loading...

Mercedes-ը բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքով. shamshyan.com

10:34 08.08.2018

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 11 մարտական հաշվարկ, ովքեր նշված փողոցում գործող «Խաչատուր Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանում մի քանի ժամ պայքարում են խոշոր հրդեհի դեմ: Հրշեջներին օգնում են քաղաքացիները, հիմնականում երիտասարդներ: Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է այն, որ Mersedes մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանին, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ: Մինչ հրշեջները պայքարում էին կրակի տարածման ու կանխման դեմ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 29-ամյա Վաչե Աբրահամյանը և Փարաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Խալաթյանը: Ոստիկանները ունեն կասկածներ, որ նշված անձինք եղել են բենզալցակայանին բախված Mersedes-ի մեջ, իսկ Mersedes-ն էլ վառվող բենզալցակայանից հայտնաբերվել է մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Մայրաքաղաքային փողոցի տներից մեկի դիմաց:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

 

Դիտվել է 372 անգամ

online-tv.am

Լրահոս