loading...

Վիգենը շատ կապված էր փոքր եղբոր հետ. Սեւան քաղաքում տեղի ունեցավ զոհված զինվորի հոգեհանգիստը

17:11 18.06.2017

Գեղարքունիքի մարզի  Սեւան քաղաքում այսօր՝ հունիսի 18-ին տեղի ունեցավ հունիսի 16-ին   հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող, 1997թ-ին ծնված Վիգեն Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Վիգենը ծնունդով Սեւան քաղաքից էր:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ եւ պարզապես զինվորի մահը սգացող քաղաքացիներ: Հոգեհանգստի կարգն անցկացրեց Գեղարքունիքի թեմի առաջնորդը:

Վիգենի հորեղբայրը՝ Ռոբերտ Պետրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վիգենը ազնիվ, հայրենասեր, ընկերասեր անձնավորություն էր եւ երբեք չի խուսափել ծառայությունից: Նա ծառայել է  Մարտունու զորամասերից մեկում.

«Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, ընկերներով ծառի տակ սուրճ եփելիս են եղել։ Հրամանատարը մեզ ասեց, որ Վիգենը սուրճ էր եփում եւ իրեն էլ է առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Ու հենց դրանից մի քանի րոպե հետո է տեղի ունեցել դեպքը: Մեջքն ու գլուխն էր վնասվել: Վիգենը շատ կապված էր փոքր եղբոր հետ, առանց նրա չէր պատկերացնում իր կյանքը: Հուլիսի 20-ին պիտի տուն գար, բայց….շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա մինչեւ բանակ գնալը աշխատել է, օգնել ընտանիքին..»,-պատմեց հորեղբայրը:

NEWS.am-ի հետ զրույցում Վիգենի մասին խոսեց նաեւ նրա դպրոցի նախկին տնօրեն Մնացական Քեռյանը: «Վիգենը շատ հավասարակշռված, խելացի ու բարձր առաջադիմությամբ աշակերտ էր, Այսօր Սեւանը սգում է մեր Վիգենի մահը: Վիգենը նաեւ ապրիլյան պատերազմին է մասնակցել, չափազանց խելացի տղա էր»,-նշեց Քեռյանը:

Հավելենք նաեւ,որ Վիգեն Պետրոսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սեւանի պետական քոլեջ, նա տան երեք եղբայրներից միջնեկն էր, մեծ եղբայրը 22 տարեկան է, փոքրը 4: Հայրը աշխատում է գազի գրասենյակում, մայրը տնային տնտեսուհի է:
Մանրամասները այստեղ՝ https://news.am/arm/news/395991.html

Դիտվել է 7122 անգամ

online-tv.am

Լրահոս