loading...

«Ուղեվարձը պետք է լինի 300 դրամ». Տրանսպորտի դեֆիցի՞տ է սպասվում. Lragir.am

18:34 10.01.2018

Սեղմված բնական գազի և դիզվառելիքի թանկացման հետևանքով առաջիկայում հասարակական տրանսպրոտի դեֆիցիտի խնդիր կարող է առաջանալ: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ առանց այն էլ տրանսպորտային ընկերություններից որոշները դադարեցրել են աշխատանքը, 2013 թվականից սկսած Երևանում 15 ընկերություն է դադարեցրել աշխատանքը: Եվ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ուզած վայրը հասնելու համար երկու տրանսպորտ են փոխում՝ կրկնակի ծախս անելով:
Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ այս փուլում պետության կողմից հստակ ասված է սպսարկող ընկերություններին, որ ուղեվարձի թանկացում չի լինելու: Մնում է մեկ ճանապարհ՝ տրանսպորտային ընկերությունները կդարադեն գործել:
«Ընկերությունները կփակվեն, մենք էլ ոտքով կքայլենք: Ոլորտի ընկերություններն այս օրերին ոչ մի խնդիր չեն բարձրացնում այն պարզ պատճառով, որ 2008 թվականից մենք մեր բոլոր խնդիրները բազմիցս բարձրացրել ենք պատկան մարմինների առաջ, սակայն արդյունք չենք ստացել: Հիմա աշխատում ենք, մինչև ոչնչանանաք»,- ասաց նա:
Հրանտ Եղիազարյանը նշեց, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետևանքով դիզվառելիքը թանկացել է 15 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ միջին տեղատարողության ավտոբուսը 3000 դրամ ավելի գումար է ծախսում վառելիքի վրա: Բացի այդ, հունվարից փոխվել են տրանսպորտային միջոցների հարկատեսակները՝ հասարակական տրանսպորտի համար հաստատագրված վճարը դարձել է արտոնագրային վճար:
«Փոքր տեղատարողությամբ միկրոավտոբուսների հարկերը բարձրացել են 57 տոկոսով, իսկ ավոտբուսներինը՝ 17.5: Առանց այն էլ անշահութաբեր այս բիզնես կոչվածը դարձել է էլ ավելի անշահութաբեր: Մարդիկ ի՞նչ էին անում՝ մի ավտոբուս քանդում էին, դրա պահեստամասերը տեղափոխում էին մյուս մեքենաների վրա, յոլա էին գնում, հիմա դա ավելի ինտենսիվ կդառնա», ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ, ըստ տեղեկությունների, Հայաստանում գծատերերը հիմնականում օլիգարխներն ու պաշտոնյաները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք են, հնարավո՞ր է նրանք դիտավորյալ արհեստական դեֆիցիտ ստեղծեն, միության նախագահն ասաց, որ այդ տեղեկությունը ճիշտ չէ:
«Ես ուրախ կլինեի, որ մեր բոլոր երթուղիների հետևում կանգնած լինեին օլիգարխներ: Նրանք կկարողանային իրենց բիզնեսներից գումարները բերել ու ոլորտի խնդիրները լուծել: Ձեր ասած օլիգարխներն ու պաշտոնյաները վաղուց տրանսպորտային բզինեսից հրաժարվել են, որովհետև այդ դաշտում հետաքրրքություն չեն տեսնում, նրանք իրենց շահութաբեր բիզնեսներն են պահում»,- նշեց նա:
Մասնագետների այն գնահատականներին, թե տրանսպորտային ընկերություններն ունեն ներքին ռեսուրսներ, որպեսզի անգամ այս թանկացումների պայմաններում շահույթով աշխատեն, Հրանտ Եղիազարյանը պատասխանում է, որ այդ գնահատականներն իրականության հետ կապ չունեն: Ըստ նրա՝ ընկերություններն այսօր վնասով են աշխատում:
«Այս երթուղային ցանցի, այս գների պայմաններում մեկ ուղղությամբ ուղեվարձը պետք է լինի 300 դրամ: Քանի որ իշխանությունների քաղաքականությունն այն է, որ ուղեվարձը չպետք է բարձրանա, որովհետև մեր բնակչության վիճակը լավ չէ, պետք է այլ լուծում տրվի: Ամեն ինչ թանկանում է, բայց փոխադրումները պետք է մնան նույն գներով, դա անընդունելի է»,- ասաց նա:
Ներկայում Երևանի հասրակական տրանսպորտի խնդիրների լուծման համար նոր տրանպորտային ցանց է մշակված, որը պետք է գործարկվի 2018 թվականի վերջից: Ստեղծված է աշխատանքային խումբ, Հրանտ Եղիազարյանը նույնպես խմբի անդամ է, ասաց, որ անգլիացի մասնագետն այս փուլում լավ լուծումներ է առաջարկում Երևանի ուղևորափոխադրումների կարգավորման համար:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ http://www.lragir.am/

Դիտվել է 835 անգամ

online-tv.am

Լրահոս