loading...

Որն է եղել Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկի մահվան պատճառը. մեկնաբանում է ՀՀ գլխավոր նեոնատոլոգը. Aysor.am

14:23 07.05.2017

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր լուսադեմին մահացած երեխան, որն օրերս ծնված հնգյակից մեկն էր, ծայրահեղ անհաս էր, ինչի հետևանքով նրա մոտ կային շնչառական խանգարումներ ու ներգանգային արյունազեղում, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Երեխայի շնչառական խանգարումներն ու ներգանգային արյունազեղումը խորը, ծայրահեղ անհասության հետևանք են: Իսկ ծայրահեղ անհասությունն այն է, երբ նորածինները ծնվում են 28 շաբաթական հասակից շուտ, համարվում են ծայրահեղ անհաս, այսինքն՝ նրանք 1 կգ-ից պակաս են», - բացատրեց ՀՀ գլխավոր նեոնատոլոգը:

Մասնագետի խոսքով՝ ընդհանրապես, ցանկացած երեխա, որը ծնվում է 37 շաբաթականից շուտ, անհաս է համարվում: Սակայն այս հնգյակի պարագայում, ըստ նեոնատոլոգի, երեխաները շատ անհաս են՝ 600 գրամ, և ոչ թե ուղղակի անհաս:

«Այս անհաս բալիկի թոքերը նորմալ չեն աշխատել, առաջին րոպեներից այդ բալիկները շնչում են արհեստական սարքերի օգնությամբ, ճնշումով օդ են փչում երեխայի թոքերի մեջ, որ նրանք ապրեն: Բայց շատ ֆունկցիաներ կան, որոնց բժիշկները ոչ մի բանով չեն կարող փոխարինել», - ասաց նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Մասնագետի խոսքով, մյուս երեխաները ևս ծայրահեղ անհասություն ունեն, և նրանց էլ նման վտանգ սպառնում է:

«Առաջին օրվանից ասվել է, որ բոլորը շատ ծանր վիճակում են, բոլորին էլ վտանգ սպառնում է, նրանք բոլորն էլ արհեստական սարքերի օգնությամբ են շնչում», - հավելեց նեոնատոլոգը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ լուսադեմին մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաների մեկը, ով գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հինգ երեխաներից 4-ը աղջիկ էին, մեկը՝ տղա:

Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Փոքրիկներից մեկը մնացել էր «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում, նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/

Դիտվել է 4258 անգամ

online-tv.am

Լրահոս