loading...

Մենչի ավագ դուստրը թողարկել է հագուստի իր հավաքածուն. life.tert.am

13:40 04.05.2017

Tert.am Lifeն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, վիդեոբլոգ է սկսել։ Պարզվում է` դա 13–ամյա աղջնակի միակ զբաղմունքը չէ։ Էլինան երազում է դիզայներ դառնալու մասին և արդեն սկսել է անել իր առաջին քայլերը։

«Վերջերս թողարկել եմ հագուստի իմ հավաքածուն։ Շապիկների, ջինսե ժիլետների և գլխարկների վրա նկարում եմ հագուստի համար նախատեսված հատուկ նյութերով և նվիրում կամ վաճառում։ Մի մասն իմ մտքերն են, մյուսը՝ հաճախորդներիս, ովքեր ասում են, թե ինչ են ուզում։ Երազանքս իրականացնելու ճանապարհին եմ։ Հուսով եմ` հետագայում ավելի մեծ բարձունքների կհասնեմ»,– ասաց Էլինան։ Նա այժմ նկարչության է գնում և մասնագիտանում այս աշխատանքում։

Էլինան  պատմեց, որ հավաքածու թողարկելու գաղափարն իրենն էր։ Նա ընդգծեց, որ սիրով է զբաղվում այս աշխատանքով. «Անում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս։  Իմ կարծիքով` աշխատանքս հավանում են, դրա համար եմ բավականին շատ պատվերներ ստանում։ Հավաքածուիս շապիկները հաճախ  նվիրում եմ, սակայն ունեմ էջ, որի միջոցով նաև վաճառում եմ դրանք։ Շահույթը կրկին դնում եմ գործի մեջ։ Ծնողներս էլ են օգնում ինձ»։

Առաջին քայլերն անող ապագա դիզայները նկատեց, որ ճիշտ է այս տարիքից սկսել աշխատելը, թեև իր համար մի փոքր բարդ է` հաշվի առնելով դասերի ծանրաբեռնվածությունը։ «Բավականին շատ քննություններ ունեմ։ Փորձում եմ ամեն բան համատեղել։ 20 օրից դասերս կավարտվեն և ավելի շատ ազատ ժամանակ կունենամ։ Երևի, Երևանի ամենաերիտասարդ դիզայներն եմ»,– նշեց նա։

Էլինան ասաց, որ միայնակ է պատրաստում շապիկները, սակայն ծնողներն օգնում են իրեն խորհուրդներով։ «Մայրիկս շատ է աջակցում ինձ` իմ աջ ձեռքն է։ Վերջնական արդյունքը ցույց եմ տալիս հայրիկիս։ Լինում է այնպես, ոչ մի քիչ վատ եմ նկարում և նրանց դուր չի գալիս։ Անպայման ասում են` ինչ թերություններ ունեմ, որպեսզի շտկեմ»,– պատմեց նա։

Նա խոստովանեց, որ ամեն բան միանգամից չի ստացվել։ Այս ընթացքում շապիկներ էլ է փչացրել, սակայն դրանից չի ընկճվել. «Կարծում եմ` առանց դրա հնարավոր չէ։ Պիտի սխալներիդ վրա սովորես։ Եթե մի բան չի ստացվում, այնքան եմ նկարում, մինչև ստացվի»։

Էլինան հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է ջինսե բաճկոնների հավաքածու թողարկել։ Նորություններ են սպասվում նաև գլխարկների և շապիկների վրա։


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/

Դիտվել է 2824 անգամ

online-tv.am

Լրահոս