loading...

Պայքարող մարդկանց դեմն առնում են. նրանք դառնում են կա՛մ քաղբանտարկյալ, կա՛մ աշխատանքից զրկվում են. Գևորգ Չուլյան

18:13 14.03.2018

newspress.am/-ը  գրում  է  Դերասան Գևորգ Չուլյանը հասարակությանը հայտնի է իր դերասանական արվեստով, սակայն երևի քչերը գիտեն, որ նա ակտիվորեն հետաքրքրվում է նաև քաղաքականությամբ և նրան մտահոգում է իր ժողովրդի վիճակը։ Այս անգամ, որքան էլ անսպասելի է, նրա հետ խոսել ենք ոչ թե նրա մասնագիտությունից, այլ վերջին օրերին Հայաստանում ծավալված քաղաքական թեմաներից։

-Գևորգ, Հայաստանն արդեն նոր նախագահ ունի, շուտով կընտրվի նաև նոր վարչապետ: Որպես պարզապես ՀՀ քաղաքացի՝ ու՞մ եք տեսնում վարչապետի պաշտոնում։

-Դա վաղուց ծրագրված բան էր, դեռ մի քանի տարի առաջ ծրագրում էին իրականացնել սահմանադրական փոփոխություններ, թող չնեղանա մեր նոր նախագահը, որ ինքը լինելու է Անգլիայի թագուհու կարգավիճակում: Արդեն ամեն ինչ պարզ է՝ Հանրապետականն առաջադրելու է իր թեկնածուին վարչապետի պաշտոնում, որը կլինի մեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Ակնհայտ է ամեն ինչ։ Այնպես, ինչպես ոչ ոք չզարմացավ, որ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ, ոչ ոք էլ չի զարմանա, որ Սերժ Սարգսյանը կդառնա երկրի վարչապետ։

-Մինչ Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելը,ը ի՞նչ իրավիճակ էր տիրում Հայաստանում և ի՞նչ կփոխվի երկրում նրա ընտրվելուց հետո։

-Էստեղ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Երկրում արտառոց որևէ բան չի փոխվելու։ Անգամ այն լիազորությունները, որոնք նոր սահմանադրությամբ տրված էր նախագահին, օրինակ, որ քաղբանտարկյալներով պիտի զբաղվի նախագահը՝ համաներում շնորհելով, հիմա էդ լիազորություններն էլ են տրվել վարչապետին, ու ես, ինչպես հասկացա, մեր նախագահը կարող է միայն գնալ Սփյուռք, սփյուռքահայերի հետ հանդիպման, բաժակ բարձրացնելու, ջերմ հանդիպումների։ Իսկ վարչապետ կլինի մեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ու ոչ մի փոփոխություն չի լինի։ Սա ծրագրված, մշակված սիստեմ էր, որ ոչ մի բան չի փոխվելու։ Ինչպես կար, էդպես էլ գնալու է։ Այսինքն՝ երկրի նախագահը մնում է էլի Սերժ Սարգսյանը։ Եվ վստահ եմ, որ ուրիշ թեկնածու չի էլ լինելու, չեն էլ առաջադրելու որևէ մեկին։ Ժողովուրդն էլ ոչ մի արտառոց փոփոխության չի սպասում։

-Այս օրերին ընդդիմությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ու տարբեր ակցիաներ է իրականացնում այդ առումով, որին, ի դեպ, շատ քիչ մարդիկ են մասնակցում կամ եղել են նույնիսկ տեղեր, որ չեն էլ մասնակցել։ Ու՞ր է կորել ժողովրդի հավատը։

-Մեր հայ ժողովուրդն ինքն իրենով արդեն ընդդիմադիր է, բայց նմանատիպ ակցիաների մասնակցելիս շատ ավելի պասիվ է։ Ինչի՞ց է դա գալիս։ Վերջին տարիներին մարդիկ հասկացան ուղղակի, որ փողոց դուրս գալով, միտինգ անելով ոչ մի բան չի փոխվում։ Էդ մարդկանց դեմը կոնկրետ առնում են։ Այն մարդիկ, ովքեր ակտիվիստ են, կամ դառնում են քաղբանտարկյալ, կամ գործից են զրկվում, կամ, էսպես ասած, ուտելիքից են զրկվում, նրանց դեմն, ուղղակի, փակվում է, էդ մարդիկ հույսները կորցրել են։ Քաղաքականության հանդեպ էլ են մարդիկ կորցրել իրենց հավատը։ Ու ես չեմ մեղադրում մարդկանց, որովհետև փորձեր եղան, մարդիկ ոտքի կանգնեցին, մարտի 1 եղավ, բայց մինչ օրս ոչ ոք չի պատժվել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրներ եղան, որոնք վերաբերում էին բանակի գերագույն հրամանատարությանը, ոչ ոք չպատժվեց, եթե ինչ-որ մեկը պաշտոնից հեռացվեց, էլի մեկ ամիս հետո նշանակվեց ավելի բարձր պաշտոնի։ Էլ ինչի՞ն հավատան մարդիկ։ Արդար դատարանին հավատա՞ն, դուրս գան փողոց միտինգ անե՞ն։ Էդ մեծ-մեծ խոսում են, թե ժողովրդավարական երկիր ենք, չկա էդպիսի բան։ Հա, մի քիչ խոսքի ազատությունն է ազատ, խոսում են։ Իշխանությունն էլ ասում է՝ թող խոսա էլի ժողովուրդը, թող գնա միտինգ անի, է հետո՞, ժողովուրդն էլ միտինգ է անում, բայց ի՞նչ է փոխվում, ոչ մի բան։

-Փաստորեն, անցումը խորհրդարանական կառավարման մոդելին՝ իրականում որևէ փոփոխություն չի ենթադրու՞մ։
-Ոչ մի փոփոխություն չի լինի։ Հանրապետականն էլի մնալու է մեծամասնություն խորհրդարանում, 5 հոգի էլի կայացնելու է որոշումներ, Հանրապետական կուսակցության բոլոր անդամները սեղմելու են այն կոճակը, որը որ պետք է, օրենքներն էլ ընդունվելու են այնպես, ինչպես ընդունվել են մինչ օրս։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու, հրահանգը վերևից լինելու է միշտ։ Մեկ հոգի է որոշելու։ Էն ժամանակ որոշում էր նախագահը, հիմա որոշելու է վարչապետը։ Էսօր գլոբալ խնդիր կա Հայաստանում՝ արտագաղթի խնդիրը, լավ ապրող վատ ապրող չկա, բոլորը գնում են, որովհետև ապագա չեն տեսնում Հայաստանում։ Իսկ Հայաստանում ապագա տեսնելու համար մի քանի կարևոր պայման կա՝ առաջին հերթին պատերազմի վտանգ կա: Մարդիկ վախենում են, որ իրենց երեխան պիտի գնա բանակ ու խնդրի առաջ կանգնի, խնդիրն էլ էն է, որ սահմանին կզոհվի։ Սա է առաջին պայմանը, որ մարդիկ արտագաղթում են։ Երկրորդը գործազրկությունն է։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն։
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝  http://newspress.am/

Դիտվել է 986 անգամ

online-tv.am

Լրահոս