loading...

Ինչպես է նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալը. /life.tert.am

18:15 26.04.2017

ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալը առաջատար դիրքեր ունի ռեյթինգային աղյուսակներում։ Tert.am Life–ը ներկա է եղել սերիալի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում ֆոտոշարք նկարահանման հրապարակից։

Մեզ հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասաց, որ բարդ է աշխատել նախագծի վրա`չիմանալով դրա վեջնական տևողությունը։ Սերիալների երկարակեցությունը կախված է ռեյթինգներից։ «Նախագծի տևողությունը որոշում է հեռուստաընկերության ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Արամյանի, սակայն նայելով թվերին` կարծում եմ, որ «Կայարանը» դեռ երկար ճանապարհ կունենա։ Մենք հստակ գիտենք` կերպարներից ով ով է, իրենից ինչ է ներկայացնում և ինչ ճակատագիր է ունենալու։ Մնում է մինչև վերջին հասնելը այդ ամենը հետաքրքիր դարձնել հանդիսատեսի համար»,– նշեց նա։

Ըստ ռեժիսորի` նախագծի հաջողության առաջին գրավականը սցենարն է, ապա` դերասանների ճշմարտանման խաղը. «Անպայման չէ նախագծում ներգրավված լինեն «աստղեր», որպեսզի այն ունենա մեծ հաջողություն։ Կան սերիալներ, ֆիլմեր, որոնցում ներգրավված են «աստղեր», բայց դրանք ձախողվում են վատ սցենարի պատճառով»։

Ելենան ասպարեզ է բերել մի շարք դերասանների, որոնցից շատերն այսօր ունեն մեծ հայտնիություն։ Ըստ նրա` համոզիչ խաղ կարող է ցույց տալ նաև նորավարտ դերասանը։ «Կայարանում» ևս ռեժիսորը աշխատեց սկսնակ դերասանների հետ։ Խոսելով սերիալի գլխավոր հերոսների` Քրիստինա Կույումչյանի և Վարուժան Մարգարյանի մասին` նա ասաց. «Քրիստինան մեր խոստումնալից դերասանուհիներից մեկն է, ում լավ ապագա է սպասվում, եթե չհոգնի և ջանասիրաբար աշխատի իր վրա։ Վարուժից էլ շատ գոհ եմ։ Մենք շատ ենք աշխատել Վարուժի հետ։ Կարծում եմ` բավականին բացվել է»։

Ելենան այժմ 3 նախագիծ է իրականացնում` «Կայարան», «Եթե գտնեմ քեզ» և «Դեպի վայրէջք» ու չի հասցնում հաճախ լինել «Կայարանի» նկարահանման հրապարակում։ Նրա խոսքով` դա չի խանգարում նկարահանման ընթացքին։ «Ցավոք, չեմ կարող ամեն օր լինել նկարահանման հրապարակում, որովհետև բոլոր ուժերս կենտրոնացրել եմ «Դեպի վայրէջք» նախագծի վրա, սակայն հետևում եմ «Կայարանի» ընթացքին, սցենարային զարգացումներին։ Հաճախ հանդիպում եմ դերասաններին և նկարահանող խմբի անդամներին, «սխալների ուղղում» ենք անում։ Իմ ֆիզիկական բացակայությունը նկարահանման հրապարակից չի խանգարում, որ նկարահանումները նորմալ ընթացք ունենան։ Շատ վստահելի թիմ ունեմ, որը լավ աշխատում է»,– ասաց նա։


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/

Դիտվել է 1596 անգամ

online-tv.am

Լրահոս