝ հիդրոէլեկտրակայանի ջրամբարից կնոջ դիակ հայտնաբերվեց: Ինքնությունը պարզել չէր հաջողվում՝ հարազատներ ի հայտ չեկան:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ գլխին կային բաց և փակ վնասվածքներ, սակայն մահվան պատճառը ջրահեղձ լինելն էր:

Հայաստանյան իրավապահները, որ տեղեկացվել էին հարևան հանրապետությունում անհայտ կնոջ դիակ հայտնաբերվելու մասին, ուշադրություն դարձրին, որ Հոկտեմբերյանից անհետացած կնոջ ու Վրաստանում հայտնաբերված դիակի որոշ նշաններ համընկնում են՝ տարիքը, աջ աչքի՝ արհեստական լինելը, որովայնի հետվիրահատական սպին…

Վրացի գործընկերները Հոկտեմբերյան ուղարկեցին դիակի զննության ակտն ու սպանված կնոջ հագուստի պատառիկներ:

Իրավապահները որոշեցին վճռական քայլ կատարել՝ նրանք բաժին հրավիրեցին Վարդիթերի ավագ դստերը ու նրա առաջ դրեցին Վրաստանից ուղարկված հագուստի պատառիկները: Աղջիկը ձեռքն առավ սև, ծաղկավոր կտորն ու սկսեց հեկեկալ՝ մոր զգեստի կտորն էր…

Տևական քննությունից հետո բացահայտվեցին պատվերով սպանության մանրամասները:

Հերթական բուռն վիճաբանությունից հետո Վարդիթերի սկեսուրը իր տան վրացի կենվորներին առաջարկել էր 10 հազար ռուբլու դիմաց իրականացնել հարսի սպանությունը: Շալվան ու Գյուլվարդը համաձայնել էին: Նրանք նախկինում դատված էին, առաջին անգամը չէին հանցավոր արարք կատարելու:

Նրանք Վարդիթերին համոզել էին իրենց հետ հեռանալ տանից՝ փախչել չար սկեսուրից ու կույր ամուսնուց, Վրաստանում ապրելու տեղ և աշխատանք գտնել, հետո այնտեղ տեղափոխել նաև երեխաներին:

Անվերջ կռիվներից ու նվաստացումներից հուսահատված կինը այլ ելք չտեսնելով՝ համաձայնել էր: Բռնել էր իր կործանման ճամփան՝ երկու վարձու մարդասպանների հետ:

Գիշերով հասել էին Թբիլիսի: Հետո մեկնել էին Ռուսթավի: Ուղեկիցներն ասել էին՝ ոտքով գնալու կարճ ճանապարհ կա: Վարդիթերը մթության մեջ անծանոթ ճանապարհով քայլել էր ուղեկիցների հետ: Երբ անցնում էին Գարդաբանի ջրամբարի վրայով, Շալվան կոնյակի շշով հարվածել էր իր առջևից քայլող Վարդիթերի գլխին: Անակնկալի եկած Վարդիթերը սայթաքել ու գլորվել էր ձորը: Զգալով, որ զոհը ոչ թե ջրի մեջ է ընկել՝ ինչպես ծրագրել էին, այլ՝ բետոնի վրա, Շալվան իջել էր ներքև ու ծանր վնասվածքներ ստացած, բայց դեռ ողջ կնոջը գցել էր ջրամբարը:

Նույն գիշեր Շալվան ու Գյուլվարդը վերադարձել էին Հոկտեմբերյան: Իսկ հաջորդ օրը Շալվան մեկնել էր Ռուսաստան՝ նա եղել էր Ռոստովում, այնտեղից զոհի անունից հեռագրեր էր ուղարկել Հոկտեմբերյան… Հետո նորից վերադարձել էր Հոկտեմբերյան:

Իմանալով, որ իրավապահները Վարդիթերի ավագ դստերը կանչել են բաժին, Շալվան ու Գյուլվարդը անհանգստացել էին: Կարճ ժամանակ անց երկուսն էլ հեռացել էին Հոկտեմբերյանից. Շալվան մեկնել էր Մայկոպ, Գյուլվարդը՝ Ստեփանավան: Նրանց հայտնաբերեցին ու Հոկտեմբերյան վերադարձրին…

Մեղադրանք առաջադրվեց ինչպես երկու վարձու մարդասպաններին, այնպես էլ սպանության պատվիրատուին՝ Վարդիթերի սկեսուր Անուշին: Պարզվեց՝ նախկինում նա էլ էր դատված եղել, սա առաջին դատվածությունը չէր:

Շալվան ու Անուշը դատապարտվեցին 13-ական տարի ազատազրկման, Գյուլվարդը՝ 11 տարի ազատազրկման…
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜ http://mitk.am/

Դիտվել է 2862 անգամ

online-tv.am

Լրահոս