loading...

Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք. դերասան Սարգիս Գրիգորյան. Aysor.am

17:56 20.04.2018

Արդեն ուղիղ 8 օր է՝ Հայաստանի տարբեր քաղաքներ, առավելապես՝ մայրաքաղաք Երևանը, հեղափոխական տրամադրությունների մեջ են: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդի մի ստվար զանգված բողոքի տարբեր մեթոդներով օրեր շարունակ դրսում են անցկացնում: Իրենց անմիջական մասնակցությամբ կամ ֆեյսբուքյան կոչերով նախաձեռնությանն են միանում նաև տարբեր բնագավառների, այդ թվում և մշակույթի ճանաչված գործիչներ:

Aysor.am-ի հետ զրույցում դերասան Սարգիս Գրիգորյանը խոստովանեց՝ ինքը քաղաքականությունից շատ հեռու է, բայց ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այս օրերին հետևում է երկրում տեղի ունեցող ամեն մի շարժին:

«Հո այլմոլորակային չե՞մ, որ չհետևեմ, կապ չունի, որ բոլորի հետ չեմ քայլում, շատ լավ գիտեմ, թե ինչ է կատարվում: Սաղ ջահելություն է դրսում, սրտս ցավում է ամեն էրեխու համար: Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե սխալ, դա ժողովուրդն է որոշում, ընթացքը, վերջնարդյունքը ցույց կտա: Բայց իրավիճակն արդեն լուրջ է, ու ամեն ինչ պետք է արվի, որ կատարները կանգնացրած էս էրեխեքը չտուժեն: Նրանք ճիշտ-սխալ չնայելով՝ իրենց գործն են անում», - անհանգստացած նշեց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ փողոցում երիտասարդների կողքին իր չլինելու հիմնական պատճառը ժամանակի պակասն է: Դերասանն ընդգծում է՝ յուրաքանչյուրն իր ոլորտում սեփական գործով կարող է իր բողոքի ձայնը բարձրացնել տեղի ունեցած երևույթների դեմ, ինչն էլ հենց հիմա ինքն անում է:

«Անարդարության, այս ամենի դեմ ես իմ ձևով եմ ընդվզում. ներկայացում եմ պատրաստում, որն իր մեջ ամփոփելու է և՛ պատերազմը, և՛ այ այս օրերը: Այս գործը վաղուց արդեն ստեղծագործական փուլում է: Հասարակության մեծ մասն օրը 8-10 ժամ է աշխատում, 10 ժամից ավելի էլ ազատ ժամանակ ունի: Հավատացեք, ես օրը 24 ժամ աշխատում եմ ու չեմ կարող գնալ ու կանգնել իր կողքը: Չի՛ կարելի մի գծով բոլորին համեմատել, յուրաքանչյուրս պայքարի իր ձևն ունի: Ամեն օր աղոթում եմ, որ էդ էրեխեքին վատ բան չպատահի, բայց չեմ կարող գնալ էնտեղ կանգնել: Իմ ասելիքը բեմից է, ու կասեմ»,-խոստացավ նա:

Մեր զրուցակիցը համոզված է՝ այս իրավիճակը միայն Սերժ Սարգսյանը կարող է շտկել: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրան որպես լիդեր, գոնե հիմա, չի տեսնում:

«Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը: Դժգոհություններն իրենից բավական շատ էին, ու գուցե, եթե ուրիշ մարդ լիներ, այսպիսի ընթացք ու արձագանք չլիներ: Սա անձի խնդիր էր… Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ նրան ղեկավար դեռևս չեմ տեսնում: Իհարկե, ընդունում եմ, որ շատ ու շատ հարցերում ճիշտ է, բայց դա քիչ է», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը:

Հ.Գ. Ի դեպ, ժամեր առաջ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ էր ուղղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ գրելով.

«Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ` գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն, ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկորին: Այդ քայլով, համոզված եմ, կվերանա և երկկողմանի ատելությունը, և չարությունը: Խնդրում եմ, խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան»:
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/

Դիտվել է 5166 անգամ

online-tv.am

Լրահոս