loading...

Զոհված Վարդան Սարգսյանի հարցազրույցը մինչև ծառայության մեկնելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:16 18.06.2017

Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տեսախցիկի կարմիր լույսից հուզվում, լեզուն կպչում էր, խոսքը տեղ չէր հասնում, նեղվում էր, ձայնը նղավում էր, կոկորդը չորանում․
-Ոչինչ մի հատ էլ կրկնեմ․․․ սա կմոնտաժեք չէ՞ դուք ձևերով, խայտառակ չլինեմ․․․ վերջիվերջո ապագա երաժիշտ եմ, ամոթ կլինի․․․ նայեն, ասեն՝ խոսել չգիտի, սրանից ինչ արվեստի մարդ․․․
-Ոչինչ Վարդան ջան, նորից ասա ․․․ կուղղենք․․․ ու նորից էր շփոթվում, կարմրում էր․․․
-Արի սենց մի գաղտնիք քեզ ասեմ․․․ խոսելիս ինձ նայի, ինձ հետ շփվի, համարի տեսախցիկ չկա․․․ ինձ պատմի, ինձ ա հետաքրքիր․․․ ինչ գործիքներ են սրանք, ոնց նվագել սովորեցիր ․․․ պատմի, ինձ իրոք հետաքրքիր ա,- ու սկսեց․ 
- Սա պկու է, պկուն հնագույն հովվական գործիք է ․․․
Այդ օրը Լուսաձորում սաղ բողոքեցին կյանքի դժվարությունից, գազի թանկություից, հացի, առողջության 
պակասից, ցրտից, քաղաքականությունից, անարդարությունից, ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ սենց մի օր կգա ․․․ միայն Վարդանենց տանն էր ուրախություն․ հաջորդ օրը տղան բանակ էր գնալու․
Մրսած, սառած մեր նկարահանող խումբը մի անգամից քեֆի տուն մտավ․ Օպերատորին օղով տաքացրին, ինձ՝ թեյով ու տաք ապուրով։
-Բա ու՞ր ա օրվա հերոսը,- հարցրի․․․
Ու սենյակի խորքից հնչող դուդուկի ձայնից անակնկալի եկա․․․ Վարդանը ներկաներին շնորհքն էր ցույց տալիս․ բոլորն էին ոգևորված․․․
Նկարահանման ավարտին Վարդանի հետ արդեն ընկերացանք, խոստացավ՝ հետ գա, իր վրա շատ կաշխատի, լավ վարպետ կդառնա ու էն ժամանակ ավելի վստահ հարցազրույց կտա․ -Առաջինը՝ քեզ, Նարե ջան․․․ :)
․․․ ստիպեց թե մնացեք, երեկոյան ռեստորան ենք գնալու․ ապարանցիքի քեֆի եղած չեք լինի լավ ա անցնում։
-Չէ, Վարդան ջան, մերսի, պետք ա գնանք, նյութը եթերի պետք ա հասցնենք ․․․
-Քեզ բարի ծառայություն Վարդան ջան ․․․ Չմոռանաս, առաջին հարցազրույցը ինձ ես տալու․․․
առավոտից փորձում եմ ինձ ցրել, չհավատալ, չփաստել, չ․․․ բայց չի ստացվում․․․
դե հիմա կերեք իրար ու ստատուս գրեք, փող աշխատեք, մսխեք, աշխարհը հարամեք ու մեդիտացիա արեք, փաբում գարեջուր խմեք կամ ձորաղբյուրում՝ խորոված արեք, բիզնես պլան գծեք կամ նախագահ դարձեք, խաբեք իրար ու ստորացեք, ամերիկա-ռուսաստան-եվրոպա, Հայաստան-ադրբեջան խաղացրեք ու խաղաղություն քարոզեք, գլուխներդ պատին տվեք, պատն էլ գլխներովդ ․․․ կյանքն ու ճանակագիտը այ սենց բան են․․․
ՀԳ․ Քեզ լույսի ճամփա, լույսի Զինվոր Վարդան Սարգսյան:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?

 

Դիտվել է 4077 անգամ

online-tv.am

Լրահոս